Մի առիթով Վազգեն Սարգսյանին հարցրին, թե՝ պետական պաշտոնյա ես, ինչու էիր թիկնապահների փոխարեն անձրեւանոցը դու պահել Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխին («Հայլուրով» ցույց տվեցին)։ Ասաց. «Ես Լեւոնի գլուխը չէ, որ պաշտպանել եմ անձրեւից, այլ պետության։ Ես պետականամետ մարդ եմ, ոչ թե իշխանամետ»։ Նորանկախ Հայաստանի վաղ տարիներն էին, «պետականամետի» ու «իշխանամետի» տարբերությունն այնքան էլ պարզ չէր ինձ համար։ Կային մեր ընկեր գրողների մեջ՝ հիմնականում նախկին «պետականամետ» կոմունիստներ, ովքեր այս քսան տարվա մեջ «պետականամետի» անվան տակ վերածվեցին «կուսակցական տարածությունների տիեզերական ճամփորդների»։ Իսկ ես առաջվա պես համոզված պնդում եմ, որ պետականամետ լինելու համար պարտադիր չէ հոգուդ գանձերը հանես վաճառքի, այլապես փրկության ոգին լքելու է քեզ, սա է անխնա օրենքը կյանքի։
Ինչու հիշեցի այս ամենը։ Թվում է, թե առնչություն չունի գրելիքիս հետ։ Անշուշտ, ունի։ Առիթն այն փառավոր հոբելյանն է, որ նշեց չեխահայ համայնքը՝ Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում, նոյեմբերի 15-ին։ «Օրեր» եվրոպական անկախ պարբերականի 15-ամյա տարեդարձն է այսօր։ Եվ նրա հիմնադիր ու գլխավոր խմբագիր, չարքաշ լրագրող Հակոբ Ասատրյանի ծննդյան տարեդարձը։ Ասում եմ՝ չարքաշ, նրան ճանաչելով երկու տասնամյակից ավելի, ականատեսը նրա լրագրողական ու քաղաքացիական զուլալ ճանապարհի։ Ասում եմ՝ զուլալ, քանզի որեւէ կուսակցության ու հովանավորչության արդյունք չէ նրա ստեղծած անգնահատելի պտուղ «Օրեր» ամսագիրը։ Որեւէ մեկին պարտ չէ Հակոբի մարդկային ու քաղաքացիական խիղճը, բացի իր ընտանիքից, ում սրբազան նվիրումի ու փոխադարձ սիրո հաշվին կայացավ անհավատալի խիզախ այս ձեռնարկը։
Մեր աչքի առաջ ծնված, բազում սեւ օրեր քաշած, հայկական ու տեղական կյանքի ուրախություններին ու ցավերին տեր կանգնած այդ երազամանուկն այսօր արդեն իր անշրջելի գոյության կռվանի տերն է, անշուշտ։ Ավանդական սփյուռքում բազմաթիվ թերթեր ու ամսագրեր են տպագրվել, որոնք հարափոփոխ անկումներով ու վերելքներով այսօր էլ կան՝ շնորհիվ հայոց գրին ու ոգուն նվիրված համառ անհատների։ Անդառնալի ու հաստատուն եղավ, սակայն, Եվրոպայի սրտում արեւելահայերենով տպագրվող «Օրերի» գոյությունը հատկապես հետխորհրդային սփյուռքի համար։ «Օրերն» այս տասնհինգ տարիների ընթացքում դարձավ նոր սփյուռքի հայությանն իրար կապող, մեկ զգացումի լարով իրար շաղկապող ամուր օղակ, դարձավ կամուրջ՝ դրսում ապրող հայության ու Հայրենիքի միջեւ, ինչու չէ՝ նաեւ մեր ու մեր միջեւ։ «Օրերի» այս տասնհինգ տարիների տպագրված համարների մեջ կգտնեք ամեն բան՝ մշակույթ, քաղաքականություն, հայության առջեւ ծանրացած հազարումի խնդիրներ, նահանջ ու հաղթանակներ, պետությանը նետված բազում մարտահրավերներ։
Բայց… այդ հրապարակումների մեջ կա մի շատ կարեւոր ու նրբին միտում, որ երեւի լրագրողի արհեստավարժ աչքը կարող է նկատել. ՉԱՓԻ զգացումը, մեր երկրի ու պետականության հանդեպ անսահման հարգանքը, որը չի վերածվում քծնանքի։ Դա կարող է միայն ներքին գրաքննություն ունեցող ԱՆՀԱՏԸ, ԼՐԱԳՐՈՂԸ, ՔԱՂԱՔԱՑԻՆ տեղավորել իր մեջ։ Մարդ, ով կարող է սրտի բոլոր տագնապներով հասու լինել երկրում տեղի ունեցող բազմաբազում վայրիվերումներին ու հավասարակշիռ մնալ սպիտակ թղթի առաջ։ Լինել զինվորն ու հրամանատարը իր խոսքի։
Կարդացեք նաև
Իմ պատկերացումների ու ճանաչած քիչ մարդկանց մեջ ես Հակոբ Ասատրյանին եմ նկատում պետականամետ անհատ, լրագրող, խմբագիր ու հասարակական գործիչ։ Ով իր անկարելի ջանքերով քողազերծում է այն մտայնությունը, թե անհնար է լավ գործ ձեռնարկել՝ առանց վերեւների հովանավորչության։ Իսկ «Օրերն» ունի իր հստակ ու նվիրյալ հովանավորները, ովքեր տարիներ ի վեր, իսկապես, բացառիկ անկեղծությամբ են սատար կանգնել պարբերականին՝ հավատ ընծայելով Հակոբի անկեղծ, պարզ բնությանը, նրա գործուն մասնակցությանը համայնքի բոլոր ձեռնարկներին։ Ելույթներն ու ջերմ շնորհավորանքները շարունակվում են դահլիճում, Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը իր ու պետության գնահատանքի խոսքն է փոխանցում, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեդալով է պարգեւատրում Հակոբ Ասատրյանին, դահլիճում ամեն ելույթից հետո, Չեխիայում ապրող մեր տաղանդավոր զավակներն են ձոնում իրենց երգն ու կատարումը հոբելյարին։
Իսկ իմ աչքերի առաջ ժապավենի պես անցնում են Հակոբի հետ կապված ուրիշ, շատ ավելի մարդկային պատմություններ։ Երբ Հակոբը դեռ ուսանող էր Մոսկվայում, բայց հավատարմագրված էր ԽՍՀՄ ԳԽ-ում՝ որպես «Կայծ» թերթի թղթակից։ Մի օր երկուսով փախանք նիստից ու գնացինք շորեր գնելու ապագա նորածնիս համար։ Հակոբը լավ գիտեր քաղաքը ու շատ օգնեց ինձ։ Հետո, ձմեռվա խայտառակ սառնամանիքին, ամուսնուս հետ եկավ հիվանդանոց՝ ձեռքին իր պատրաստած համեղ կերակուրը. մութ տարիներն էին. ոչ գազ, ոչ լույս, ոչ տաքություն…որտեղից էր գնել մթերքը, ինչպես էր պատրաստել…հիմա էլ հուզվում ենք հիշելիս։ Սա պարզապես մարդու որակ է, որ անուն չունի։ Հակոբ Ասատրյանը ազնիվ գուրգուրանքով է ծառայում իր հրաշալի ընտանիքին։ Սա մենք տեսնում ենք ամեն Աստծո օր։ Հազվագյուտ հայր է իր խելացի ու կրթական հաջողություններ բերող զավակների համար։ Սիրող ամուսին՝ «Օրեր» պարբերականի էլեկտրոնային էջի գլխավոր խմբագիր, լրագրող Աննա Կարապետյանի կողքին։ Մտածում եմ՝ մի՞թե սրանից ավելին են պետական այն բարձր պարգեւները, որ ստացավ իր հոբելյանի 15-ամյա շքահանդեսին՝ «Օրեր» համաեվրոպական պարբերականի գլխավոր խմբագիր, լրագրող ու հասարակական գործիչ Հակոբ Ասատրյանը։
Բայց ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում՝ մեկը մյուսին չի խանգարում, հակառակը՝ լրացնում է։
Հոբելյանդ շնորհավոր, ընթերցողիդ կողմից միշտ սպասված, սիրելի «Օրեր»։
Ծնունդդ շնորհավոր, բոլորիս կողմից հարգված ու սիրված, սիրելի Հակոբ։
Արժանի՛ եք, ասում ենք ամենքս։
ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Պրահա
«Առավոտ» օրաթերթ
18.11.2014