Այս տարի Հայաստանի Հանրապետության բնակչությունը նվազել է 13 հազար 600 մարդով, այսինքն, ըստ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), 2013 թվականի հոկտեմբերի 1-ի համեմատ, այս տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնել եւ չեն վերադարձել 13 հազար 600 մարդ:
2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմել է 3 միլիոն 13 հազար 900 մարդ, տարեսկզբի համեմատ 3 հազար 200-ով նվազել է մշտական բնակչության թվաքանակը: Այս տվյալներն այսօր «Բլից ինֆո» ակումբում ներկայացրեց ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նրա ներկայացմամբ` 2014 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ-ում մշտական բնակչության թիվը կազմում է 3 միլիոն 13 հազար 900 մարդ, Երեւանում`1 միլիոն 77 հազար 400:
Տիկին Կույումջյանի ներկայացրած տվյալներով այս տարվա առաջին 9 ամիսների կենդանի ծնունդները թիվը կազմում է 31 հազար 610, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.6% աճ է գրանցվել, իսկ
Կարդացեք նաև
մեռելածնության 583 դեպք է արձանագրվել, սա 8.10%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մահացության ցուցանիշն, ըստ ԱՎԾ-ի, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 21 հազար 208. սա նախորդ տարվա համեմատ 4.5%-ով ավելի է:
9 %-ով նվազել է մինչեւ 1 տարեկանների մահացության դեպքերը, այս տարի գրանցվել է 273 դեպք:
Այս տարի ավելացել են ե’ւ ամուսնությունները, ե’ւ ամուսնալուծությունները, ըստ ԱՎԾ-ի, այս տարի 14 հազար 348 ամուսնություն է գրանցվել քաղաքացիական կացության գրանցման գործակալությունում, նախորդ տարվա համեմատ 6.5%-ով ավելացել է այդ թիվը, իսկ ամուսնալուծությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 28.1%:
Aravaot.am-ի հարցին` ԱՎԾ-ն ունի՞ տվյալներ, թե քանի քաղաքացի է հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եւ ամենաշատը որ երկրների քաղաքացիությունն են ընտրում, տիկին Կույումջյանի պատասխանը` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ