Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավար Ն. Ֆիլոսյանին :
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն. Ֆիլոսյանը 1999թ.-ից հանդիսանալով Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավար` պաշտոնատար անձ և քաջ գիտակցելով համայնքի ղեկավարի ոչ միայն իրավունքները, այլ նաև պարտականությունները, այնուամենայնիվ անձամբ մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը: Տվյալ ընկերությանը Դաստակերտ համայնքում ՀԷԿ կառուցելու նպատակով հողատարածք տրամադրելու, շինարարական աշխատանքներում աջակցելու, շահագործման ընթացքում ՀԷԿ-ի աշխատանքները վերահսկելու դիմաց, Ն. Ֆիլոսյանը ընկերության հիմնադիր-մասնակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, նշված ընկերությունից բաժնեմաս է ձեռք բերել և դարձել ընկերության մասնակից:
Օգտվելով համայնքի ղեկավարի իր լիազորություններից, և, ըստ էության, արդեն անցնելով հանցավոր պայմանավորվածության կատարմանը, Ն. Ֆիլոսյանը Դաստակերտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0.2 հա/2000քմ/ հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել է այն ընկերությանը, որի բաժնետեր է նաև ինքը :
Ավելին՝ Ն. Ֆիլոսյանը, որևէ կերպ չի փորձել կանխել կամ կասեցնել իր վաճառած հողատարածքում կատարվող ՀԷԿ-ի ինքնակամ շինարարությունը, ինչը համայնքի ղեկավարի անմիջական պարտականությունն է: Ն. Ֆիլոյանի ապօրինի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին և օրինական շահերին:
Կարդացեք նաև
Ն. Ֆիլոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ արդարադատության նախարարություն
Երևի ինչ-որ մի օլիգարխ կամ չիչնովնիկ աչք ա դրել էտ ՀԷԿ-ի վրա ու խեղջ գեղապետի ձեռից առնելու համար հանկարծ հիշել են քրեական օրենսգիրքը: Բա էն հազարավոր չինովնիկները` ընդ որում ամենաբարձր մակարդակներում, որ նույն բանով են զբաղված, ինչի չեն պատասխանատվության կանչվում: Հենց վերցնենք տխրահռչակ Ֆիննախ, ամենակարող ու սուպեր նախարար Գագիկ Խաչատրյանին: Բազմիցս ա գրվել էտ չինովնիկի կարողությունների ու բիզնեսների մասին: Ուր ա մեր իրավապահ համակարգը? Պատասխանը միանշանակ ա` նախարարի գրպանում: Եվ թող Վովա Գասպարյանն ու Գևոչգ Կոստանյանը մեծ-մեծ չխոսեն, իբր թե հանդես են գալիս պետության շահերի պաշտպանության դիրքերից: