Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը մեկ շաբաթ է՝ անորոշ է

Նոյեմբեր 19,2014 17:15

Ալիեւը հարվածեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին
ու բանակցային գործընթացի շարունակականությանը

Արդեն մեկ շաբաթ է, ինչ անորոշ է նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ԼՂ ռազմաօդային ուժերի` Մի-24 ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը: Ինչպես վստահեցնում են Հայաստանից եւ Ղարաբաղից` Ադրբեջանն այդ հատվածը կրակի տակ է պահում, եւ հնարավոր չէ մոտենալ այդ հատվածին:

Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին կրակագծից հանելը արժանապատվության հարց է, նրանց ընտանիքների առջեւ` պարտավորվածություն: ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները, վստահաբար, քայլեր իրականացնում են, սակայն, ցավոք, առայժմ անարդյունք:

ԼՂ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` երեկ ԵԱՀԿ առաքելությունը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: ԼՂ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը դիտարկումն իրականացրել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Նոյեմբերի 15-ին ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռ/կ-ին ասել էր, թե ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն, ամենայն հավանականությամբ, երկուշաբթի կամ երեքշաբթի կայցելի ադրբեջանական կողմից խփված ուղղաթիռի անկման վայրը։ Հարցին՝ եթե ադրբեջանական կողմը այդ տեղանքը պահում է չդադարող կրակի տակ, ապա ինչպե՞ս է Կասպրշիկը մուտք գործելու այդ տարածք, Բաբայանը պատասխանել էր, թե աշխատանքներ են տարվում կրակահերթերը դադարեցնելու ուղղությամբ, եւ նկատել էր, թե Կասպրշիկի այցի ընթացքում չի բացառվում, որ հայկական կողմը կարողանա չեզոք գոտուց դուրս բերել խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին։ Սակայն դատելով տարածված տեղեկատվությունից` այս հնարավորությունից օգտվել, այնուամենայնիվ, չի հաջողվել:

Այս օրերին դեսպան Կասպրշիկին են ընդունել ԼՂՀ իշխանությունները: ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի նման աննախադեպ խախտումը մարտահրավեր է նախ եւ առաջ միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների խաղաղարար ջանքերին։ Կարեն Միրզոյանը նշել է, որ միջադեպերի համար պատասխանատուի հասցեական դատապարտման բացակայությունն Ադրբեջանում ընկալվում է որպես անպատժելիության արտոնագիր, եւ այդ համատեքստում կարեւորել է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումն ու իրագործումը։

Կասպրշիկի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը անդրադառնալով ուղղաթիռը խոցելու միջադեպին` ԼՂՀ նախագահն Ադրբեջանի գործողությունները որակել է ստոր եւ ապակառուցողական: Նա նշել էր, որ Ադրբեջանի նման պահվածքը վտանգում է կայունության ու խաղաղության պահպանմանը տարածաշրջանում եւ խոչընդոտում ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերին: Բակո Սահակյանը կարեւորել է միջազգային հանրության խիստ եւ հասցեագրված գնահատականի անհրաժեշտությունը:

Հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հետ կապված հարցեր էին քննարկել Անջեյ Կասպրշիկը ու ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը։ Վերջինս հույս էր հայտնել, որ ԵԱՀԿ-ն իր բոլոր հնարավորությունները կօգտագործի` միջդիրքային գոտում կործանված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը վերջնականապես պարզելու: «Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ իրավիճակը առաջնագծում ավելի մոտ է պատերազմին, քան խաղաղությանը, եւ ցանկացած շարժ այնտեղ խոցվում է հակառակորդի կողմից։ Այդ տարածք մտնելը որոշակի վտանգավորություն է ներկայացնում, առանձնապես, որ հակառակորդը գիտի՝ մենք հենց կոնկրետ այդ քառակուսի մետրը մտնելու ենք, եւ այն իրենց անմիջական հսկողության տակ է»,- նշել էր ՊԲ հրամանատարը` նկատելով, որ ըստ նախնական տվյալների` Մի-24 ինքնաթիռը խոցվել է ռուսական արտադրության զենքով։ «Մեր դիտարկումը եւ Ադրբեջանի տված տվյալները խոսում են այն մասին, որ խոցվել է «Ստրելա» տեսակի զենիթահրթիռային կայանից։ Դրանք ռուսական ինքնակառավարվող հրթիռներ են,- ասել էր Հակոբյանը՝ հավելելով, – իհարկե, ցավալի է, մենք դաշնակից երկրներ ենք, մենք ռազմավարական դաշնակից ենք, եւ կարծում եմ, որ Ռուսաստանը իր տնտեսական շահերը հետապնդելու ժամանակ պետք է հաշվի առնի նաեւ մեր շահերը, ինչը չի իրականանում»։

Մինչ հայկական կողմին առայժմ չի հաջողվում ոչ խոցված ուղղաթիռի տարածքում, ոչ դիվանագիտական ճանապարհով անձնակազմի խնդիրը լուծել, Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին սպառնում է «կործանիչ հարված» հասցնել` հայկական կողմից ռազմական գործողություններ իրականացնելու դեպքում: Բաքուն Հայաստանին սպառնում է «անհավանական, հզոր, կործանիչ, բազմաթիվ զոհերով եւ թշնամու հիշողության մեջ երկար մնացող» հարված հասցնել. նման հայտարարություն էր տարածել Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրերս հայտարարել էր, թե պատասխանը լինելու է` «մի քիչ էլ անհամաչափ»:

Ավելին՝ Բաքուն ստեղծված իրավիճակում արդեն «առեւտուր» է առաջարկում: Ադրբեջանցի պատգամավոր Էլման Մամեդովն առաջարկել է Մի-24 ուղղաթիռի անձնակազմի դիակները փոխանակել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիեւի ու Դիլգամ Ասկերովի հետ, որոնց նկատմամբ Ստեփանակերտում ընթանում է դատական գործընթաց. «Հայկական գերությունից մեր քաղաքացիներին ազատելու համար ստեղծվել է լավ հնարավորություն, եւ Ադրբեջանի իշխանությունները պետք է օգտվեն այդ հնարավորությունից: Անհրաժեշտ է մեր պատանդներ Շահբազ Գուլիեւին ու Դիլգամ Ասկերովին փոխանակել զոհված հայ օդաչուների դիակների հետ»: Իսկ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական կոմիտեի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուլին Սադիգովն էլ ասել է, որ եթե Ադրբեջանը անհրաժեշտ համարի, ապա կթույլատրի հայերին վերցնել հայկական խփված ուղղաթիռի օդաչուների մարմինները. «Մարմինները մնացել են այնտեղ, ոչ մի կողմը հնարավորություն չունի վերցնել դրանք, հայերն աղաչում են Կասպրշիկին, բայց նա այդպիսի լիազորություն չունի»:

«Վստահ եմ, որ Ադրբեջանի իշխանությունները կվարվեն հենց այդպես»,- նշել է Մամեդովը: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայկական ուղղաթիռի անձնակազմին ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու հարցի հետ կապված նշել է, թե չի կարծում, որ ուղղաթիռի անձնակազմին ադրբեջանցիների դիվերսանտների հետ փոխանակելու առաջարկն անգամ քննարկման դրվի. «Այդպիսի քայլն անմարդկային է եւ աննորմալ: Մենք ո՞նց կարող ենք նման քայլի գնալ: Նախ եւ առաջ՝ մենք չգիտենք նաեւ մեր օդաչուների ճակատագիրը: Չի բացառվում, որ նրանք ողջ լինեն: Հետո էլ՝ Ադրբեջանը պարտավոր է ռազմագերիներին հանձնել: Ինչպե՞ս կարելի է ռազմագերիներին փոխանակել հանցագործության մեջ մեղադրվող անձանց հետ»:

Պաշտոնական Բաքուն, ըստ էության, տապալելով Փարիզում վերջերս եռակողմ բանակցություններում հույսը, թե կողմերը կշարունակեն շփումները, հարվածի տակ է դնում առհասարակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի գործունեությունը: Սադրիչ գործողություններով շփման գիծը անկանխատեսելիության մեջ պահելը, թերեւս, Ալիեւի համար ավելի նախընտրելի է, քան բանակցությունների շարունակականությունը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930