Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհերն ու գործատուները պետք է իրար հետ համագործակցեն՝ երիտասարդների արտագաղթը կանխելու համար

Նոյեմբեր 19,2014 15:48

Երեւանի պետական համալսարանում այսօր ամբողջ օրը տեղի կունենա «Բուհից աշխատաշուկա՝ 1 քայլ» խորագրով միջբուհական աշխատանքի տոնավաճառը, որի ընթացքում 100-ից ավելի տնտեսության տարբեր ոլորտի ընկերություններ ուսանողներին կներկայացնեն եւ կծանոթացնեն իրենց կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերի, պրակտիկաների վերաբերյալ տեղեկատվությանը:

Տոնավաճառի կազմակերպիչ բուհի՝ Երեւանի Պետական Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ տոնավաճառը կազմակերպվում է այն նպատակով, որպեսզի երիտասարդները կողմնորոշվեն իրենց ընտրության մեջ. «Այսուհետ բուհը ուսանողների աշխատանքի խնդիրը իր ուշադրության կենտրոնում է պահելու եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր շրջանավարտները կարողանան աշխատաշուկայում արագ աշխատանք գտնել»:

SAM_3080 SAM_3072 SAM_3082

Հարցին, թե կարո՞ղ են նման միջոցառումները նպաստել արտագաղթի նվազմանը, պրն Սիմոնյանը պատասխանեց, որ տոնավաճառի գլխավոր նպատակն այն է, որպեսզի երիտասարդները բուհն ավարտելուց հետո չլքեն երկիրը, չարտագաղթեն եւ աշխատանքի տեղավորվելու եւ իրենց կարիերան ստեղծելու հնարավորություն ունենան. «Անհրաժեշտ է, որպեսզի բուհերի եւ գործարար աշխարհի միջեւ սերտ կապ ստեղծվի: Սակայն մինչեւ այսօր էլ երկուստեք դժգոհություններ կան: Գործատուները դժգոհում են, որ բուհերը իրենց պահանջները չեն կարողանում հարմարեցնել գործատուների պահանջներին, բուհերն էլ իրենց հերթին դժգոհում են, որ գործարար աշխարհը քիչ է ուշադրություն դարձնում կրթական ծրագրերի ստեղծման եւ իրականացման գործընթացին»:

Պրն Սիմոնյանի խոսքով՝ երկուստեք համագործակցությունը ոչ միայն երկրի տնտեսության համար է նպաստավոր, այլեւ այնպիսի իրավիճակների շտկման համար, ինչպիսին արտագաղթն է:

Տոնավաճառի բացման արարողությունից հետո ԵՊՀ-ում նաեւ տեղի ունեցավ «ՀՀ կրթական համակարգ եւ աշխատաշուկա. Առկա խնդիրներն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր» խորագրով կլոր սեղան քննարկումը, որի ընթացքում կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը անդրադարձավ աշխատաշուկայում երիտասարդների խնդիրներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում: Նրա խոսքով՝ 1980-1990-ական թվականներից հետո համալսարանն ավարտած ավելի շատ մասնագետներ կան, քան պահանջարկն է. «Եվրոպական շատ երկրներում, ինչպես նաեւ Հայաստանում այսօր կրթության բակալավրական աստիճանը բավարար չէ աշխատելու համար, քանի որ գործատուները ցանկանում են ավելի փորձառու եւ ավելի բարձր աստիճան եւ որակավորում ունեցող աշխատողներ ունենալ: Գործատուները, ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում ցանկանում են աշխատանքային փորձ ունեցող մասնագետների վերցնել աշխատանքի: Ահա այս խնդիրների առաջ են կանգնում նոր ավարտած ուսանողները: Իսկ նման միջոցառումները հնարավորություն կտան ուսանողներին աշխատանքային փորձ ձեռք բերել՝ մինչ համալսարանն ավարտելը»:

Քննարկման ժամանակ աշխատաշուկայում երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրներին անդրադարձավ ՀՀ զբաղվածության գործակալության ծրագրերի իրականացման մեթոդական աջակցության եւ խորհրդատվության բաժնի գլխավոր մասնագետ Էլյա Հովհաննիսյանը: Նրա ներկայացմամբ՝ 70800 գործազուրկներից 47 հազար 200 երիտասարդ աշխատանք է փնտրում Հայաստանում: Երիտասարդները աշխատանք չեն կարողանում գտնել հիմնականում հետեւյալ պատճառներով. «Մասնագիտություն ընտրելիս աշխատաշուկայի պահանջներին անտեղյակությունը, մասնագիտական կրթության անհամապատասխանությունը աշխատաշուկային, աշխատանքային փորձի պակասը, ցածր աշխատաշուկան, գյուղական երիտասարդության կրթության մատչելիության ցածր մակարդակը այն պատճառներն են, որոնք հանդիսանում են գործազրկության հիմքը»:

Սրանց պատճառով, ըստ Էլյա Հովհաննիսյանի, երիտասարդների շրջանում աշխատանքային միգրացիան աճ է գրանցում: Նաեւ համապատասխան աշխատանք չգտնելու հետեւանքով սկսում են կատարել ցանկացած աշխատանք: Ինչպես նաեւ, բարձր որակավորմամբ եւ հմտություններով անձիք նախընտրում են արտագաղթել եւ աշխատել արտասահմանյան շուկայի համար:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930