Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի ձեռքը մնաց օդո՞ւմ

Նոյեմբեր 19,2014 10:20

ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը
հրաժարվեցին 12 կետերի համատեղ քննարկումից

Երեկ ոչ իշխանական ուժերը մերժեցին իշխանության մեկնած ձեռքը` հրաժարվելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի` համագործակցության առաջարկից: Հիշեցնենք. վարչապետը, ի կատարումն նախագահի` ընդդիմության 12 առաջարկները վերանայելու առաջարկի, հայտարարություն էր տարածել. «Եռյակի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է: Այդուհանդերձ, մեր դիրքորոշումները քարացած չեն, եւ մենք պատրաստ ենք քննարկումների:

Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցի համար կառավարության եւ ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Ես ակնկալում եմ, որ ընդդիմությունը եւս կառուցողական կմոտենա համագործակցության մեր առաջարկին»: Վարչապետի երեկվա հայտարարությունը թերեւս փաստումն էր նրա, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ու փոփոխություններ մտցնել մոտեցումներում, քանզի ավելի վաղ վարչապետը ոչ այդքան դրական էր արտահայտվել 12 կետերը վերանայելու մասին: Ըստ էության, վարչապետի առաջարկը կարելի է դիտարկել իբրեւ զուտ քաղաքական՝ առավել պոպուլիստական, ականջահաճո հայտարարությունների հարթությունից տեղափոխել մասնագիտական՝ առավել օբյեկտիվ քննարկումների դաշտ: Ոչ իշխանական ուժերը, սակայն, համամիտ չեն դրա հետ: ՀԱԿ-ն ընդհանրապես հրաժարվեց մասնակցել վարչապետի առաջարկի առիթով ԱԺ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությանը, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» թեեւ հանդիպման գնացին, բայց բովանդակային քննարկումների մեջ հրաժարվեցին մտնել:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն «Առավոտի» հետ զրույցում վերահաստատեց իրենց մոտեցումը` այսօրինակ քննարկումների միջոցով իշխանությունն ընդամենը փորձում է իմիտացիա ստեղծել, թե կառուցողական է տրամադրված, մինչդեռ նպատակը զուտ ժամանակ ձգելն է, իրական խնդիրներից ուշադրությունը շեղելը: «Ես ուղղակի այդ հանդիպման ժամանակ ասացի, որ դուք վստահություն չեք ներշնչում, թե իսկապես պատրաստ եք անկեղծորեն ընդդիմության հետ միասին աշխատելու։ Նորից անդրադարձա Ընտրական օրենսգրքի փոփոխություններին»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ եթե իշխանության ցանկություններն իրական են, ապա առանց վարանելու կանցնի Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին` մեծամասնական ընտրակարգը վերացնելու եւ ընտրողների ցուցակները հրապարակելու եռյակի առաջարկները կընդունվեն. «Դրա համար ժամանակ պետք չէ, ընդամենը քաղաքական կամք է պետք: Դրանով իշխանությունը ցույց կտար, որ անկեղծ է իր մղումներում, եւ վստահության դաշտ կձեւավորվեր»,- ասաց պատգամավորը։

Եռյակի նախկին գործընկեր, ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ոչ իշխանական ուժերի նման մոտեցումը լուրջ չի` առաջարկում ես մի բան, ասում են՝ եկեք քննարկենք, դու հրաժարվում ես: Նման մոտեցումը, ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի, ոչնչի չի կարող հանգեցնել:

Ռուբեն Հակոբյանը սվիններով չի ընդունում նախկին գործընկերոջ դիտարկումը: Ասում է` գնահատականի հարց է. «Տեսնենք՝ իրենց ոչ նման մոտեցումն ինչի կբերի: Ժամանակը ցույց կտա, թե ում մոտեցումն էր ավելի ճիշտ»: ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» դիրքորոշումն ընդունելի չէ նաեւ քաղաքական մեծամասնության համար: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ նման մոտեցումը մարգինալ համարեց. «Քաղաքական երկխոսության մերժումը դրական երեւույթ չէ: Մերժում են առհասարակ երկխոսությունը նրանք, ովքեր ասելիք եւ անելիք չունեն քաղաքական դաշտում: Մերժումը մարգինալների գործելաոճն է»: Նրա համոզմամբ՝ լուրջ քաղաքական ուժը, որը մտահոգված է երկրում բարեփոխումների իրականացմամբ, ոչ թե սեփական փոքր դերակատարումն է ցանկանում ավելացնել, այլ պետք է գնա երկխոսության. «Երկխոսությունը նրա համար է, որ իշխանությունն ու ընդդիմությունը մոտեցնեն իրենց տեսակետները` հասարակության խնդիրները լուծելու համար:

Եթե դու ուլտիմատումներ ես ներկայացնում, նեղացածի կերպար ես ընդունում, դա մարգինալության նշան է»:
Եռյակն ասելիք ու անելիք ունի՞, «Առավոտի» հարցին Ռուբեն Հակոբյանը հեգնական ժպիտով ասաց. «Մենք երկխոսությունից չենք հրաժարվում: Մենք իմիտացիոն գործընթացներից ենք հրաժարվում, հրաժարվում ենք բոլոր այն «կառուցողական» հայտարարություններից ու առաջարկություններից, որոնք բոլորովին այլ նպատակ են հետապնդում` ուշադրություն շեղել, ընդդիմադիր քաղաքական ուժերին ներգրավել գործընթացներում, որոնք որեւէ բան չեն խոստանում: Իսկ իշխանությունն այդ ընթացքում ներկայանում է որպես կառուցողական առաջարկության հեղինակ»: Դիտարկման հետ` եթե եռյակի ուժերը այս հարթության մեջ չեն ցանկանում քննարկել իրենց իսկ կողմից առաջարկված 12 կետերը, ապա տպավորություն է, որ 12 կետերը եռյակի ուժերին ձեռնտու են չկատարված տեսքով՝ որպես քաղաքական գործիք օգտագործելու համար, Ռուբեն Հակոբյանը չհամաձայնեց:

Այսօր, ի դեպ, եռյակի հերթական նիստն է լինելու: Նախորդ հանդիպումից հետո Ռուբեն Հակոբյանն ասել էր, որ համատեղ հանրահավաքի հարցը եռյակի օրակարգում է ու առաջիկա հանդիպումներում առավել հստակ պատասխան կտրվի: Հետաքրքրվեցինք` այս ամբողջ գործընթացն առավել հստակություն կմտցնի՞ եռյակի ասելիք կամ անելիքներում: «Նիստից հետո, կարծում եմ, ներկա կլինեք ճեպազրույցին եւ այդ մասին մանրամասն կիմանաք»,- ասաց նա:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    պոպուլիզմ – ամբոխահաճութիւն
    իմիտացիա – պատրանք
    մարգինալ – լուսանցքային, ծայրայեղ
    ուլտիմատում – վերջնագիր

    Իմ խորին համոզմամբ, օտար բառեր թէկուզեւ հնչել են պաշտօնեաների կողմից, գրաւոր խօսքում անհրաժեշտ է բառի կողքը փակագծում ներկայացել հայերէն համարժէքը:

    Երէկ, օրինակ, ՊԱԺԱՐ բառն էր: Հաւատացէք, ռուսերէն չիմացող սփիւռքահայը այդ բառը չգիտի, որքան էլ որ այն լայն տարածում ունի Հայաստանում:

    Հիմա Շարմազանովն ասել է. «Եթե դու ուլտիմատումներ ես ներկայացնում, նեղացածի կերպար ես ընդունում, դա մարգինալության նշան է»:

    Կարելի է այդ ամէնը գրել այսպէս՝

    «Եթե դու ուլտիմատումներ [վերջնագրեր – Ն.Գ.] ես ներկայացնում, նեղացածի կերպար ես ընդունում, դա մարգինալության [ծայրայեղութեան – Ն.Գ.] նշան է»:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930