Այս օրերին սոցցանցերում, մամուլում քննարկվում են ադրբեջանական զինուժի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ՄԻ-24 ուղղաթիռի հրթիռակոծման պատճառները, փնտրվում են մեղավորներ: Շատ են խոսում այն մասին, որ զորավարժությունների համար պատասխանատուն պետք է թույլ չտար, որ այդ միջադեպը լիներ, նա անմիջական պատասխանատուն է կատարվածի համար:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, ԵԿՄ անդամ Վարդան Դեւրիկյանն ասաց. «Ինչ իրավիճակում էլ եթե մարդկային կորուստ լինի, տեխնիկայի կորուստ լինի, ամեն դեպքում տվյալ երկրի զինված ուժերը պատասխանատվություն կրում են: Բայց դա հատուկ կապել զորավարժությունների հետ այնքան էլ արդար չի լինի, որովհետեւ որ ասում են նամարդ՝ ադրբեջանցիներն իսկապես նամարդ էին: Կացնային քաղաքականության արտահայտությունն էր սա, որովհետեւ չգրված օրենք կա, որը մենք էլ ենք պահում, իրենք էլ են պահում: Իրենք էլ են զորավարժություններ անցկացնում, եւ մեր կողմը երբեք նախահարձակ չի լինում: Վերջիվերջո, դա ակտիվ մարտական գործողությունների չի վերածվում: Անգամ տարածքային ռմբակոծության չի վերածվում:
Իհարկե, սա առիթ կլինի, միգուցե մինչեւ հիմա պետք է մեր նախարարությունը մտածեր, որ գործ ունենք ոչ միայն դաժան, այլեւ ստոր ու տմարդի հակառակորդի հետ, որը մի ավելորդ անգամ եւս դա ցույց տվեց: Նույն միջազգային օրենքներով եւ ներքին կոնտակտային հարցերով չէր կարելի ակնկալել, որ իրենք այդ ուղղաթիռը կխփեին: Եթե տրամաբանությամբ առաջնորդվենք, կարող ենք ասել, որ զորավարժություններն անցկացվում են բաց հրետանային տարածքում: Ցանկացած պահի Ադրբեջանը հրետանիով կարող է Ստեփանակերտին էլ խփի: Զորավարժությունները մեր կողմից վերահսկվող տարածքում էր՝ ԼՂՀ-ի տարածքում, բայց այդ տրամաբանությամբ, եթե ինքը հրետանիով խփեր զորավարժություն անցկացնող զինվորներին, մենք պետք է ասեինք՝ էլի մեղավորը մենք ենք: Պետք է հասկանանք, որ իրենք են խախտել: Անհեթեթ ու միակողմանի խախտում են արել: Մենք այնպիսի կոնտակտային գծերի մեջ չենք մտել, այնպիսի գործողությունների մեջ չենք եղել, որը դրդի իրենց խփել մեր ուղղաթիռը: Զորավարժությունների ժամանակ, երբ քո հետեւակը տեղակայված է ամբողջ բաց դաշտով, դու երբեք դիմացի դիրքի վրա չես կարող հարձակվել, որովհետեւ դու իր աչքի առաջ ես եւ կորուստներն անհամեմատ մեծ կլինեն»:
Վարդան Դեւրիկյանն ասաց, որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ զորավարժությունների ժամանակ ամենամեծ թշնամական երկրներն էլ մեկը մյուսին չպետք է պատասխանի. «Զորավարժությունների ժամանակ խփելն ընդունված չի: Դա շքահանդեսի պես բան է: Ես զարմանում եմ, որ միակողմանի դատավորներ են այստեղ հանդես գալիս ու քննարկում դեպքը: Հարցը պետք է այլ հարթության մեջ նայել, թե այս դեպքից հետո ինչքանով պետք է օպտիմալ լինի մեր հակաօդային պաշտպանությունը, ինչպես պետք է արվի, որ մեր ուղղաթիռները կրակային գոտում չլինեն: Այս հարցերը երբ քննարկվեն, դրա մեջ խելամտություն կա, բայց եղածի մեջ անընդհատ մեղք որոնելը ճիշտ չէ: Առողջ քննադատությունը լավ է, բայց դա չպետք է վերածվի հիվանդագին մոլուցքի եւ դիմացինին արդարացնելու միջոցի: Երբ մարտական հերթապահության ժամանակ զինվոր է զոհվում, ծառայողական քննությունը պետք է պարզի, թե հրամանատարն ինչքանով է անուշադիր եղել, որ զինվորը գլուխը դուրս է հանել ու բաց կրակային գուտում հայտնվել: Բայց զորավարժություններն այլ որակ են: Այստեղ ասել, որ պետք է անվտանգություն ապահովեին՝ ճիշտ չէ: Կամ պետք է ընդհանրապես զորավարժություն չլիներ, կամ պետք է հասկանալ, որ դա իրենց կողմից ուղղակի թշնամական քայլ է եղել: Իսկ թե պատասխանն ինչ կլինի՝ ուրիշ հարց է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ