Նախիջևանում ոստիկանությունը սիրահարների նկատմամբ որս է սկսել: Տեղի ուսանողները պատմում են, որ իրավապահները սկսել են հետապնդել ոչ միայն այն զույգերին, որոնք ձեռքերը բռնած են քայլում, այլև նրանց, որոնք պարզապես կողք կողքի են գնում, գրում է «Հաքքին.ազ»-ը:
Երիտասարդներն ասում են, որ սկզբում իրենց անպատվում են փողոցի հենց մեջտեղում, այնուհետև տանում ոստիկանության բաժին ու ամուսնության, նշանված կամ հարաբերությունների մեջ լինելու հաստատող փաստաթղթեր պահանջում: Պարզ է, որ նշանադրության կամ սիրային հարաբերությունների մեջ գտնվելու փաստաթղթեր չեն կարող լինել, սակայն այդ թղթերը չներկայացնելու դեպքում նրանց սպառնում է կամ խոշոր չափի տուգանք կամ մի քանի օրվա ազատազրկում:
Ուսանող Բադալ Օմարովը, որի անունը փոխված է, ասում է, որ այդ նորարությունները կապված են ոստիկանության պետի փոխարինման հետ. «Մենք չենք կարողանում մեր կուրսի աղջիկներից դասագիրք վերցնել, մենք վախենում ենք նույնիսկ գիրք վերցնելու նպատակով հանդիպել նրանց հետ փողոցում: Միանգամից ձեզ սարքում են «սիրահարներ» կամ «անբարոյականներ»:
Իսկ եթե տուգանքը չես վճարում, կանչում են աղջկա ծնողներին ու ասում, որ իրենց աղջկան բերման են ենթարկել անբարո վարքի համար: Հայրը ստիպված է վճարել՝ խայտառակությունից խուսափելու համար», – պատմում է նա՝ նշելով, որ տուգանքը 1000-1500 մանաթ է (մոտ 530 000- 800 000 դրամ), իսկ ոստիկաններն էլ հսկողությունն իրականացնում են քաղաքացիական հագուստով:
Կարդացեք նաև
Նախիջևանի մեկ այլ բնակիչ, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, պատմում է, որ իր ազգականներից մեկը, որպես բողոք կտրել է երակները, երբ նրան ու իր նշանածին տարել են բաժին: Նա ասում է, որ նրանք իրենց նշանադրության մատանիներն են ցույց տվել, բայց դա էլ չի համոզել ադրբեջանցի ոստիկաններին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ