Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը պահեց խոստումը

Նոյեմբեր 19,2014 16:30

Նոր քաղաքական մշակո՞ւյթ

Շաբաթ օրվա նիստում կառավարությունը հավանություն էր տվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը երեկ քննարկվեց նաեւ խորհրդարանում` լիակատար համերաշխության մթնոլորտում: Նախագիծը կարգավորում է կառավարության հաստատած ցանկում ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցության ցուցաբերումը: Ըստ այդմ, սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված եւ սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են ՀՀ պետբյուջեի միջոցներից: Փոխհատուցման ենթակա ծավալները եւ փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է կառավարությունը:

Մասնակի փոխհատուցվում է նաեւ վերը նշված անձանց սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած հողերի հողի հարկի եւ անշարժ գույքի գույքահարկի ծախսը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով համարժեք գումար կստանան նաեւ այն բնակիչները, ովքեր գազից չեն օգտվում, որպեսզի ջեռուցման այլընտրանք ունենան: Այդ համայնքներում ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով օթեւանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետբյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթեւանով՝ նույն համայնքի տարածքում: Սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն կառավարության սահմանած կարգով՝ հուղարկավորության եւ գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման եւ տեղադրման ծախսերի համար:

Այս հարցն ամիսների նախապատմություն ունի: Օգոստոսյան սահմանային լարված իրավիճակի օրերին, երբ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ այցելեցին մի շարք սահմանամերձ գյուղեր, համաձայնություն էր ձեռք բերվել կառավարության հետ համատեղ նախագիծ ներկայացնել: Մինչ այդ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սեփական նախագիծը ներկայացրեց, ապա կառավարությունը` սեփականը: Երկու նախագծերն էլ բուռն քննարկվեցին: Կոմպրոմիսային տարբերակ որոշվեց` կառավարության նախագծում ներառել Նիկոլ Փաշինյանի եւ մնացյալ խմբակցությունների առաջարկները:

Կառավարությունը պահեց խոստումը: Երեկ այդ նախագիծը խորհրդարանում բազում դրվատանքի խոսքերի արժանացավ: Նոր առաջարկներ էլ հնչեցին:

«Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ կառավարությունն, ըստ էության, մեկ` սոցիալական աջակցության ուղղությամբ փորձ է արել համադրել բոլոր առաջարկները, ու դա լավ նախաձեռնություն է. «Այն, ինչ որ նախատեսված է, բավական կթեթեւացնի սահմանամերձ գյուղերի սոցիալական վիճակը: Սա այն էր, ինչը մենք որպես առաջին խնդիր էինք ձեւակերպել: Բայց դեռ մնում է չլուծված «սահմանապահ գյուղ» հասկացության հարցը»: ՀՅԴ պատգամավորը կարծում է, որ միայն սոցիալական ուղղվածությամբ հնարավոր չէ լուծել թշնամու թիրախի տակ գտնվող գյուղերի խնդիրները. «Այդ մարդիկ ուղղակի բանակային ռեժիմով են ապրում, եւ չպետք է սպասել եւս մեկ լարված իրավիճակի, որ հասկանանք` կան գյուղեր, որոնք տարբերվում են մյուս սահմանամերձ գյուղերից: Դրանք 10-15-ն են` Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար եւ այլն, որոնց համար հատուկ կարգավիճակ պետք է սահմանել` տալով ռազմական բազայի կարգավիճակ: Սա խտրականություն չի կարող առաջացնել, բոլորն են պատկերացնում, որ այդ բնակավայրերի վիճակն էապես տարբերվում է»: Դիտարկմանը` դա կարելի է երկրորդ քայլով անել, Արմեն Ռուստամյանն արձագանքեց. «Դրա համար հիմա արձանագրում ենք, որ այս փուլում բավական լուրջ հարց է լուծվում, բայց դա բավարար չէ, չլուծված խնդիրներ կան»: Նա կարծում է, որ այդ հարցերը կարելի է բյուջեի պաշտպանական ոլորտում ներառել` ինքնապաշտպանության, հատուկ մոբիլիզացիայի եւ նման ենթավերնագրերում: «Ճիշտ կլինի, որ ՀՀ ՊՆ-ն հատուկ ցուցակ ներկայացնի այն գյուղերի, որոնք հենակետային վիճակում են»:

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր ելույթում հայտարարեց` այս նախագծի քննարկումը լավագույն ապացույցն էր նրա, որ քաղաքական համագործակցության ռեսուրսը ոչ միայն սպառված չէ, այլեւ ընդհանրապես օգտագործված չէ: Թեպետ ԲՀԿ-ական պատգամավորներն իրենց ելույթներում նաեւ շնորհակալություններ հնչեցրին կառավարության հասցեին` նման նախագծի համար, «Առավոտի» հարցին` հնարավո՞ր է սա դառնա իշխանության եւ ոչ իշխանական ուժերի համագործակցության առաջին քայլը, մանավանդ, որ նախագահը հանձնարարական է տվել վերանայել 12 կետերը, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Հայաստանում ապրելը քաղաքացու համար դարձել է անհնարին: Իրավիճակի կտրուկ փոփոխություն է անհրաժեշտ, եւ փոփոխությանը բոլոր խանգարողները պիտի հեռանան»: Մեր հստակեցնող հարցերին էլ ասաց, որ կառավարությունը վաղուց պետք է լուծած լիներ այդ խնդիրները, իսկ ՀՀ-ում կտրուկ փոփոխությունների իրականացումը ոչ իշխանական ուժերի թիվ մեկ խնդիրն է:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930