Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նպատակահարմար չի համարում որոշ սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցման վերաբերյալ օրենքի կիրառման ժամկետային սահմանափակումը:
Պատգամավորն իր անհամաձայնությունը բարձրացրեց խորհրդարանում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ:
Կառավարության ներկայացրած նախագծով նախատեսվում է, որ 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը մասնակի փոխհատուցել շուրջ 31 սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարները:
Հեղինե Բիշարյանը բացատրեց, որ այդ սահմանամերձ համայնքները միշտ մնալու են սահմանամերձ համայնքներ, ուստի նպատակահարմար չէ փոխհատուցման ժամկետային սահմանափակում դնել. «Ես առաջարկում եմ հանել այդ սահմանափակումը և երբ մենք կզգանք, որ այդ համայնքներն արդեն աջակցության կարիք չունեն, չենք աջակցի այդ մարդկանց: Սակայն հիմա ժամկետ սահմանել, ես կարծում եմ, որ ճիշտ չէ»:
Կարդացեք նաև
Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը պարզաբանեց, որ տարեցտարի խնդիրները կարող են փոխվել՝ և դեպի լավը, և դեպի վատը. «Այս դեպքում կառավարությունը ժամկետային սահմանափակում է դրել, որպեսզի կոնկրետ ժամանակահատվածի համար հասկանա խնդիրները և համապատասխան նոր լուծումներ գտնի»:
Հիշեցնենք, այս նախագիծը երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ եւ միաձայն ընդունեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ