Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարության ՊՈԱԿ-ը դատարանում հաղթեց Գառնու գյուղապետին

Նոյեմբեր 19,2014 12:56

Սոցցանցերում եւ մամուլում լայն արձագանք էր ստացել Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյան- ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ հակամարտությունը: Գառնու գյուղապետը դեմ էր հեթանոսական տաճարի տարածքում կառուցապատման աշխատանքներին, հատկապես տաճարից 90 մետր հեռավորության վրա սեզոնային սրճարանի կառուցմանը: Նախարարության ՊՈԱԿ-ի սկսած շինարարական աշխատանքները ապօրինի համարելով՝ նա  որոշում էր կայացրել   400.000  դրամ տույժի ենթարկել Վլադիմիր Պողոսյանին:

Ի պատասխան, ՊՈԱԿ-ի տնօրինությունը փաստարկներ էր ներկայացրել այն մասին, որ արգելոցի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներին առնչվող խնդիրները համայնքի եւ  դրա ղեկավարի իրավասության շրջանակից  դուրս են, նաեւ դիմել էր դատարան: Վարչական դատարանն այս տարվա հոկտեմբերի 13-ի վճռով  անվավեր է ճանաչել Գառնի համայնքի ղեկավարի 2014 թ. փետրվարի 27-ի` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենին վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ  որոշումը:

ՀՀ վարչական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց: Նոյեմբերի 13-ին լրացավ օրենքով սահմանված մեկ ամիս ժամկետը, իսկ  Գառնի համայնքի ղեկավարը Վերաքննիչ դատարան վերաքննության կարգով չի բողոքարկել վճիռը, հետևաբար  դատարանի վճիռն օրինական ուժ է ստացել:

ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հուշարձանների տարածքում կառուցապատման, շինարարական աշխատանքներն իրականացվում են  միայն լիազոր մարմնի թույլտվությամբ, որը տվյալ պարագայում  մշակույթի նախարարությունն է՝ ի դեմս նախարար Հասմիկ Պողոսյանի:

Մեր հարցին՝ ի վերջո հուշարձանի տարածքում սրճարան կառուցվելո՞ւ է, թե՞ ոչ, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Հասարակական կազմակերպությունների, հանրության բողոքի ալիք էր բարձրացել եւ գյուղապետը հիմնավորապես ասում էր, որ ինքն է թույլտվություն տվողը: Մինչդեռ դատարանը ֆիքսեց, որ թույլտվությունը տալիս է ոչ թե համայնքի ղեկավարը, այլ մշակույթի նախարարը…Ինչ վերաբերում է սրճարանին, ասեմ, որ այս պահին որեւէ  շինարարություն չենք իրականացնում, հենապատն է ամրացվել, հենապատի երկայնքով տեղադրվել են նստարաններ, հանգստի գոտի ենք ստեղծել: Ընդամենը սա է արվել, դա հիմնական շինություն չէ, այս պահին սրճարանի մասին խոսք չի գնում»:

Իսկ ինչպե՞ս է Վլադիմիր Պողոսյանը վերաբերվում հուշարձանների տարածքներում սրճարաններ գոյությանը: «Եթե տվյալ օրենքով թույլատրելի տարածքում են, կա գիտամեթոդական խորհրդի որոշումը, լիազոր մարմնի՝ մշակույթի նախարարության թույլտվությունը, ուրեմն ամեն ինչ նորմալ է:Մենք այս պահին նպատակահարմար չգտանք իրականացնել դա, բայց ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի շատ երկրներում արգելոցների տարածքներում գործում են սեզոնային սրճարաններ»:

ՊՈԱԿ-ի ղեկավարը չցանկացավ «փակագծեր բացել», թե ինչու էր Գառնու գյուղապետն ընդդիմանում կառուցապատման աշխատանքներին, բայց ակնարկեց, որ հավանաբար ինչ-ինչ շահագրգռություններ կային. «Գուցե իրենց գործին դա կխփեր»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930