Այսօր Վարչական դատարանում ավարտվեց Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցով դատաքննությունը: Ակտիվիստը սպասում է վճռի հրապարակմանը:
Հիշեցնենք, որ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանությունը պահանջում է ակտիվիստին վարչական պատասխանատվության ենթարկել:
Վարչական տույժի պահանջը վերաբերում է անցած տարեվերջին հանրապետության հրապարակում տոնածառի բացման առիթով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ելույթի ժամանակ Գեւորգ Սաֆարյանի բողոքի ակցիային: Երբ ակտիվիստը հենց քաղաքապետի ելույթի ժամանակ սկսեց բարձրախոսով հայտարարել, թե Տարոն Մարգարյանը քաղաքացիների աչքերին թոզ է փչում, իսկ Երեւանում շատ խնդիրներ կան, մասնավորապես «Ծածկած շուկան» քանդելը, ինչը, ըստ Գեւորգ Սաֆարյանի հայտարարության, հենց քաղաքապետի թույլատրությամբ է արվել: «Ես էլ ասում էի տոնածառ դնելով, լույսեր վառելով քաղաքի խնդիրները չեն լուծվում»,- մեզ հետ զրույցում պատմեց Գեւորգ Սաֆարյանը:
Ակտիվիստի խոսքով, ամբողջ դատաքննության ընթացքում ոստիկանությանը չհաջողվեց ապացուցել, որ օրինական պահանջ են ներկայացրել. «Երկու վկա բերեցին, նրանցից որեւէ մեկը հստակ չասաց, որ պահանջ են ներկայացրել, ոստիկաններից մեկը ասաց, որ ընկերական ինձ ասել է՝ մի արա էլի, պետք չէ խոսել բարձրախոսով: Իսկ ոստիկանությունը դա համարում է օրինական պահանջ»:
Կարդացեք նաև
Այսօր դատական նիստին Գեւորգ Սաֆարյանն իր վերջին խոսքն է ասել՝ պնդելով, որ իրեն օրինական պահանջ չի ներկայացվել, իսկ եթե ներկայացվեր էլ դա օրինական չէր կարող լինել, քանի որ ինքն իրացրել է ազատ արտահայտվելու ու ազատ հավաքներին մասնակցելու իր սահմանադրական իրավունքը եւ որեւիցե օրենք չի խախտել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ