Aravot.am-ը տեղեկացրել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) քոլեջի ավարտական կուրս տեղափոխվող երկու ջավախքցի ուսանողների մասին, որոնք բացակայելով Հայաստանից՝ գարնանային քննաշրջանում, բացառությամբ մեկ առարկայի, դրական գնահատականներ էին ստացել:
Միայն «էլեկտրական սարքավորումների տեղակայում եւ սպասարկում» առարկայի դասախոս Արմեն Կիրակոսյանը չէր գնահատել նրանց, սակայն այնպես էր ստացվել, որ պատմությունը հենց դասախոսի դեմ էր շրջվել:
Կարդացեք նաև
Նշել էինք նաեւ, որ Պոլիտեխնիկի արդեն նախկին պրոռեկտոր, այժմ ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանի նախագահությամբ ստեղծված հանձնաժողովը չէր կարողացել պարզել հարցի իսկությունը եւ այժմ խնդրով զբաղվում է քննչական կոմիտեն:
Ավելի վաղ մեկնաբանություն անելուց հրաժարված Աշոտ Խաչատրյանը, նոյեմբերի 18-ին զանգահարելով Aravot.am-ին՝ հեռախոսով հայտնեց. «Դեռ Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի հետ կռիվների ժամանակ էլ հասկանում էի, որ իմ կարիերան եւ անունն եմ վտանգելու, բայց դա արեցի հօգուտ ուսանողների, նաեւ այն բանի համար, որ դասախոսների աշխատավարձերը չկրճատվեն: Կարողացել եմ դրան հասնել, երկրի նախագահն էլ միջամտել է ու պարզել, որ Արա Ավետիսյանի պաշտոնավարման ընթացքում թալան է եղել: Բայց այս անգամ դրա մասին չեմ ուզում խոսել, այլ Պոլիտեխնիկի քոլեջին եմ ուզում անդրադառնալ: 4 հոգուց բաղկացած հանձնաժողովը 5 օր աշխատել է, ջավախքցի ուսանողների հետ առնչված բոլոր դասախոսների հետ զրուցել ենք, այդ ուսանողներին տեսել ենք: Եվ եթե Կիրակոսյան Արմենն ասում է, որ այդ ուսանողներին ինքը չի տեսել, ես դա պայմանավորում եմ նրանով, որ հնարավոր է իր դասերին չեն գնացել: Ես չեմ պնդում, որ ինքը սուտ է ասել: Իսկ ինչ վերաբերում է քրեական գործին, երբ, այսպես ասած, ուսանողների պատմությունը բացվեց, աշխատակազմի ղեկավարն անմիջապես փորձեց հանցակազմ պարունակող գործողություն տեսնել, ինչը չկա»:
Աշոտ Խաչատրյանն ասում է, որ իր հարաբերությունները ղեկավարության հետ վատացել են, որովհետեւ փորձել է պաշտպանել քոլեջի երկարամյա աշխատողներին, որոնց հետ կոպիտ են վարվել: «Ես լինելով պրոռեկտոր, թույլ չեմ տվել այդ ոճի մեջ խոսեն մարդկանց հետ: Ես ինձ չեմ պաշտպանում, ես քոլեջի ժողովրդին եմ պաշտպանել, ընդ որում՝ ինքս ինձ դժվար եմ պաշտպանում, ուրիշներին՝ հեշտ»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա նաեւ հավելեց. «Իմիջիայլոց, ուսանողների պատմությունը վերաբերում է 2013-2014թթ. երկրորդ կիսամյակին , այսինքն՝ մայիս-հունիս ամիսներին, մինչդեռ ես սեպտեմբերից եմ պրոռեկտոր եղել»:
Հիշեցնենք, որ Աշոտ Խաչատրյանը քեռին է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանի, որի տանը խուզարկություն էր կատարվել հայտնի վիրտուալ սկանդալի հետ կապված գործի շրջանակներում: Պարոն Խաչատրյանը հայտնի է բուհի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի դեմ քննադատական հրապարակումներով ու բողոքի ակցիաներով եւ ըստ բուհում շրջանառվող վարկածի՝ վերջին ժամանակաշրջանում ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի պաշտոնանկության մասին լուրերի ակտիվ տարածողներից մեկն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«,,, թույլ չեմ տվել այդ ոճի մեջ խոսեն մարդկանց հետ ,,,»
«թոյլ չեմ տուել այդ ոճՈՎ խօսեԼ մարդկանց հետ»