Լրահոս
Օրվա լրահոսը

Որակյալ կրթության փնտրտուքով

Նոյեմբեր 19,2014 13:30

Արտասահմանյան կրթական ծրագրերը բավականին գրավիչ են, ուստի շատ երիտասարդներ տեղեկանալով արտասահմանում գործող համակարգերին՝ մեծ ցանկություն են ունենում մասնակցելու դրանց: Ոմանք արտերկրում կրթություն ստանում են զուտ այնտեղ լինելու համար կամ ելնելով այն հանգամանքից, որ արտերկրյա կրթությունը համարվում է նորաձեւ, միեւնույն ժամանակ կան նաեւ այնպիսի երիտասարդներ, որոնք ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները, ձեռք բերել կայուն հմտություններ եւ ունակություններ, վերադառնալ Հայաստան եւ իրենց գիտելիքները կիրառել հայրենիքում: «Դրսի» կրթական համակարգի էության, դրական եւ բացասական կողմերի մասին մեզ հետ զրույցում խոսեցին արտասահմանում կրթություն ստացած կամ սեմինարների մասնակցած հայ երիտասարդները:

Դավիթ Դավթյանը (լուսանկարում) լրագրող է, 22 տարեկան: «Հայտարարությունը կարդացի համացանցում, ՀՊՄՀ-ն մրցույթ էր անցկացնում ամառային դպրոցի համար: Ընկերներս խորհուրդ տվեցին մասնակցել, փորձեցի ու ստացվեց: Իսկապես օգտակար էր: Մրցույթին մասնակցնելու համար անհրաժեշտ էր անգլերենի իմացություն, գրագիտություն, բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն: Առաջին փուլը հարցազրույց էր, հանձնաժողովը հարցուփորձ արեց պատմությունից, ազգային արժեքներից ու մշակույթից, երկրորդ փուլը վիճակահանություն էր, որպեսզի անկողմնակալ լիներ ընտրությունը: Եվրոպական ցանկացած պետություն տարբերվում է Հայաստանից, միայն կենցաղն ու սովորույթները բավական են՝ նոր ոճ ձեւավորելու համար: Ավելի ստույգ, ինձ հետաքրքրեց կրթական որակը եւ բարձր նշաձողը, երիտասարդներն ազատ են ստեղծագործելու մեջ ու դասերը չեն անցնում մեզ մոտ ընդունված ավանդական եղանակով: Եթե կրկին լիներ հնարավորություն, անշուշտ, կմասնակցեի, որովհետեւ վերադառնալուց հետո զգում եմ, անգամ իմ մասնագիտական գործունեության ընթացքում, թե ինչ նոր ու թարմ մտքեր են գալիս, մյուս կողմից էլ՝ նոր ընկերներն ու կապերը: Դրանք անմոռանալի օրեր էին»,- պատմում է Դավիթը:

karine-brsoyan

23-ամյա Նարե Մանուկյանը տնտեսագետ է: Սլավոնական համալսարանն ավարտելուց հետո նրա մոտ կրկին ցանկություն է առաջացել ուսումը շարունակել արտասահմանում, եւ իրեն հնարավորություն է ընձեռվել մեկնել Պրահա: «Մասնակցեցի Կարլով համալսարանի վերապատրաստողական կուրսերին, որտեղ մեկ տարի չեխերեն սովորեցի, այնուհետեւ ընդունվեցի համալսարանի «Էկոնոմիկա եւ մենեջմենթ» բաժինը, որտեղ ուսումն ամբողջովին անվճար էր: Այնտեղ կրթությունն ամբողջովին տարբերվում էր Հայաստանում գործող կրթությունից: Դասախոսը ուսանողների գրավոր աշխատանքները ստուգելուց չգիտեր, թե դա կոնկրետ ում աշխատանքն է, եւ դա լավ է այնքանով, որ կոմնակալություն չէր լինում: Կրթությունը բավականին բարձր մակարդակի էր, հաճախ տարբեր երկրների լավագույն համալսարաններից պրոֆեսորներ էին հրավիրվում, որոնք անցկացնում էին դասընթացներ: Սովորելը բավականին բարդ է, հատկապես այն ուսանողների համար, որոնք տվյալ երկրից չեն: Ես կարծում եմ, որ մարդ չպետք է օտար երկրում կրթություն ստանալուց հետո մնա այնտեղ: Ես վերադառնալու եմ Հայաստան եւ աշխատելու եմ իմ երկրում»,- վստահ է Նարեն:

26-ամյա Կարինե Բրսոյանը (լուսանկարում), որ եվրոպագետ է ու թարգմանչուհի, անդամակցում է «Սերունդ» համահայկական երիտասարդական կենտրոնին եւ տեղի տեղեկատվական ու քարոզչական թիմի համաղեկավարն է: «Մենք բազմաթիվ փոխանակման ծրագրեր (թրեյնինգներ, սեմինարներ եւ այլն) ենք ունենում: Նման ծրագրերից երկուսին մասնակցել եմ Մոլդովայում եւ Մեծ Բրիտանիայում: Մասնակցելու ցանկությունս շատ մեծ էր, քանի որ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շնորհիվ երիտասարդները ձեռք են բերում մեծ փորձ, շփում այլ երկրի մշակույթը կրողների հետ՝ միաժամանակ ներկայացնելով սեփական մշակույթը: Ծրագրին մասնակցելու համար ամենակարեւոր եւ հիմնական նախապայմաններից էր անգլերենի իմացությունը: Ոչ ֆորմալ կրթության առավելություններից մեկն, ըստ իս, այն է, որ լեզվական սահմանափակումները չեն խանգարում մասնակցությանը եւ բավարար անգլերեն իմացող երիտասարդներին հնարավորություն են տալիս սովորել, ցույց տալ ունակությունները, ձեռք բերել մեծ փորձ: Մի խոսքով, այդ դասընթացներն ինձ տվեցին այնպիսի փորձ, որը կիրառում եմ աշխատանքում, դրանց միջոցով ես սկսեցի ավելի լավ եւ անկաշկանդ արտահայտել իմ մտքերը, բարելավեցի լեզվական գիտելիքներս եւ ինչու չէ՝ ձեռք բերեցի օտարերկրացի ընկերներ: «Դրսում» կրթությունն ավելի հստակ է պլանավորած, քան մեզ մոտ, մարդիկ, հայաստանցիների համեմատ, ավելի անկաշկանդ են եւ չեն վախենում մտքերն արտահայտելուց ու սխալվելուց»,- նշում է մեր զրուցակիցը:

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ

18.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930