Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեներալ Մանվելը եթե ասում է ծնկաչոք հրադադար են մուրալու՝ նա անող է». Վարդան Դեւրիկյան

Նոյեմբեր 19,2014 11:26

ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը Արցախի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի` Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցվելու դեպքի հետ կապված ցավակցական ուղերձ էր հղել, որտեղ զգուշացրել էր Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը, որ անվերջ ու անսպառ չէ մեր համբերությունը. «Հավատացած եղեք, որ եթե մեզ փորձեք պատերազմ պարտադրել, եթե ձգտեք նմանօրինակ սադրանքներ հրահրել, խստորեն պատժվելու եք, դարձյալ, ինչպես 1994-ի մայիսին, ծնկաչոք հրադադար եք մուրալու, բայց այս անգամ արդեն մարտերն ընթանալիս կլինեն Բաքվում»:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե այս եւ նմանատիպ հայտարարություններին, որոնք հաճախ հնչում են սոցցանցերում, որ գնալու ենք Բաքուն արյան ծով սարքենք, ինչպե՞ս եք վերաբերվում՝ ԵԿՄ անդամ Վարդան Դեւրիկյանը պատասխանեց. «Ինչ վերաբերվում է գեներալ Մանվել Գրիգորյանի հայտարարությանը, դա միակողմանի չպետք է նայել: Իր ասածի մեջ հստակ այսպիսի բան կա. ինքն ասում է, որ երբ ՀՀ եւ Արցախի նախագահները կամ զինված ուժերը առաջադրանք դնեն, դրանից հետո Բաքուն ծնկաչոք հրադադար կխնդրի, ինքը չի ասում, որ ջոկատ կհավաքի, կգնա կռվի: Ես էլ, որպես երկրապահ, նույն համակարգի մեջ կլինեմ: Ես չեմ կարող ասել, թե իմ գործողություններն ինչքանով արդյունավետ կլինեն, բայց եթե ՀՀ նախագահը, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ հարցը դնեն, բանակից հետո հաջորդ մասնակցողը, առաջին հարվածային ուժը երկրապահն է:

Գեներալ Մանվելի ասածն այս առումով միանշանակ ճիշտ է եւ իր ասածն այդ համատեքստի մեջ է: Նույն բանը կարող է ես ասեմ, դա կարող է դատարկ խոսք հնչի, որովհետեւ ես ոչ այդ ինֆորմացիան ունեմ, ոչ այդ ուժը ունեմ, ոչ էլ ազդեցությունն ունեմ: Մարդիկ կան, որոնց խոսքը կշիռ ունի: Եթե նա ասում է, նա իրականացնողն է: Որեւէ քաղաքական գործիչ կարող է այստեղից ստից մինչեւ Բաքու հասնի: Մեկ է, ինքը պատասխանատվություն չի կրում: Նման մարդիկ խոսում են երրորդ դեմքով, ասում են պետք է անենք: Իսկ գեներալ Մանվելը խոսում է առաջին դեմքով, նա անող է, կատարողն է, եւ ինքը պատասխանատվություն է կրում թե՛ բարոյական, թե՛ պատվի: Իր խոսքը պետական գործչի խոսք է, մյուս ինքնահաստատվող մարդկանց խոսքը չի, որ ասում են՝ 1-ին 10 պետք է պատասխանենք: Գեներալ Մանվելը հայտարարեց, որ եթե նման խնդիր դրվի մեր առաջ՝ կանենք: Մեզնից ոչ մեկը պատերազմ չի ուզում, առավել եւս չի ուզում Մանվել Գրիգորյանը»:

Վարդան Դեւրիկյանն ասաց, որ նոր են հանդիպել գեներալի հետ եւ ԵԿՄ-ն այժմ ադրբեջանցիների այդ վերջին սադրանքի դեպքն են քննարկում. «Ովքեր տեսել են մահն ինչ է, նրանք ամենաքիչն են պատերազմ ուզում: Բայց պատերազմը շան պես բան է: Շունը հենց զգում է, որ իրենից վախենում ես, հարձակվում կծում է, բայց հենց զգում է, որ իրենից չես վախենում, գալիս ոտքերդ է լիզում: Մենք այդ իրավիճակի մեջ պետք է լինենք: Պատերազմ չուզելով՝ պետք է դրան պատրաստ լինենք ու չվախենանք: Որեւէ մեկը եթե հրճվի, ասի պատերազմը թող լիներ՝ այդ մարդը կամ աննորմալ ու շեղված է, կամ կռիվ-կռիվ կինոներ է տեսել: Իսկ այն մարդիկ, որոնք անցել են պատերազմի կորուստներով, իրենց մարմնի վրա կրել են, այդ մարդիկ միաժամանակ գիտեն թե՛ պատերազմից խուսափելը եւ թե պատերազմից չվախենալը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    ԶՈւ – ԶՈՒ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930