Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում է Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դատական հերթական նիստը, 7 էջից բաղկացած իր առարկությունները ներկայացրեց տուժողներ Արթուր, Հայկ, Տաթեւիկ, Էմմա Հակոբյանի իրավահաջորդներ Նաիրա Հայրապետյանի եւ Աննա Կարապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Ռուբեն Բալոյանն ասաց, որ պաշտպանական կողմը բազմիցս ներկայացրել է միջնորդություններ անցյալ տարվա հոկտեմբերի 20-ի դեպքի վայրի զննության արձանագրության որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիության մասին: Ըստ նրա, ապացույցի օգտագործման թույլատրելիության հարցը լուծելու համար անհրաժեշտ է պատասխանել 3 հարցի՝ ապացույց ձեռք բերելիս առկա է արդյոք քրեադատավարական օրենսգրքի նորմերի խախտում, ինչպիսի ազդեցություն է ունեցել նշված խախտումը ձեռք բերված նյութի որակի եւ հավաստիության վրա, արդյոք ապացույցի օգտագործման անթույլատրելիության հաստատումը չի կրում ձեւական բնույթ եւ չի հանգեցնում ապացույցի անտեղի կորստի:
Ըստ Ռուբեն Բալոյանի, տուժող կողմը կոչ արեց օրենքի խախտման վերաբերյալ պաշտոնական կողմի հայտարարությունները առարկայացնել, այլ ոչ թե ձեւականորեն ստեղծել օրինականության խախտման պատրանք: «Նախ նշենք, որ դատաքննությամբ հարցաքննված վկաների, դեպքի վայրի զննությանը մասնակցած ընթերակա Գ. Գասպարյանի, մասնագետ Թ. Եգորյանի, վկաներ Ն. Խուդավերդյանի, Վ. Վարդանյանի ցուցմունքներով հաստատվեց, որ դեպքի վայրի զննությանը մասնակցել է 2 ընթերակա, ընթերակաները հրավիրվել են քննիչի կողմից, դեպքի վայրում հավաքված անձանցից՝ պատահականության սկզբունքով, վերջիններս մասնակցել են քննչական գործողության ողջ ընթացքին եւ արձանագրության մեջ դրված ստորագրություններով հաստատել զննության ընթացքն ու արդյունքները»,- ասաց նա:
Այսինքն, ըստ Ռ. Բալոյանի, հարցաքննված անձանց ցուցմունքներով հաստատվում է, որ քննիչը պահպանել էր քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, զննությանը մասնակից դարձրել երկու ընթերակաների՝ պատահական քաղաքացիներից:
Կարդացեք նաև
«Որեւէ կերպ չհիմնավորվեց, որ երկրորդ ընթերական գտնվել է անձնական կամ ծառայողական կախվածության մեջ վարույթն իրականացնող մարմնից կամ այդ անձը կարող էր լինել կողմերից մեկի մերձավոր ազգականը»,- իր առարկություններում շարունակեց Ռ. Բալոյանը:
Անդրադառնալով ոստիկանության աշխատակից Թ. Եգորյանի զննությանը որպես մասնագետ ներգրավված լինելու փաստին, մասնավորապես՝ «հատուկ մասնագիտական գիտելիքների» տիրապետելուն, Ռ. Բալոյանն ասաց, որ դատաքննության ընթացքում Թ. Եգորյանը ցուցմունք է տվել, որ դեպքի վայրի զննության ժամանակ աջակցել է քննիչին, հետքերը պահպանելու, լուսանկարելու, համապատասխան չափումներ կատարելու հարցում:
«Նախ պարզենք, թե անձը, որ բնագավառի հատուկ գիտելիքների պետք է տիրապետի, որպեսզի կարողանա աջակցել վարույթն իրականացնող մարմնին՝ վերը թվարկած գործողությունները կատարելիս»,- ասաց Ռ. Բալոյանը: Ըստ նրա, նման գործողություններ կատարելու համար անհրաժեշտ է, որպեսզի անձն ունենա իրավաբանական կրթություն՝ քրեագետի որակավորմամբ, ինչն առկա է եղել, քանի որ Եգորյանը ՀՀ ոստիկանության ակադեմիայի շրջանավարտ է:
Դատաքննության ընթացքում Թ. Եգորյանը դատարանին ներկայացրեց անձը հաստատող փաստաթուղթ, որը, ըստ տուժողների ներկայացուցիչների, պարունակել է բավարար տեղեկություններ, որ նա օժտված է ճանապարհային պատահարների վայրի զննությանն աջակցելու գիտելիքներով:
Ինչ վերաբերում է Թ. Եգորյանի կողմից մի շարք հետքերի հայտնաբերմանը, որոնք չեն արձանագրվել քննիչի կողմից պաշտպանական կողմի դիտարկմանը, Բալոյանն ասաց. «Դա ընդամենը պաշտպանական կողմի սուբյեկտիվ մեկնաբանությունն է, քանի որ Թ. Եգորյանը դատարանում նշեց, որ վթարին վերաբերելի բոլոր հետքերը արձանագրվել են:
Անդրադառնալով ԲՄՎ ավտոմեքենայի անվադողերի մոտ տանող հետքերին, Թ. Եգորյանը նշեց, որ դրանք ԲՄՎ ավտոմեքենայի հետ որեւէ կապ ունենալ չեն կարող, քանի որ այդ հետքերը շարունակվում էին նաեւ ԲՄՎ ավտոմեքենայի առջեւի մասից»: Ռ. Բալոյանը նաեւ հայտնեց, որ դեպքի վայրի զննությունը տեւել է 1 ժամ 9 րոպե, մինչդեռ Շամշյանի տեսանյութի տեւողությունը ընդամենը 7 րոպե 38 վայրկյան է, ուստի «Շամշյանի տեսանյութի հիման վրա մի շարք ծավալուն հետեւությունների հանգելը աբսուրդ է»:
«Աքիլես» հասարակական կազմակերպությունը գրություն էր տվել, որի հետ կապված տուժող կողմը պնդեց, որ ընդամենը 1-2 լուսանկարների հիման վրա «Աքիլեսի» կողմից հետեւություն անելը շատ հեռու է մասնագիտական կարծիք կոչվելուց. «Դա սուբյեկտիվ դիրքորոշում է, որով սույն գործով որեւէ հանգամանք հաստատել կամ հերքել հնարավոր չէ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ