Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը խորհրդակցական սենյակից դուրս եկավ աշխատանքային ժամն ավարտվելուց հինգ րոպե առաջ: Նա մերժեց Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով պաշտպաններ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Սամվել Ջաղինյանի միջնորդությունը դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին:
Պաշտպանական կողմը կասկածի տակ էր դրել ընթերակաների, մասնավորապես, Գրիշա Գասպարյանի, եւ գործով չհայտնաբերված մյուս ընթերակայի ստորագրությունները, որոնք դրվել են դեպքի վայրի զննության արձանագրության տակ: Ավելին, Գ.Գասպարյանի ստորագրությունը տարբերվում էր նաեւ դատարանում առկա ստորագրությունից:
Կարդացեք նաև
Փորձաքննության հարցերից մեկն այն է, թե արդյոք մեկ անձի կողմից են արվել այդ ստորագրությունները, արդյոք դատարանում վերցված նմուշը կհամապատասխանի նախաքննության ժամանակ արված ստորագրությունից:
Ի դեպ, պաշտպանական կողմը նաեւ հայտնեց, որ Վազգեն Կարապետյանի անուն-ազգանվան դիմաց գրված է «Հակոբ», իսկ նրա ստորագրությունը սխեմայի նկարի տակի եւ զննության արձանագրության տակ արվածից տարբերվում էր նույնիսկ անզեն աչքով:
Դատախազ Արթուր Սարգսյանը «աբսուրդ» համարեց պահանջը, եւ հեգնանքով ասաց. «Եթե քննիչն այնպես է ստորագրել, որ կան ընդհանրություններ, ուրեմն սա նախապես պլանավորված վթար էր»:
Դատավորը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը միայն, իսկ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ օրենքով նախատեսված է, որ դատավորը այն պետք է հրապարակի ամբողջությամբ: Դատավորը պատճառաբանեց, թե դա պայմանավորված էր աշխատանքային ժամի ավարտով, եւ քննարկումը հետաձգեց հաջորդ նիստին:
Պաշտպանական կողմը մտադիր է հանդես գալ նոր միջնորդություններով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
նորմալա, որ մերժեց: Որոշները ոնց որ թե շուտ են մոռացել, թե ինչպես էս նույն դատավորը մերժեց նաև տուժողի ներկայացուցչի միջնորդությունները՝ Վարդանին, Եղվարդում ստուգած բուժքրոջը դատարան կանչելու, հարցաքննելու, ինչպես նաև սթափության ստուգման արձանագորության մի քանի օրինակների տակ դրված ստորագրություններով ձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին արված միջնորդությունը. Ու կարևորը, թե ոնց վարդանամոլները՝ դահլիճում նստած, ուրախության ճիչերով ու ծափահարություններով դիմավորեցին ՝տ որոծումը; հիմա բա էլ խի եք նեղվել,,, նորմալա