Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բյուջետային ԴԵԺԱՎՅՈՒ

Նոյեմբեր 19,2014 16:00

Մինչեւ 90-ականների սկիզբը մեզ մոտ նոյեմբեր ամիսը առանձնանում էր երկու նշանակալի իրադարձությամբ՝ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության եւ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման ֆարս-տոնախմբություններով: Հիմա այդ իրադարձությունները պաշտոնապես չեն նշվում, բայց դե, ինչպես դեռ հայտնի հռոմեական ասույթն է հուշում, ժողովրդին առանց շոու-հանդեսների չի կարելի թողնել: Ուստի հանրությանն առաջարկվում է կատակերգության, ֆարսի ու պղպջակային օպերայի մի այնպիսի խառնուրդ, ինչպիսին հերթական տարվա բյուջետային նախագծի ներկայացումն ու քննարկումն է:

Ինչպես ցանկացած միջոցառման, դրան հետեւում են նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Քավ լիցի, ես «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» օրենքի պահանջները նկատի չունեմ, թե «Պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները կազմակերպում է կառավարությունը՝ առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման հիման վրա՝ այդ որոշմամբ եւ սույն օրենքով նախատեսված ժամկետներում», կամ «Պետական կառավարման մարմիններն իրենց եւ համակարգի բյուջետային ֆինանսավորման հայտերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում» ու նման մանր-մունր խնդիրներ: Ամենակարեւորը՝ երեխային, այսինքն՝ նոր բյուջեն անվանակոչելն է: Թեեւ այս հարցում մեր կառավարության երեւակայությունը բավականին սահմանափակ է, մեկ-երկու անգամ փորձ արվեց երեխային մի քիչ յուրահատուկ անուն տալ՝ կայունացման բյուջե, զարգացման բյուջե, իրատեսական բյուջե, բայց որոշեցին նորարարությունները չշարունակել: Ու հիմա ինչ կառավարություն լինի, ինչ երեխա սպասվի, անունը դնում են սոցիալական բյուջե:
Անունը դնելով՝ գնդակը փոխանցում են ընդդիմադիրներին: Նրանց առաջին խնդիրն էլ երեխային որեւէ դիպուկ մականուն կպցնելն է: Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝ երեխային պետք է «յոլա տանելու» բյուջե անվանել, Վահան Բաբայանի խոսքով՝ «առաջընթաց չապահովող»։ Ստեփան Դեմիրճյանի կարծիքով՝ ինչ անուն էլ դնես, ճիշտ կլինի, բացի զարգացման բյուջեից։ Իսկ թե ո՞վ էր նման անուն առաջարկել՝ հայտնի չէ: Ամենադաժանը, ինչպես միշտ, Նիկոլ Փաշինյանն էր, որի կարծիքով՝ երեխայի միակ սազական անունը «անողնաշար բյուջեն» է:

Երեխայի անուն-մականուններ որոշելուց հետո սկսվում է ֆարսի երկրորդ մասը, որն ըստ վերոնշյալ օրենքի՝ կոչվում է «Պետական բյուջեի նախագծի քննարկումը եւ հաստատումը»:
Այստեղ ուզում եմ մի փոքր լիրիկական շեղում կատարել ու երախտիքի խոսքեր հղել ամենափրկիչ համացանցին: Հնարավորություն չունենալով անձամբ ներկա գտնվել բյուջեի քննարկումներին՝ ես պարզապես որոնումներ ծրագրի համապատասխան վայրում «բյուջեի քննարկումներ» գրեցի, եւ խնդրեմ՝ ողջ պատկերն աչքիս առաջ է: Ահա իշխանական թեւի ներկայացուցիչները կրկին հիշում են «միջազգային բարդ իրավիճակը», «մեր նամակը Չեմբեռլենին», տնտեսական ճգնաժամը, կրծքով պաշտպանում են ներկայացված բյուջեն ու հուզված ձայնով արձանագրում, թե իրենք էլ կուզեին աշխատավարձերն ու թոշակները կրկնապատկել ու եռապատկել, բայց «մենք կարողանում ենք անել այն, ինչ կարողանում ենք»՝ անընդհատ կրկնելով, որ բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի. երեւի որ չմոռանան: Ընդդիմադիրներն էլ հիշում են աղքատության եւ արտագաղթի աճը: Նշում են որ «այսօր բիզնեսը վաղուց սերտաճել է պետական, կառավարման համակարգի հետ, այն իշխանության հետ է, իշխանության մեջ է, կառավարությունում է»։ Պատգամավորներից մեկն էլ բյուջեին իր դիտողություններն է ներկայացնում, որոնք տարօրինակ կերպով կլոր թիվ են կազմում:

Հետո անցում է կատարվում սերիալի երրորդ մասին՝ քվեարկությանը: Արդյունքները՝ 70 կողմ, 40 դեմ, 1 ձեռնպահ՝ ձայների այս հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց 2014թ. պետական բյուջեն:

Սպասեք, ի՞նչ 2014թ., ի՞նչ «ընդունեց», բյուջեն դեռ քվեարկության չի էլ դրվել…
Ահա համացանցին կուրորեն վստահելու արդյունքը: 2014թ. պետական բյուջե քննարկումներն է բերել… Արագորեն 2015 թվականով եմ որոնում ու սկսում կարդալ: Կարդում եմ ու գոհունակություն ապրում: Նյութը փոխելու կարիք չկա: Կրկին ընդդիմադիր պատգամավորը կլոր թվով դիտողություններ է ներկայացրել, պարզապես այս անգամ 40-ի փոխարեն՝ 50, կրկին մյուս ընդդիմադիր պատգամավորը նշում է պետական, կառավարման համակարգի հետ բիզնեսի սերտաճման մասին: Իշխանական թեւի մի ներկայացուցիչ էլ միայն տնտեսական ճգնաժամին ավելացնում է «Իսլամական պետության» վտանգը, իսկ մյուսը հիացած արձանագրում, որ «կառավարությունն իր վրա վերցրել է պատասխանատվություն, որ գնում է ոչ թե սոցիալական ծախսերը կրճատելու ճանապարհով, այլ գնում է սոցիալական բյուջեի ճանապարհով, որ հնարավորինս այնպես անի, որ մեր խոցելի խավերը շատ չտուժեն»:

Բարի կամքի ինչպիսի դրսեւորում:

Ասել է թե՝ քվեարկության արդյունքներն էլ, ինչպես անցյալ տարի, նույնը կամ նման կլինեն՝ 70 կողմ , 40 դեմ, 1 ձեռնպահ:

ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930