Լրահոս
Օրվա լրահոսը

«Յունուսներն ու Միրկադիրովը հասարակ մարդիկ են, ինչպես ես»

Նոյեմբեր 19,2014 17:00

Ըստ Զարդուշտ Ալիզադեի` Ալիեւն այդպես է վարվում նրանց հետ, որպեսզի «ժողովուրդն իրեն պարտավորված զգա միաբանվել ազգի «փրկչի» շուրջը»

Հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Փարիզում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը: Ինչպես հայտնում էին այդ օրը ֆրանսիական գործակալությունները` փարիզյան հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Իլհամ Ալիեւի հետ տետ-ա-տետ քննարկել էր նաեւ Ադրբեջանում «Հայաստանի օգտին լրտեսության» մեջ կասկածվող մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի հարցը: Այդ օրը լրատվամիջոցները նաեւ տեղեկացրին, որ Ալիեւին ճանապարհելիս ֆրանսիացի լրագրողներից մեկը հարցրել էր` արդյոք Օլանդ-Ալիեւ հանդիպման ընթացքում անդրադարձ եղե՞լ է Ադրբեջանի քաղբանտարկյալների, մասնավորապես՝ Լեյլա Յունուսի հետ կատարվածին, որին Ֆրանսիայի նախագահ Օլանդը դրական պատասխան էր տվել, իսկ Ալիեւը ժպտալով հեռացել էր` հարցն անպատասխան թողնելով:

Սակայն հոկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ մինչեւ հաջորդ տարվա մարտի 5-ը երկարաձգվեց Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի աշխատակից Արիֆ Յունուսի կալանքի ժամկետը: Իսկ ավելի վաղ` հոկտեմբերի 24-ին, չորս ամսով երկարացվել էր Լեյլա Յունուսի կալանքը: Լեյլան եւ նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը, մեղադրվում են առանձին մարդկանց հետ գաղտնի համագործակցելու մեջ՝ հայկական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ գործողությունները համակարգելու համար:

Ապրիլից անազատության մեջ է ադրբեջանցի հայտնի քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը, որը մեղադրվում է պետական դավաճանության մեջ: Ադրբեջանական «Զերկալո» ռուսալեզու թերթի հայտնի վերլուծաբան Միրկադիրովը Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի նախագծերում հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ համատեղ բազմաթիվ նախագծերի ակտիվ մասնակից էր, նա բազմիցս այցելել էր Հայաստան` միջազգային համաժողովների մասնակցելու նպատակով:

Aravot.am-ը ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին հարց ուղղեց, թե Ադրբեջանի նախագահի կողմից հայերի հետ շփումներ ունեցած ադրբեջանցիների նկատմամբ հետապնդումները ի՞նչ նպատակ են հետապնդում, ի՞նչ խնդիր է լուծում Ալիեւը՝ նրանց բանտերը նետելով:

«Նախ` հասարակությանը ներշնչում են, թե անկախ իրենց քաղաքական հայացքներից, սեռից եւ մաշկի գույնից՝ եթե հայ է, ուրեմն թշնամի է, իսկ այդպես ներշնչում են, որպեսզի ժողովուրդն իրեն պարտավորված զգա միաբանվել ազգի «փրկիչ» նախագահի շուրջը: Եվ որպեսզի այդ ամբողջական պատկերը չխաթարվի, որպեսզի մարդիկ չհարցնեն` այս ադրբեջանցիները հայերի հետ են, եթե նրանք մեր թշնամիներն են, բայց հանդիպում են հայերին, զրուցում են, շփվում են, հարցեր են լուծում, ուրեմն` ո՞չ բոլոր հայերն են թշնամի… Այդ իսկ պատճառով պետք է ապացուցել, որ այն հայերը, որոնք համագործակցել են ադրբեջանցիների հետ, դրանք ուխտադրուժ, նենգ հայեր են, որոնք ադրբեջանցիներից գաղտնի տեղեկություններ են ստանում: Ահա այդ գործն է սարքվել Ադրբեջանում, մարդիկ ձերբակալվել են, դրա մասին իշխանական քարոզչամեքենան իր ԶԼՄ-ներով բարձրաձայնում է»,- նշեց Զարդուշտ Ալիզադեն:

Ալիզադեն նաեւ պատմեց, թե ինչ է պատասխանել ինքը, երբ ադրբեջանցի լրագրողներն են հետաքրքրվել «հայկական լրտեսական» գործով: «Երբ ինձ հարցրին, թե` ի՞նչ կարող եք ասել Յունուսների եւ Միրկադիրովի լրտեսական գործի մասին, պատասխանեցի, որ նրանք այնպիսի հասարակ մարդիկ են, ինչպես ես: Նրանք պետական, ռազմական գաղտնիքներ իմանալու հնարավորություն չէին կարող ունենալ: Եթե նրանց դրանում են մեղադրում, ուրեմն նրանց կողքին պետք է լիներ չորրորդը` այդ գաղտնի տեղեկությունների սկզբնաղբյուրը, օրինակ` նախագահի աշխատակազմի, պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության աշխատակիցը… Այլապես ցանկացած ռացիոնալ տրամաբանող մարդ հարց է տալիս` որտեղի՞ց են նրանք ձեռք բերել այդ ռազմական գաղտնիքները, որոնք հաջող կերպով վաճառել են հայերին: Եթե չկա նման սկզբնաղբյուր, նրանք այդ ամենը հորինել են, եւ սուտը հաջող կերպով հայերին են մատուցել, ապա դրա համար նրանց պետք է Ադրբեջանի պետական պարգեւներ շնորհել, որովհետեւ նրանք տնտեսապես թուլացրել են Հայաստանը` հայերին վաճառելով կեղծ, հորինված պետական գաղտնիքներ: Իսկ եթե իրական են գաղտնիքները, ուրեմն ցույց տվեք՝ որտե՞ղ է սկզբնաղբյուրը»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Արիֆ եւ Լեյլա Յունուսները:

«Առավոտ» օրաթերթ
18.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    տետ-ա-տետ – դէմ առ դէմ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930