Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանին Եվրախորհրդի դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիան վկայակոչելով՝ Ռամիլ Սաֆարովին ազատելու համար, ասված է ԵԽԽՎ տարածած հաղորդագրության մեջ:
Վեհաժողովում Մեծ Բրիտանիան ներկայացնող Քրիստոֆեր Չոփի զեկույցի հիման վրա մշտական հանձնաժողովը, որտեղ ներգրավված են ԵԽԽՎ առաջատար 60 երկրներ և գործում են նրանց անունից, բանաձև է ընդունել, որտեղ ասվում է, որ դատապարտյալների փոխանցման մասին Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածը Ռամիլ Սաֆարովի դեպքում կիրառելը «միջազգային հարաբերություններում բարի կամքի սկզբունքի և օրենքի գերակայության խախտում է» և «այն նախատեսված չէ իրենց հայրենիք վերադարձած դատապարտյալների վրա անհապաղ կիրառելու համար»:
Ռամիլ Սաֆարովը 2007թ. Բուդապեշտում ցմահ ազատազրկման էր դատապարտվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ սպանելու համար: Իր պատիժը Հունգարիայում ութ տարի կրելուց հետո նրան արտահանձնել էին Ադրբեջան՝ վերը նշված կոնվենցիայի հիման վրա, որտեղ նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում էր շնորհել, բարձրացրել զինվորական կոչումը և պարգևատրել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ