Գործակալություններն էլ նրանց հիմնականում ուղղորդում են
ոչ թե մասնագիտական ոլորտ, այլ արագ սննդի կետեր
Դիմե՞լ աշխատանքային գործակալություններին, թե՞ ոչ, վստահե՞լ նրանց, թե՞ ինքնուրույն փորձել աշխատանք գտնել։ Սա այն հարցերից մեկն է, որը տանջում է աշխատանք փնտրողներին, մասնավորապես՝ ուսանողներին: Մանավանդ որ, որոշ աշխատանքային գործակալությունների գործունեությունը լիցենզավորված չէ եւ թյուրմացություններից ու տհաճ պատմություններից խուսափելն այս պարագայում բարդ խնդիր է։ «Պերսոնա» կադրային կենտրոնի տնօրեն Մարինա Ավագյանը վստահեցնում է, որ իրենք պահում են իրենց դիմած յուրաքանչյուր կադրի տվյալներն այնքան ժամանակ, մինչեւ աշխատանքով ապահովեն. «Հստակ ժամանակահատված չենք նշում պայմանագրում, մենք աշխատում ենք անժամկետ, այսինքն՝ մեզ դիմողն այնքան ժամանակ է գրանցված մնում, մինչեւ չգտնի իրեն համար համապատասխան աշխատանք։ Մենք պաշտպանում ենք ոչ թե գործատուների, այլ հենց գրանցվողների շահերը»։
Գործակալությունների համար առավել դժվար է ուսանողներին հարմար աշխատանք գտնելը, քանի որ նրանցից շատերն ունեն աշխատանքային փորձի պակաս, ինչն էլ գործատուներին ձեռնտու չէ։ Մարինա Ավագյանի համոզմամբ՝ գործակալություն դիմողների մոտ 30%-ը ուսանողներ են, հիմնականում լեզվաբանի, տնտեսագետի եւ ծրագրավորողի մասնագիտացում ունեցող անձինք. «Առավել շատ գործատուները փնտրում են հենց տնտեսագետի, իրավաբանի, ինչպես նաեւ լեզվաբանի մասնագիտություն ունեցող ուսանողների։ Այստեղ խնդիր է առաջանում ժամային գոտում՝ ուսանողների մեծ մասին հարմար է 14։00-ից հետո անցնել աշխատանքի, իսկ շատ հաճախ գործատուներին հարկավոր է օրվա առաջին կեսին աշխատող անձ»։
«Շանս» աշխատանքի տեղավորման գործակալությունից Սոնա Ոսկանյանը նույնպես հաստատեց, որ ուսանողների համար մեծ խնդիր է առաջացնում ժամային գրաֆիկը. «Եթե գտնվում է աշխատանք, ապա դա լինում է ոչ մասնագիտական, օրինակ՝ արագ սննդի կետերում են հիմնականում լինում պահանջները, քանի որ դրանք հերթափոխով են եւ հարմար ուսանողների ժամանակացույցին»։
Կարդացեք նաև
Աշխատանք փնտրող ուսանողներից շատերը եւս մեկ խնդրի առաջ են կանգում՝ որոշ ժամանակ աշխատելով հասկանում են, որ աշխատանքի դիմաց չեն վարձատրվելու, այսինքն՝ ենթարկվում են շահագործման եւ այլեւս չեն շարունակում աշխատանքը։ Մարինա Ավագյանը վստահեցրեց, որ նման դեպքեր իրենց գործակալությունում չեն պատահում. «Մեզ մոտ նման դեպք դեռ չի եղել, երբ աշխատեցնեն եւ աշխատանքի չվերցնեն։ Իսկ եթե, օրինակ, ինչ-ինչ պատճառներով ուսանողն աշխատել է որեւէ ժամանակահատված եւ հետո դուրս եկել, ապա մենք այդ դեպքում եւս պահպանում ենք մեր պայմանագիրը, հավելյալ տոկոս նույնպես չենք վերցնում եւ փորձում ենք անպայման ապահովել համապատասխան աշխատանքով»։
«Շանս» աշխատանքի տեղավորման գործակալությունը նույնպես այնտեղյակ էր այս փաստից. «Դեռ նման դեպքի չենք հանդիպել, միշտ այս մտավախության մասին լսենք ենք կադրերից։ Սակայն կոնկրետ մեր գործակալությունում կարգն այնպես է, որ առաջին մեկ ամսում կապը պաշտպանում ենք կադրի հետ, իսկ հետագայում արդեն՝ ոչ։ Առաջին ամիսը կապված է լինում աշխատավարձի հետ, որից մեզ նույնպես տոկոսադրույք է հասնում»։
Մասնագիտությամբ տնտեսագետ, ուսանող Նորիկ Բեգլարյանը, թեեւ աշխատանքային գործակալության միջոցով գտել է աշխատանք, այնուամենայնիվ, բացասական կարծիք ունի դրանց վերաբերյալ: «Բավական երկար ժամանակ է պահանջվել մինչ աշխատանք են առաջարկել, շատ գործակալությունների էի դիմել, բայց կարելի է ասել՝ անօգուտ: Հիմա աշխատում եմ անվտանգության ոլորտում ու, բնականաբար, շատ վատ կարծիք ունեմ գործակալությունների մասին: Նրանք հուշեցին այլ ոլորտում աշխատելու մասին, բայց պայմանագիր չկնքեցի, հրաժարվեցի, իրենց պայմանագրով եթե աշխատես՝ չաշխատածի հաշիվ է դառնում, քանի որ, ըստ պայմանագրի, իրենց էլ է աշխատավարձից տոկոսներ հասնում։ Կարծում եմ՝ ավելի լավ է փորձել ինքնուրույն աշխատաք գտնել, քան դիմել գործակալությունների եւ անիմաստ սպասել»,- նշեց Նորիկը։
«Ասպա» աշխատանքի տեղավորման գործակալությունում, ըստ ներկայացուցչի, առավել շատ թվով ուսանողներ են դիմում, մոտ 40-45%, գործավարուհի Վարսիկ Մարտիրոսյանը փաստում է. «Հիմնականում գործատուները փնտրում են բանիմաց երիտասարդների։ Ներկայումս ունենք մի քանի ազատ աշխատատեղեր, սակայն չենք գտնում հարմար աշխատակիցների, քանի որ նաեւ փորձի պակաս կա։ Ուսանողները փնտրում են կես դրույքով աշխատանք կամ ոչ մասնագիտական աշխատանք։ Սկզբում գալիս են վառ պատկերացումներով, որ կգտնեն լավ աշխատանք, սակայն հասկանում են՝ գործատուների պահանջներն ու իրենց ժամային գրաֆիկը չի համապատասխանում, այդ իսկ պատճառով մենք նրանց առաջարկում ենք ազատ գրաֆիկով այլ աշխատատեղեր»։
Բոլոր գործակալությունները երաշխավորում են, որ իրենց դիմող կադրերին վաղ թե ուշ ապահովում են աշխատանքով, եթե ոչ մասնագիտական, ապա այլ ոլորտներում հաստատ գտնվում են համապատասխան աշխատատեղեր, ինչը հատկապես հարմար է լինում ուսանողներին։ Աշխատանքի տեղավորման գործակալություններում պայմանագրերը կնքվում են ինչպես մեկ տարի ժամկետով, այնպես էլ անժամկետ, ինչն, ըստ իրենց, հնարավորություն է տալիս թեկուզ երկար ժամանակ անց, բայց, այնուամենայնիվ, արդարացնել կադրերի սպասելիքները։ Հարկ է նշել, որ գրանցումներն անվճար չեն, գները տատանվում են 1000-3000 դրամի սահմաններում։
ԼԻԼԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.11.2014