Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխային ճեմարանից հեռացրել են հեռախոսի համար

Նոյեմբեր 20,2014 12:30

Ըստ ծնողի, նա այժմ անցանկալի անձ է իր հարազատ կրթօջախում

«Առավոտի» խմբագրությանն է դիմել ծնող Գոհար Գրիգորյանը, որի որդին՝ Նարեկը, մի քանի ամիս առաջ դեռ սովորում էր Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: Տիկին Գոհարի պատմելով, իրենք «դրսից» Հայաստան են վերադարձել մեկ նպատակով՝ որ որդին հայեցի կրթություն ստանա, ինչը իսկապես տրվել է ճեմարանում: Ծնողի ներկայացմամբ, երեխան լավ է սովորել, անցել անվճար համակարգ եւ կրթաթոշակ ստացել: Ներկայումս 12-րդ դասարանում սովորող Նարեկին տիկին Գոհարը, ինչպես ինքն է ասում, ստրուկ չի մեծացրել. «Ճեմարանն էլ մեզ շատ բան է տվել՝ եւ համարձակ լինելը, եւ թույլի կողքին գտնվելը, ինչ մտածում ես, առանց վախենալու բարձրաձայնելը»: Գոհար Գրիգորյանը հիշում է, որ գարնանը իրենց դպրոցը պայմանագիր էր կնքել բջջային օպերատորներից մեկի հետ, ըստ որի՝ բոլոր ծնողները պետք է այդ օպերատորի քարտերը գնեին երեխաների համար, ինչպես նաեւ «Ալկատել» հեռախոսներ, ինչը բավականին քննադատվեց մամուլում, բայց որպես պարտաճանաչ ծնող, որը երկար տարիներ ծնողխորհրդի կազմում է եղել, հետո էլ հոգաբարձուների խորհրդում, ենթարկվել է դպրոցի ներքին կարգուկանոնին:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ սեպտեմբերյան մի օր իր որդին «Ալկատելի» փոխարեն «Այֆոն» է տարել դպրոց, ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթաղչյանը այն պահանջել է իրեն տալ, իսկ Նարեկը հրաժարվել է: Ղալթաղչյանն էլ այդ մասին տեղյակ էր պահել ոչ միայն ծնողին, այլեւ ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին: «Ալիխանյանը երեք օրով Նարեկին հեռացրեց դասերին մասնակցելու հնարավորությունից: Ես միշտ էլ կողմ եմ եղել, որ եթե դպրոցում կա կարգուկանոն, պետք է ենթարկվել, այնպես չէ, որ ուզում եմ կուրորեն պաշտպանել տղայիս: Տարօրինակն այն է, որ Նարեկին հեռացելուց երեք օր առաջ նրան պատվոգիր են շնորհում՝ ճեմարանական սկզբունքներով առաջնորդվելու, ակտիվ հասարակական գործունեության ու լավագույն որակների համար, ու երեք օր անց նիստ հրավիրում, որպեսզի որոշեն՝ հեռացնո՞ւմ են, թե՞ ոչ լավագույն ճեմարանականին»:

Ծնողը պատմում է, որ ավագ դպրոցի տնօրենին ինքն ասել է, որ պատիժը գոնե համարժեք լինի սխալին: Նրան տարակուսանքի մեջ է գցել այն հանգամանքը, որ Նարեկի հարցը քննարկելու համար հրավիրված նիստին հիշել են երեխայի՝ մեկ տարի առաջ գործած բոլոր հին «մեղքերը», թե, օրինակ, ո՞ր օրն է դասից ուշացել հինգ րոպեով կամ մեկ այլ բան: «Եթե երեխան այդքան մեղքեր ուներ, ինչո՞ւ էին պատվոգիր տալիս… Իմիջիայլոց, նիստի բոլոր մասնակիցները շատ են սիրում Նարեկին, բոլորն ասացին, որ նա արժանի չէ հեռացման: Նարեկն էլ ասաց, որ սխալ է վարվել, որ չի տվել հեռախոսը տնօրենին, ներողություն խնդրեց դրա համար, ասաց՝ իր ճեմարանը շատ է սիրում, կաշխատի, որ այլեւս նման սխալ թույլ չտա: Խնդրեց, որ իրեն թույլ տան ավարտել ճեմարանը, որն այնքան շատ է սիրում»,-հիշում է Գոհար Գրիգորյանը: Հավելում է, որ հաջորդ օրը երեխային կանչում են դպրոց ու ձեռքը տալիս հեռացման մասին որոշումը. «Մտքիս ծայրով չէր անցնում, որ հեռացման որոշումը կտան երեխայի ձեռքը, չէ՞ որ պայմանագիրն ինձ հետ են կնքել, ոչ թե երեխայի:

Ալիխանյանը Նարեկին ասել էր, որ նիստի բոլոր անդամները քվեարկել են երեխայի օգտին, գտել, որ Նարեկը եւս մեկ անգամ պետք է տողանի ժամանակ ներողություն խնդրի, բայց ինքը, որպես տնօրեն, դա ստորացուցիչ է համարում եւ գտնում, որ ճիշտը դպրոցից հեռանալն է: Նարեկն ասում է, որ իր համար ստորացուցիչ չէ, իր սխալի համար ներողություն խնդրել, ինքը պատրաստ է դա անել տողանի ժամանակ: Ասում է՝ խնդրում եմ թույլ տաք՝ ավարտեմ իմ դպրոցը, ես շատ եմ սիրում իմ ճեմարանը: Երեխային չեն լսում, հրամանը տալիս են ձեռքն ու ուղարկում անհայտություն»: Գոհար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում ճեմարանի բոլոր այն մանկավարժներին ու հոգեբանին, որոնք իր երեխայի կողքին են եղել ու միշտ սատարել, բայց նաեւ չի կարողանում «կուլ տալ» ճեմարանի տնօրենի եւ ավագ դպրոցի տնօրենի՝ իր ձեւակերպմամբ՝ հակամանկավարժական պահվածքը, որ ցուցաբերվեց Նարեկի հանդեպ: Այժմ երեխան ուսումը շարունակում է այլ կրթական հաստատությունում ու շատ լավ էլ ընդունվել է մանկավարժների ու դասարանցիների կողմից, քանի որ եւ լավ գիտելիքներ ունի, եւ համապատասխան դաստիարակություն:

Գոհար Գրիգորյանի ներկայացմամբ՝ երեխայի գործերը վերցնելիս ճեմարանում առաջարկել են գրել, որ իր դիմումի համաձայն է տեղափոխում, բնականաբար՝ չի համաձայնել: Ճեմարանում էլ գրել են, որ կարգապահական խախտումների պատճառով է երեխան հեռացվում:

Այժմ տիկին Գոհարն այլ մտահոգություն ունի՝ Նարեկի մուտքն արգելված է հարազատ ճեմարան, նրան արգելում են շփվել իր դասընկերների հետ, ասել են, որ միայն ավարտական երեկոյին կարող է ներկա գտնվել:

Ի դեպ, Նարեկի հեռանալուց հետո ճեմարանականներն ի նշան բողոքի՝  ցանկացել են հանձնել իրենց «Այֆոն» հեռախոսները:

Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրենից էլ մեկնաբանություն խնդրեցինք: Պարոն Ալիխանյանը հեռախոսով հետեւյալը փոխանցեց. «Ճեմարանում գործում է վարքականոն: Ցանկացած ընտանիքի հետ, ում երեխան ընդունվում է ճեմարան, մենք պայմանագիր ենք կնքում, այնտեղ նշված են բոլոր կետերը, որոնցով պետք է երկկողմանի առաջնորդվենք: Եվ եթե որեւէ կողմ չի կատարում իր պարտավորությունները, ուրեմն մյուս կողմը կարող է միակողմանի պայմանագիրն ընդհատել: Տվյալ դեպքում, մենք խնդիր ենք ունեցել եւ ընդհատել ենք, ինքը (Նարեկը-Գ.Հ.) առաջինը չէ եւ վերջինը չէ, որոնց վերաբերյալ ինձ հարցեր են տալիս: Ես միշտ ծնողներին ասում եմ՝ հարգելի ծնող, դիմեք դատարան, որպեսզի իրավունք ստանամ երեխայի մասին որեւէ բնութագիր ներկայացնել, որովհետեւ ցանկացած բացասական կարծիք անչափահասի մասին ասելը հակամանկավարժական է, դրա համար էլ ոչ մեկի վերաբերյալ ոչ մի ինֆորմացիա չեմ տալիս…

Մեր վարքականոնում հստակ գրված է, թե ճեմարանում ինչ պատիժներ կան: Մարդը կարող է պարգեւատրվել, բայց նաեւ խախտում կատարել, եւ վարքականոնի համաձայն՝ նրա վերաբերյալ որոշում կկայացվի»: Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ է երեխայի մուտքը՝ ճեմարան, արգելված, պարոն Ալիխանյանը պատասխանեց. «Բոլոր ծնողները պայմանագիրը կնքելով՝ ընդունում են բոլոր նորմատիվային ակտերը: Այնտեղ գրված է, որ եթե միակողմանի պայմանագիրն ընդհատվում է, ուրեմն տվյալ երեխայի մուտքը ճեմարան եւ վերականգնվելը, խստիվ արգելվում է, դա կարող է լինել միայն ճեմարանի տնօրենի թույլտվությամբ: Այդ երեխան, որի մասին խոսեցիք, շատ հաճելի անձնավորություն է, բայց մենք ապագա Հայաստանի քաղաքացիներ ենք պատրաստում եւ ուզում ենք, որ իրենք կարգապահ լինեն»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Narek says:

    Քառակուսի գլուխներ են պատրաստում

  2. gohar says:

    Կաղապար եք պատրաստւմ,ապագա ստրւկներ

  3. gohar says:

    ԱՄՆ -ւմ լիներ, քանի մարդ կ՛հեռացվեր դպրօցից, առաջինը տնօրենը կ՛լիներ․

  4. gohar says:

    Դիմեք Անահիտ Բախշյանին,հաստատ նա ձեզ կ՛օգնի

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930