«Օրենքի անունը պետք է լիներ ոչ թե Անձնական տվյալների պաշտպանության, այլ անձնական տվյալները երրորդ անձանց, այլ երկրներին փոխանցելու մասին,- իր ելույթը հեգնական դիտարկումով սկսեց ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն`անդրադառնալով խորհրդարանում քննարկվող «Անձնական տվյալների պաշտպանության մասին» կառավարության ներկայացրած նախագծին:
Հիշեցնենք, սույն oրենքը կարգավորում է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները: Պետական եւ ծառայողական, բանկային, նոտարական, փաստաբանական ապահովագրական գաղտնիք համարվող, ազգային անվտանգությանը կամ պաշտպանությանը առնչվող գործողությունների ժամանակ օգտագործվող, ինչպես նաեւ փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի, օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում եւ դատավարություններում օգտագործվող անձնական տվյալների հետ կապված առանձնահատկությունները կարգավորվում են այլ օրենքներով:
«Վստահ եմ, որ այն ֆինանսական աջակցությունը, որը դրված է այս օրենքի տակ, հենց դրա համար է, այլապես մեր քաղաքացիների անձնական տվյալները ավելի պաշտպանված լինելու համար ոչ ոք մեզ չէր վճարի»,-շարունակեց Գագիկ Ջհանգիրյանը:
Նախկին զինդատախազին մխիթարում է, որ 10 ոլորտ հանված է այս օրենքից, բայց նա վստահ է` դա հարցը չի լուծում, քանզի կան սոցիոլոգիական մեթոդոլոգիաներ, որոնց միջոցով կարելի է տալ շատ անուղղակի հարցեր ու ստանալ ուղղակի պատասխաններ: «Օրենսդիրը շատ լավ հասկանում է, վտանգները, դրա համար էլ ստեղծում է գործակալություն, որը սահմանափակումներ պիտի ապահովի»,- ասաց նա` կասկածելով, որ գործակալության 10-15 աշխատողները կարող են այս ահռելի գործը կատարել:Նա գտնում է, որ այս նախագիծը պետք է նաեւ ԱԱԾ պատասխանատուները ուսումնասիրեն ու կարծիք հայտնեն: Նկատեց, որ խոսում ենք ԵՏՄ անդամակցությամբ ինքնիշխանության կորստի մասին, բայց նման բաներով դյուրին ենք դարձնում վերահսկողության գործընթացները:
Կարդացեք նաև
Նախագծի բացառապես դրական կողմերի մասին խոսեց միայն ՀՀԿ-ական պատգամավոր, հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը: Նա գտնում է, որ դաշտն իրավական կարգավորման խնդիր ունի: «Հասկանում եմ մտավախությունը, բայց չեմ կարծում թե գումարը տրվել է մեր տվյալներն իրենց փոխանցելու համար: Իրականում նման օրենքներ եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունն ունի: Հարցադրումները, որոնք օրենք առաջացնում է, մտահոգիչ են, բայց լավ է նստել ու սկսել կարգավորել, քան դաշտը ընդհանրապես բաց թողնել»,- ասաց պատգամավորը`օրինակներ բերելով միջազգային փորձից:
ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ գտնում է, որ այս օրենքը աղավաղում է Սահմանադրությամբ ֆիքսված մարդկանց իրավունքների պաշտպանությունը, մինչդեռ պիտի միտված լիներ դրանց ապահովմանը: «Գաղափարը լավն է, բայց չշտապենք, քննարկենք ամբողջությամբ»,- առաջարկեց նա:
Իր ելույթում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ առաջ անցնելով ասաց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու այս նախագծին:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն էլ իր ամփոփիչ ելույթում նկատեց, որ շատ մտահոգություններ, որոնք իրենց հարցերում բարձրացրեցին պատգամավորները, նախագծում շատ սպառիչ դրույթներով ամրագրված են. Այդ թվում նաեւ Գագիկ Ջհանգիրյանի արտահայտած մտահոգությունների մասով: «Սա շատ ավելի ծանր, քան ազատ օրենք է»,- ասաց կառավարության ներկայացուցիչը`հավելելով, որ այս օրենքը որեւէ մեկը չի ֆինանսավորել. «Ես անձամբ չարչարվել եմ, չեմ քնել…»: Նա վստահ է, որ անձնական տվյալների պաշտպանության գործում այս օրենքը մեծ քայլ է ենթադրում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ