«Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում». այս խորագրով նոյեմբերի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կկազմակերպվի համաժողով, որին կմասնակցեն այն երիտասարդներն, ովքեր կառաջարկեն ծրագրեր, թարմ գաղափարներ 2015-ին կյանքի կոչելու համար:
Մինչև նոյեմբերի 17-ը ՓԱՍՏԱՐԿ ծրագրի շրջանակներում երիտասարդներն ուղարկել են իրենց առաջարկ-գաղափարները, որոնք կներկայացվեն Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովին: Մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույններին: Նրանք կստանան մրցանակներ, իսկ հաղթողը` ուղևորության հնարավորություն դեպի Արևմտյան Հայաստան: Համաժողովին ներկա կլինեն բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից և «Շարմ» հոլդինգից:
Aravot.am-ը ՓԱՍՏԱՐԿ ծրագրի ղեկավար Տարոն Պարսամյանից հետաքրքրվեց` մինչև այժմ եղած գաղափարները երիտասարդներին չէի՞ն գոհացնում, համամի՞տ է արդյոք, որ Հայոց ցեղասպանության հարցում մեր պահանջները պետք է լինեն իրավական դաշտում, ինչը մասամբ է ապահովվում, Տարոն Պարսամյանը պատասխանեց. «Մեր նպատակն է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովին տրամադրել երիտասարդական թարմ գաղափարներ, հնարավորություն ընձեռել ցանկացած երիտասարդի սեփական կարծիքը լսելի դարձնել: Ես փորձագետ չեմ, ուղղակի կարծում եմ, որ ցանկացած երիտասարդի ձայն պետք է լսելի լինի նման իրադարձության վերաբերյալ: Իսկ Ձեր նշած հարցին թող փորձագետները պատասխանեն, քանի որ իմը կլինի սիրողական պատասխան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ