Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկրի երկու տոկոս հարստացումը հանգեցրել է աղքատների թվի 4.4 տոկոս ավելացման. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 19,2014 10:59

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը վերջապես հրապարակեց Հայաստանում աղքատության ցուցանիշը 2013 թվականի դրությամբ։

Ըստ այդմ, նշված տարվա տվյալներով, Հայաստանի բնակչության 32 տոկոսը եղել է աղքատ։ Նախորդ՝ 2012 թվականի համեմատ՝ աղքատությանը նվազել է 0.4 տոկոսով։ Աղքատության այսպիսի նվազումը նույնիսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մասնագետներն են գնահատում որպես «չնչին», «աննշան»…: Հենց այսպիսի որակումներ էին նրանք տալիս երեկ ԱՎԾ-ի դահլիճում տեղի ունեցած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցի ներկայացման ընթացքում։

Պետք է նկատել, որ աղքատության ցուցանիշի վերաբերյալ ԱՎԾ-ի կողմից պարբերաբար հրապարակվող զեկույցների շարքում այս մեկը մի քիչ տարբերվում է իր մանրամասնությամբ։ Այս զեկույցում շեշտը դրվել է 2008– 2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո աղքատության մակարդակի փոփոխության ուսումնասիրության վրա։ Եվ արդյունքը ուղղակի ցնցող է ստացվել։ Իսկ պատկերը հետեւյալն է։

2008 թվականին, երբ ճգնաժամը դեռ չէր հասցրել իր ազդեցությունը թողնել մեր երկրի սոցիալ տնտեսական կյանքի վրա, ըստ պաշտոնական վիճակագրության, աղքատ էր բնակչության 27.6 տոկոսը։ Երբ ճգնաժամն արեց իր գործը եւ 2009 թվականին Հայաստանում պաշտոնապես գրանցվեց արդեն 14.1 տոկոս տնտեսական անկում, Հայաստանում աղքատ էր համարվում արդեն բնակչության 35.8 տոկոսը։

Սակայն, ըստ այդ նույն պաշտոնական վիճակագրության, 2010-2013 թվականներին Հայաստանը գրանցում էր տնտեսական տպավորիչ աճեր։ Բանը հասավ նրան, որ 2012 թվականին տնտեսական աճը կազմեց նույնիսկ 7.2 տոկոս։ ԱՎԾ-ն արձանագրել է, որ ճգնաժամից հետո 4 տարիների ընթացքում անընդհատ աճ արձանագրելով՝ 2013 թվականին մեր տնտեսությունը նույնիսկ երկու տոկոսով աճել է 2008 թվականի համեմատ։ Այսինքն մենք, ըստ այդմ, 2013 թվականին լրիվ հաղթահարած ենք եղել ճգնաժամը ու դեռ մի երկու տոկոսով էլ ավելի հարուստ երկիր ենք ունեցել, քան ճգնաժամից առաջ։ Բայց միեւնույն ժամանակ, աղքատ բնակչության մասնաբաժինը շատ քիչ է նվազել եւ դեռ 4.4 տոկոսով ավելին է, քան նախաճգնաժամային 2008-ին էր։ Ու ստացվում է, որ երկրի երկու տոկոս հարստացումը հանգեցրել է աղքատների թվի 4.4 տոկոս ավելացման։

Ի՞նչն է այստեղ տարօրինակ։ Ըստ ներկայացված զեկույցի, մեր բնակչության եկամուտները գոյանում են աշխատավարձերից, թոշակ-նպաստներից, հարազատների ուղարկած գումարներից եւ այլն։ 2010-2013 թվականներին պետական բյուջեի ծախսերը հզոր աճ են արձանագրել, աշխատավարձերը աճել են, թոշակները աճել են, աճել են նաեւ արտասահմանից ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալները, բայց աղքատությունը շատ քիչ է կրճատվել։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930