Նոյեմբերի 20-ին Երեւանում կայանալու է «Զանգվածային սպորտի զարգացումը Հայաստանում» թեմայով առաջին գիտաժողովը, իսկ հաջորդ օրը կանցկացվի «Սթրիթ վորքաութի» հանրապետության առաջնությունը, որի հաղթողը դեկտեմբերի 1-ին կմեկնի Ղազախստան՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը:
Այս միջոցառումների նախօրեին «Ուրբաթ» մամուլի ակումբում «Սթրիթ վորքաութ ընդ Սթրիթլիֆտին» ՀԿ համանախագահողներ Ղազար Հակոբյանն ու Արթուր Հարությունյանը հանդիպեցին լրագրողների հետ:
«Բառացի թարգմանած՝ «Սթրիթ վորքաութ» նշանակում է բակային, փողոցային մարզումներ: Այսինքն, մարզումների այն բոլոր տեսակները, որ կարելի է անցկացնել փողոցում կամ բակում: Այն քարոզում է առողջ ապրելակերպ ազգաբնակչության շրջանում՝ անկախ տարիքից, սեռից ու պատրաստվածության աստիճանից: Դրա համար սիրողական, կամ սկսնակների մակարդակում հատուկ մարզագույքի եւ բազայի անհրաժեշտություն չկա: Բավական է պտտաձողը եւ մարդու ցանկությունը: «Սթրիթ վորքութը» դեռեւս աշխարհի ոչ բոլոր երկրներում է մարզաձեւ ճանաչված ու մեր նպատակը նախ այն մասսաներին հասանելի ու հասկանալի դարձնելով առողջ ապրելակերպը քարոզելն է, ապա, ինչու չէ, մեզանում նույնպես այն մարզաձեւ ճանաչել տալը», – ասում են բանախոսները եւ հավելում, որ գիտաժողովը Հայաստանում կազմակերպելով ցանկանում են ուսումնասիրել միջազգային փորձը, այն համադրել տեղում կատարվող աշխատանքների հետ ու համագործակցելով՝ գտնել «Սթրիթ վորքաութը» Հայաստանում ավելի արդյունավետ տարածելու ուղիները:
Բանախոսները հանդիպել են սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին: Նրանք ուրախությամբ նշեցին, որ նախարարը սիրով պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել իրենց նախաձեռնություններին:
Կարդացեք նաև
Հայաստանի առաջնության համար ընտրական փուլ է կազմակերպվել հանրապետության 18 քաղաքներում: Ընտրվել են տասը լավագույնները, որոնք էլ վիճարկելու են Ղազախստան մեկնելու իրավունքը, որտեղ հանդես են գալու աշխարհի 75 երկրների ներկայացուցիչներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ