Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի  ելույթը ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ 

Նոյեմբեր 19,2014 13:20

«Ազգային ժողովի հարգելի նախագահ,
հարգելի պատգամավորներ,

Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ պարոն Գալուստ Սահակյանի ջերմ հրավերով պաշտոնական այցով գտնվել բարեկամ Հայաստանում եւ ելույթ ունենալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ: Վստահ եմ, որ այս այցի
շրջանակներում քաղաքական ղեկավարության հետ նախատեսված հանդիպումներն իրենց ուրույն դերակատարությունը կունենան առկա գերազանց հարաբերությունների էլ
ավելի ամրապնդման գործում:

Այսօր իմ ներկայությունն այստեղ կիպրացի եւ հայ ժողովուրդների միջեւ
երկարամյա բարեկամության ակնհայտ ապացույցն է եւ վերստին այն հաստատում է: Այս
բարեկամության հիմքն է հանդիսանում անկեղծ համերաշխությունը, որը երկուստեք
բազմիցս ցուցաբերվել է դժվար իրավիճակներում: Կիպրոսում հայկական սփյուռքի
ներկայությունը լրացուցիչ երաշխիք է մեր կապերը շարունակելու եւ ավելի
ամրապնդելու համար՝ ստեղծելով քաղաքական, տնտեսական, ռազմական, կրթական եւ
մշակութային ոլորտներում համագործակցության լայն եւ բազմակողմ շրջանակ:
Այստեղ, այսօր, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում Հայկական կրոնական խմբի
արժանապատիվ ներկայացուցիչ պարոն Մահտեսյանի ներկայությունը հաստատում է
Հայաստանի հետ անքակտելի կապերի պահպանման մեր հանձնառությունը:

Մեր երկու երկրների փոխադարձ աջակցությունը հիմնված է ամուր հիմքերի վրա, որը
կոփվել է համատեղ պայքարներով մեր ժողովուրդներին մինչ օրս տառապանքի ենթարկող
ընդհանուր թշնամու դեմ, ինչպես նաեւ ընդհանուր արժեքների եւ սկզբունքների
հիման վրա, որոնց մենք հավատարիմ ենք:

Այս բարձր ամբիոնից Ներկայացուցիչների պալատի անդամների եւ Կիպրոսի ժողովրդի
անունից ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Հայաստանի վարած
սկզբունքային եւ կայուն քաղաքականության համար՝ հանուն մեր երկրի եւ ժողովրդի
ազատության ու վերամիավորման: Մեզ հայտնի է այն գինը, որ դուք վճարում եք ձեր
աջակցության համար, ինչի համար էլ եւ երախտապարտ ենք ձեզ:

Ինչպես տեղյակ եք, արդեն քառասուն տարի է, ինչ Թուրքիան օկուպացված է պահում
Կիպրոսի Հանրապետության տարածքի մեծ մասը՝ խախտելով միջազգային իրավունքի
նորմերը եւ սկզբունքները: Կիպրական կողմը հավատարիմ է հասնելու խնդրի արդար
լուծմանը՝ եվրոպական իրավունքի, 1977 եւ 1979 թվականների բարձր ատյաններում
ձեռք բերված պայմանավորվածությունների եւ ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի
համաձայն: Սակայն մեր բոլոր ջանքերը բախվում են թուրքական
անհանդուրժողականությանը եւ ամբարտավանությանը: Թուրքիան առաջադրում է
պայմաններ, որոնք, անկասկած, տանում են այնպիսի լուծման, որի հիմքում ընկած է
«երկու պետության» սկզբունքը:

Թուրքիան, հավատարիմ լինելով նոր օսմանյան գործելաոճին, փորձում է յուրացնել
Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում առկա հարուստ բնական պաշարները եւ որդեգրել է Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում ինքնիշխան իրավունքների ոտնահարման քաղաքականությունը: Իրավունքների, որոնք հիմնված են ավանդական իրավունքի վրա եւ երաշխավորված են 1982 թվականի Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայով:

Սակայն Թուրքիայի դրսեւորումները հարիր չեն միջազգային իրավունքը հարգող եւ
Եվրամիության անդամ դառնալ ցանկացող պետությանը: Այս պահին թուրքական
հետազոտող «Բարբարոս» նավը, ռազմական եւ օժանդակող նավերի ուղեկցությամբ,
անօրինական կերպով գտնվում է Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում եւ որի
նպատակն է, ինչպես ներկայացնում է Թուրքիան, սեյսմիկ տվյալների հավաքագրումը:
Միեւնույն ժամանակ աշխատանքներ են իրականացվում կազմակերպությունների կողմից,
որոնց Կիպրոսի Հանրապետությունը թույլատրել է ուսումնասիրել բնական գազի
պաշարների առկայությունը: Թուրքիան չի տատանվում եւ հայտարարում է, որ մոտակա
ժամանակ նաեւ արդյունահանման հարթակ է տեղադրելու Կիպրոսի Բացարձակ տնտեսական
գոտում:

Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի քայլերը միջազգայնորեն դատապարտվում
են, եւ որպես վառ ապացույց՝ վերջերս՝ նոյեմբերի 13-ին, Եվրոպական խորհրդարանը
հստակ բանաձեւ ընդունեց, Թուրքիայի կողմից իրականացվող խախտումները թեժանում
են, եւ ապակայունացվում է ամբողջ տարածաշրջանը: Միեւնույն ժամանակ Թուրքիայի
պետական եւ ռազմական գործիչներն անկաշկանդ եւ ուղղակիորեն սպառնում են
ռազմական ուժ կիրառել, եթե Կիպրոսի Հանրապետությունը շարունակի կիրառել իր
ինքնիշխան իրավունքները:

Նման պայմաններում Կիպրոսի Հանրապետությունը ստիպված էր կասեցնելու Կիպրոսի
հիմնախնդրի շուրջ բանակցություններում իր մասնակցությունը եւ հայտարարելու
Թուրքիայի դեմ քաղաքական եւ իրավական քայլերի ձեռնարկման մասին: Վստահ եմ՝
կհամաձայնեք, որ վախի եւ բացահայտ սպառնալիքի մթնոլորտում անտրամաբանական է
շարունակել բանակցությունները:

Թուրքիայի այս դրսեւորումները Ձեզ հայտնի են: Համագործակցության
արձանագրությունների ստորագրման կասեցումը, հայտնի պատճառներով, որոնք վերջին
պահին ներկայացրել է Անկարան, նույն քաղաքականության արտահայտությունն են:

Չնայած Անկարայի առաջացրած բարդություններին՝ Կիպրոսը եւ Հայաստանը պետք է
ակտիվացնեն երկկողմ հարաբերությունները, միավորեն միջազգային
կազմակերպություններում իրենց ուժերը եւ օգտագործեն կիպրական եւ հայկական
սփյուռքի լծակները որոշումներ կայացնող ատյաններում՝ ընդհանուր ճակատ
ձեւավորելով ընդդեմ Թուրքիայի քաղաքականության: Ներկայացուցիչների պալատի
անդամների եւ իմ անունից այդ ուղղությամբ գործելու լիակատար
պատրաստակամություն եմ հայտնում:

Ազգային ժողովի հարգելի նախագահ,

Եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հրավերի, ջերմ
ընդունելության եւ հյուրընկալության համար, որոնց մենք արժանացանք: Ցանկանում
եմ, որ Դուք նույն զգացումներն ապրեք հնարավորինս մոտ ժամանակում Կիպրոս
կատարելիք Ձեր այցի ընթացքում:

Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին մաղթում եմ առաջընթաց,
բարօրություն եւ ակնկալիքների արագ իրականացում: Հնարավոր է, որ Հայաստանը եւ
Կիպրոսը հզոր պետություններ չեն, բայց մեր հաստատակամությունն արդարացված է:
Ուժը չի կարող խոնարհել մեր ժողովուրդներին: Մենք ավելի դժվար պայմաններում
ենք գոյատեւել եւ բարգավաճել: Պայքարելով հանուն ազատության եւ արդարության՝
հայ եւ կիպրացի ժողովուրդները հաստատուն կամք ունեն, եւ այդ կամքն անսասան է:

Շնորհակալություն»:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930