Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության Բացարձակ տնտեսական գոտում ծավալված գործունեությունը

Նոյեմբեր 19,2014 16:20

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Կիպրոսի՝ Հայաստանի
նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերած բարեկամական վերաբերմունքը մեծապես
պայմանավորված է երկու ժողովուրդների հինավուրց պատմության ընդհանություններով
եւ ճակատագրով: ԱԺ նախագահի խոսքով՝ հարուստ պատմական ժառանգությունը, հոգեւոր արժեքները եւ երկու ժողովուրդների միջեւ հաստատված փոխըմբռնումն ու
վստահությունը միջպետական փոխհարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման գրավականն են:

Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցությունը
նաեւ Եվրոպական միության հետ հարաբերությունների ձեւաչափում՝ նշելով, որ
Հայաստանը հաստատակամ է ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու
հարցում:

photo (6)

Անդրադառնալով տարբեր միջազգային կազմակերպություններում երկու երկրների
խորհրդարանների սերտ համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը՝ ՀՀ ԱԺ
նախագահը իր երախտագիտությունն է հայտնել Եվրախորհրդարանում ներկայացված
կիպրոսցի պատգամավորների դիրքորոշումների, մասնավորապես տիկին Էլենի
Թեոխարուսի հայանպաստ գործունեության համար: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ
Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց երկու երկրների առջեւ
ծառացած մարտահրավերների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում՝ կարեւորելով այդ խնդիրների լուծումը բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: Գալուստ Սահակյանն անդրադարձել է 2014 թվականի նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի կործանմանը՝ կոչ անելով միջազգային հանրությանը դատապարտել
խաղաղ կարգավորման գործընթացի ձախողմանն ուղղված Ադրբեջանի փորձերը:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը խստորեն դատապարտում է Թուրքիայի
կողմից Կիպրոսի Հանրապետության Բացարձակ տնտեսական գոտում ծավալված
գործունեությունը՝ գնահատելով դա որպես միջազգային իրավունքի նորմերի նենգ
ոտնահարում:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում Երեւանում
անցկացվելիք  միջոցառումների մասին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը
գոհունակությամբ փաստել է, որ Կիպրոսի խորհրդարանն աշխարհում առաջիններից մեկն
է ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա Յանակիս Օմիրուին եւ Կիպրոսի
բարձրաստիճան պաշտոնյաներին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականի
ապրիլին կայանալիք միջոցառումներին:

ՀՀ ԱԺ նախագահը խոսել է նաեւ Կիպրոսի հայ համայնքի մասին՝ բարձր գնահատելով
կիպրոսցիների ջերմ վերաբերմունքը  Մեծ եղեռնից մազապուրծ հայերի եւ նրանց
սերունդների նկատմամբ:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն,
շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձել է երկու
երկրների դարավոր բարեկամությանը եւ աստիճանաբար սերտացող
հարաբերություններին: Յանակիս Օմիրուն ներկայացրել է Կիպրոսում տիրող
իրավիճակը՝ որակելով Թուրքիայի ներխուժումը Բացարձակ տնտեսական գոտի՝ որպես
միջազգային իրավունքի կանոնների խախտում: Ըստ պարոն Օմիրուի՝ Թուրքիան
ապակայունացնում է իրավիճակը ողջ տարածաշրջանում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Յանակիս Օմիրուն նշել է,
որ Կիպրոսը սատարում է Հայաստանին եւ հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի ԵԱՀԿ
Մինսկի խմբի շրջանակում: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը նշել է,
որ պատրաստակամ է մշտապես աջակցելու Հայաստանին ԵՄ հետ համագործակցության
սերտացման գործում:

Հանդիպման ավարտին Յանակիս Օմիրուն գրառում է կատարել Ազգային ժողովի
պատվավոր հյուրերի գրքում:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930