Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրում ապրելու իրավունքը որոնելիս

Նոյեմբեր 19,2014 14:30

Հայտնի միտք է՝ ժողովրդավարությունն ապրում է միջին խավում… Չունենք մեկը, չենք ունենա եւ մյուսը: Իսկ ո՞վ պետք է առաջինն անհանգստանա այս խնդրով, եթե ոչ երկրի նախագահը, վարչապետը: Ուրեմն օրախնդիր պետք է լինի գոնե առաջին անհրաժեշտության իրերի ներկրման գործում օրենքով կամ կառավարության որոշմամբ բացառվի մենաշնորհ հասկացությունը: Հիշենք, թե քանի տարով մեր երկիրը հետ մնաց աշխարհից, երբ կապի ոլորտը 1994 թվականին 20 տարով մենաշնորհային տարբերակով տրվեց «ԱրմենՏելին»: Մենաշնորհային սխալի փորձն ունեինք, այլեւս չպետք է կրկնվեր, թե՞ ամեն նորանշանակ պետք է կրկնի նախորդների սխալներն էլ, չէ՞ որ խելոքները սովորում են այլոց սխալների վրա:

Երբ համատարած դատարկվում են գյուղերը, ապա նշանակում է, որ դա ոչ միայն ապաշնորհ կառավարիչների վերջին տարիներին անգործունակության հետեւանք է, այլեւ այդտեղ գործել են ինչ-ինչ ծրագրեր: Իսկ երկու տարի առաջ մեզանում բուռն խոսվում էր գյուղացիներին տրամադրվող, այսպես կոչված՝ «մատչելի վարկերի» մասին: Դրանց ոչ մատչելիության ու ավելին՝ հայ գյուղացիներին տնանկ դարձնելու մասին եղան բազմաթիվ հրապարակումներ եւ՛ մամուլում, եւ՛ հեռուստատեսությամբ: Խնդրին անդրադարձան նաեւ ԱԺ պատգամավորները: Առավել մանրամասն ուսումնասիրելու առիթն ունեցա նաեւ ես, երբ Արմավիրի մարզում անձամբ շփվեցի տուժած գյուղացիների հետ եւ տեսա նրանց հետ կապած պայմանագրերը:

Անհասկանալի էր, որ վարկեր տրամադրող արտասահմանյան կազմակերպություններից խաբված շատ գյուղացիներ բարձր տոկոսադրույքներով (ինչը սկզբում կազմակերպությունները խնամքով կոծկել էին՝ իրենց ծառայությունները գերագնահատելով՝ վարկի տոկոսը հասցրել 45-52%-ի) վերցրած մի քանի հարյուր դոլարի պատճառով ստիպված էին վաճառել սեփական տներն ու բռնել գաղթի ճամփան: Այս գործում առաջատար էր եւ մինչս օրս գործում է «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը: Վերջինս իր շահառուներին անգամ վարկի վերաբերյալ քաղվածքը տրամադրում էր 3000 դրամով (գուցե հիմա գինը մեղմե՞լ են), այն դեպքում, երբ թղթի մեկ տուփն արժեր 2500 դրամ: Ի դեպ, որոշ մանրամասներ. «1997թ.-ին Միավորված մեթոդիստների օգնության կոմիտեն (UMCOR) հիմնադրեց «Արեգակ» միկրովարկային ծրագիրը, որի նպատակն էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, ովքեր հնարավորություն չունեին օգտվելու ֆորմալ ֆինանսական աղբյուրներից` հատկապես հեռավոր շրջաններում:

Այս նպատակով՝ 2006թ. մարտին ընկերությունը գրանցվում եւ լիցենզավորվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, որպես «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն»:

Այս չարիքից անսահման տուժեցին ՀՀ մարզերի եւ ԼՂՀ սահմանամերձ մի շարք գյուղերի բնակիչներ: Ըստ իս, չի բացառվում, որ այս ծրագրերը միտումնավոր են թիրախ դարձրել ՀՀ հեռավոր շրջաններն ու ԼՂՀ-ն, իսկ մեր իշխանիկներն էլ ջուր լցրել նրանց ջրաղացին: Անհասկանալի է, թե ինչո՞ւ ԱՄՆ- ում գտնվող կազմակերպությունը, որ իրենից ներկայացնում է միավորված եկեղեցիների մեթոդիստների միություն, դասավանդում է Աստծո խոսքը, աշխարհի ավելի քան 80 երկրներում մարդասիրական օգնություն է իրականացնում տարբեր կարգի բնական աղետներից տուժածներին եւ կամ պատերազմական իրավիճակներում հայտնված փախստականներին, հանկարծ որոշեց իր «Արեգակ» վարկային կազմակերպության միջոցով հայ գյուղացու հաշվին գերշահույթներ ստանալ: Գուցե գործին մասնակից են ինչ-ինչ մութ ուժե՞ր, մերոնց մատն է խառնվա՞ծ կամ գյուղացու միամտությո՞ւնն է պատճառը:

Ինչեւէ… ԱՄՔՈՐ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի գյուղերում աշխատում է 12 տարուց ավելի, կա՞, արդյոք, որեւէ վիճակագրություն, թե քանի՞ ընտանիք է լքել իր գյուղը, քանի՞սն են վաճառել իրենց տները՝ վարկերը մարելու համար, այդ վարկերը մարելու համար քանի՞ մարդ է մեկնել արտագնա աշխատանքի այլ երկրներ, կամ կա՞, արդյոք, որեւէ վիճակագրություն, որ ցույց է տալիս, թե աղքատ գյուղացիներից, ում բարօրության համար նախատեսված էին այդ վարկերը, իսկապես հարստացե՞լ են եւ քանի՞սն են նրանք: Հարցեր, որ լուրջ հետազոտությունների ու հետեւությունների աղերս ունեն:

Գիտեմ, որ հարցերս առայժմ անպատասխան են, իսկ իրականությունը շատ պարզ է, ոչ մի զարգացած երկիր միկրովարկերի հաշվին գյուղատնտեսություն չի զարգացրել այն պարզ պատճառով, որ այդ վարկերի շնորհիվ աղքատ գյուղացին ավելի է աղքատանում, իսկ վարկեր տրամադրող կազմակերպություններն ավելի են հարստանում, բավական է նայել Պակիստանի, Եթովպիայի, Հնդկաստանի եւ միկրովարկերով հրապուրված այլ երկրների տնտեսությանների վրճակագրությանը, կտեսնենք, որ աղքատությունն այդ երկրներում ոնց կար, այդպես էլ շարունակվում է մնալ, ավելին` այն խորանում է՝ դառնալով կայուն ու շարունակական: Իրոք, վարկային խայծե՞ր, թե՞ զարգացման գրասենյակներ: Մենք վաղուց ենք հասկացել, որ մեզանում արվող ամեն փոփոխություն, որ կրում է առաջին հայացքից գայթակղիչ՝ ազգային, առողջացում, օպտիմալացում, արեգակ եւ այլ անվանումներ, իրենց մեջ պարունակում են ամենաապազգայինը, քայքայիչն ու կործանարարը: Արեւմուտքից քողարկված տեսքով սրանք ենք ներմուծել ու տարիների փորձով համոզվել, որ փչացրին հեռուստատեսությունը, դպրոցը, հիմա էլ հերթը գյուղինն է: Եվ պատահական չէ, որ գյուղերն են դատարկվում: Ուրեմն մեռնող երկիր ենք:

Ժամանակն է ու դեռ ուշացած, հարկ է վերացնել առաջին անհրաժեշտության իրերի ներկրման մենաշնորհությունը երկրում, տալ մանր ու միջին բիզնեսին իրական արտոնություններ, որ դրանք լոկ բառերի տեսքով կամ թղթի վրա չլինեն, պետք է մանրամասն ուսումնասիրվեն արտասահմանյան վարկային կազմակերպությունների վարքը, խբծ-ներով չուղղորդվենք, խնդիրները գյուղական կարգով չլուծենք ու մեկի աշխատատեղով մի ուրիշին շնորհակալություն չհայտնենք եւ հիշենք, որ ձուկը գլխից է հոտում: Պատճառները փնտրենք նաեւ մեր անտերունակության եւ անտեղյակության մեջ:

Գ. ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930