Ակնհայտ է, որ գլոբալ տնտեսական զարգացման խոչընդոտները քաղաքական են
Դուք տեսե՞լ եք, որ մարդիկ մի օր համաշխարհային տնտեսության համագործակցության նոր մոդելներ մշակեն, իսկ հաջորդ օրը մտածեն, թե տնտեսական հակամարտության ի՛նչ նոր միջոցներ են կիրառելու: Հենց այդպիսի տպավորություն է ինձ վրա թողել անցած հանգստյան օրերին ավստրալական Բրիսբեն քաղաքում G20-ի՝ «Մեծ 20-յակի» գագաթնաժողովը: Այդ խմբի մեջ մտնում են 19 երկրներ՝ գումարած Եվրամիությունը: G20-ի երկրներում ապրում է աշխարհի բնակչության երկու երրորդը, նրանց բաժին է հասնում համաշխարհային ՀՆԱ-ի 85 տոկոսը եւ առեւտրի 75 տոկոսը: Նրանց լիդերներից, հետեւաբար, շատ բան է կախված:
Եվ ահա շաբաթ օրը նրանք քննարկում էին, թե ինչպես բարելավել գլոբալ տնտեսության վիճակը, իսկ կիրակի օրը Բարաք Օբաման հանդիպել է ԵՄ առաջնորդների հետ եւ քննարկել, թե ինչպիսի նոր տնտեսական պատժամիջոցներ է հնարավոր կիրառել Ռուսաստանի դեմ: Ակնհայտ է, որ այդ երկու գործընթացներն իրար հակասում են:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովի, ինչպես ընդունված է ասել, «լուսանցքներում» հանդիպել է Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի ղեկավարների հետ: Թեման, բնականաբար, Ուկրաինան էր: Արեւմտյան պետությունների ղեկավարները, ըստ երեւույթին, իրենց ռուսաստանցի գործընկերոջը կոչ են արել դուրս բերել զորքերը Ուկրաինայից եւ ծանր տեխնիկայով չզինել Դոնեցկի եւ Լուգանսկի ապստամբներին: Պուտինն էլ, պետք է ենթադրել, ասել է, որ Ուկրաինայում ոչ մի զորք չունի եւ ոչ մեկին էլ չի զինում: Խոսակցությունն, այսպիսով, շատ կառուցողական էր:
Այս դեպքում, իհարկե, փաստերը Պուտինի օգտին, մեղմ ասած, չեն խոսում: Բայց դեռ հարց է, թե որքանով են արդյունավետ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնց մասին Բրիսբենում սպառնալից տոնով խոսում էին, մասնավորապես, Բրիտանիայի, Ավստրալիայի վարչապետներ Քեմերոնն ու Էբոթը, ինչպես նաեւ ԵՄ նախագահ Վան Ռոմպեյը: Այո, պատժամիջոցները վնասում են Ռուսաստանի տնտեսությանը, բայց պետք է հասկանալ, որ դրանք խփում են շարքային ռուսաստանցիների գրպանին, իսկ վերջիններս պատրաստ են դիմանալ ցանկացած փորձությունների, միայն թե Ղրիմը, Ուկրաինան եւ մնացած «կայսերական տարածքները» իրենցը լինեն: Այս առումով, ինչպես առաջ էին ասում, «կուսակցությունն ու ժողովուրդը միասնական են»: Եվ արդյոք այդ՝ ոչ արդյունավետ պատժամիջոցները չե՞ն խանգարում այն խնդիրների լուծմանը, որոնք ընդգրկված էին համաժողովի օրակարգում:
Կարդացեք նաև
«Մեծ 20-յակի» պաշտոնական օրակարգի մեջ էր համաշխարհային տնտեսության մարտահրավերների քննարկումը: Բանն այն է, որ աշխարհի մասշտաբով թեեւ նկատվում է ՀՆԱ-ի աճ, այն շատ դանդաղ է եւ չի բավարարում «20-յակի» լիդերներին: 2008 թվականի ճգնաժամից հետո երկրների մեծամասնությունը այդպես էլ չի կարողացել հասնել «նախաճգնաժամային» ցուցանիշներին: Միջազգային կազմակերպությունների կանխատեսումներն էլ բավականին համեստ են՝ մոտակա երեք տարիների ընթացքում գլոբալ տնտեսության աճը չի գերազանցի 4 տոկոսը: Կանխատեսումների թվերն իջել են, մասնավորապես, եվրոպական տնտեսական առաջատարների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի անբավարար արդյունքների պատճառով: Օրինակ՝ Գերմանիայի արտահանումը այս տարվա օգոստոսի ընթացքում ընկել է 5,8 տոկոսով:
Այդ խնդիրների ինչպիսի՞ լուծումներ է առաջարկում «20-յակը» եւ ինչի՞ մասին էր խոսվում Բրիսբենում: Ստեղծել Սիդնեյում ենթակառուցվածքների «հաբ» (հանգույց), որը կօգնի իրար հետ կապել կառավարությունները, ընկերությունները, ներդրողներին, ինչպես նաեւ բարեփոխել համաշխարհային ֆինանսական «ճարտարապետությունը», հարկահավաքության ոլորտը եւ այլն:
Բայց համաշխարհային լիդերներն, իհարկե, հասկանում են, որ դա «կոսմետիկա» է, եւ տնտեական անբավարար աճի պատճառները քաղաքական են: Ամենից շատ այսօր խանգարում են չլուծված երկու խնդիրները՝ Ուկրաինան եւ «Իսլամական պետությունը»: Առաջինը ստեղծել են Արեւմուտքն ու Ռուսաստանը՝ ուկրաինական անփորձ ու անհեռատես իշխանությունների «աջակցությամբ»: Երկրորդ խնդիրը ստեղծել է բացառապես Արեւմուտքը, եւ ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչպես է պատահել, որ վերլուծական եւ հետախուզական հսկա ներուժ ունեցող Միացյալ Նահանգները չէր հաշվարկել, թե ինչի է հանգեցնելու «Իրաքում ժողովրդավարության հաստատումը», «արաբական գարունը» եւ իր կողմից ձեռնարկած մնացած «միջոցառումները»:
Արդյունքները հայտնի են. անկայուն իրավիճակ Միջին Արեւելքում, նավթի գնի անկում, փոխադարձ պատժամիջոցներ, որոնցից տուժում են բոլորը՝ թե՛ կիրառողները եւ թե՛ «թիրախները»: Փողը, բիզնեսը սիրում է կայուն, հանգիստ, կանխատեսելի միջավայր: Թերեւս կարելի է համաձայնել այդ առիթով արված «The Japan Times» թերթի մեկնաբանության հետ. «Դա բոլոր խաղացողների համար պարտված իրավիճակ է: Միջազգային հարաբերությունների չափազանց լարված այս ժամանակահատվածում միտք է առաջանում, որ դեռեւս ուշ չէ փորձել այլ՝ պակաս «առճակատային» մարտավարություն»: Հեռավոր Արեւելքում ավելի հեռուն են մտածում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.11.2014