Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սա ոչ թե հնարավորություն է, այլ մեծ մարտահրավեր. 1in.am

Նոյեմբեր 19,2014 11:07

1in.am-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

-Պարոն Քոքոբելյան, Դուք ԵՏՄ հայեցակարգը համարում եք հակասահմանադրական, մինչդեռ ՍԴ-ն այն սահմանադրական համարեց, և հիմա ԱԺ-ն պիտի վավերացնի այն: Ի՞նչ է լինելու դրանից հետո:

-Նախ նշեմ, որ ՍԴ որոշումը հակասահմանադրական է, և կարծես թե մատի փաթաթան են դարձրել, որ ՍԴ որոշումները չեն մեկնաբանվում: Եթե նախկինում ՍԴ-ն փորձում էր իր ոչ արդարացի որոշումները գոնե լղոզել և հասարակությանը ներկայացնել որպես ճշմարտանման, ապա այս դեպքում դա էլ չարվեց: Ես ՍԴ որոշումը չեմ համարում իրավական փաստաթուղթ, քաղաքական վճիռ է կայացվել, և դա քաղաքական փաստաթուղթ է: Շատ խոսուն փաստ է այն, որ ԵՏՄ-ում կա տնտեսական կոմիտե, որի որոշումները պարտադիր կատարման ենթակա են անդամ պետությունների համար, մինչդեռ մեր Սահմանադրության առաջին և 114-րդ հոդվածները բացառում են ցանկացած վերազգային կառույց, որի որոշումը ՀՀ համար լինի պարտադիր: Հիշարժան եմ համարում նաև Անկախության հռչակագրի 13-րդ կետը, որտեղ նշված է, որ Հայաստանը պիտի ունենա իր մաքսային կառույցը: Եթե մենք փաստացի մտնենք ԵՏՄ, որը ցավոք արդեն իրողություն է, ՀՀ մաքսային օրենսգիրքը 2015-ի հունվարի 2-ից չի գործելու, փոխարենը գործելու է միացյալ տնտեսական միության մաքսային օրենսգիրքը: Այսինքն՝ փաստացի մենք ունենալու ենք այնպիսի մաքսատուրքեր, որոնք սահմանել է ընդհանուր տնտեսական միությունը: Սրանք փաստեր են, որոնք ավելորդ մեկնաբանության կարիք չունեն:

Ցավոք, մինչ այս պահը մեր հասարակությունը հնարավորություն չունեցավ առերեսվելու ԵՏՄ պայմանագրին, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները: Եթե նրանց հարցնեք, շատերն անգամ չեն էլ կարողացել ունենալ այդ փաստաթուղթը, որ կարդան: Նույն խնդիրը մենք ունեցանք ԵՄ-ի հետ ասոցացման խոր և համապարփակ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի դեպքում, երբ 3.5 տարի բանակցություններ ընթացան, բայց հասարակությունն այդպես էլ չիմացավ, թե ինչից հրաժարվեցինք մենք: Եթե այն դեպքում ասում էին, որ բանակցային փուլում չի կարելի, որ փաստաթուղթը մատչելի լինի լայն հանրության համար, ապա այս դեպքում ՌԴ-ն նույնիսկ վավերացրել է փաստաթուղթը, որով հաստատել է, որ ինքը դեմ չէ, որ Հայաստանը դառնա ԵՏՄ անդամ:

Ես բազմիցս նշել եմ, որ սա ոչ թե Հայաստանի համար հնարավորություն է, այլ մեծ մարտահրավեր տնտեսական ու քաղաքական առումներով: Եթե ուշադիր եք եղել, ԵՏՄ կողմնակիցները հիմնականում խոսում են երեք գործոնից. անվտանգության բաղադրիչ, նոր շուկաների հնարավորություն և աշխատուժի տեղաշարժ: Ակնհայտ է, որ այս տարվա օգոստոսին շփման գծում տեղի ունեցող սադրանքներն ու լարվածության աճը ապացուցեցին և ի չիք դարձրեցին անվտանգության բաղադրիչի հետ կապված փաստարկները: Օրերս էլ ղարաբաղյան ուղղաթիռի խոցումից հետո մինչ այս պահը հնարավորություն չունենք մոտենալ ու դուրս բերել մեր օդաչուներին: Եթե խոսում են անվտանգության բաղադրիչից, ապա թող բարի լինեն հիշել, թե ինչ ծավալով է Ռուսաստանը զենք վաճառում մեր հակառակորդ Ադրբեջանին: Հատկանշական է, որ Ադրբեջանն իր զենքի 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից, իսկ երկրորդ տեղում Բելառուսն է:

Ինչ վերաբերում է նոր շուկաների հնարավորությանը, ապա արժե հիշել, որ ռուսական ռուբլին արդեն մոտ 30 տոկոսով արժեզրկված է, և անգամ ռուս վերլուծաբանների կանխատեսումներով՝ սպասվում է մինչև 50 տոկոսի անկում: Եթե մեր բիզնես միջավայրն այնպիսին էր, որ կարող էին հաշվարկել 20-30 տոկոսի շահույթ ռուսական շուկայում, ապա այսօր դա գոյություն չունի: Կարծում եմ, տեղյակ եք, որ գինեգործների միությունում հայտարարություն է եղել, որ այս վերջին ընթացքում հսկայական վնաս են կրել գինի ու սպիրտ արտահանողները: Երբ առանձին-առանձին խոսում ես ձեռներեցների հետ, բոլորը նշում են, որ այսուհետ բոլորովին նպատակահարմար չէ ապրանք արտահանել ռուսական շուկա, որովհետև դա պարզապես հակասում է տնտեսական օրենքներին: Այսինքն՝ այդ բաղադրիչն էլ քննության չի դիմանում:

Ստացվում է, որ մենք գնում ենք մի միություն, որը որևէ հեռանկար չի խոստանում, որը ոչ թե նպաստելու է օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքին դեպի Հայաստան, այլ լինելու է լուրջ խոչընդոտ այդ ներդրումների համար: Որովհետև ոչ մի օտարերկրյա գործարար չի ցանկանում ներդրումներ անել մի հարթությունում, որը ոչ միայն անհասկանալի է, այլև աստիճանաբար գնում է ինքնամեկուսացման: Վերջապես, սա ոչ համարժեք քայլ է այսօրվա աշխարհում, և այն պատժամիջոցներն ու ճնշումները, և այն մեկուսացումը, որում այսօր գտնվում է Ռուսաստանը, մենք ինքնաբերաբար գնում ենք դեպի այդ մեկուսացումը: Ուզում եմ հիշեցնել նաև G20-ի հավաքի ժամանակ Պուտինի մեկուսացած և մեղմ ասած՝ անհարմար վիճակը:

 Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930