Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյանը` ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին. «Այս անորոշությունը մահացու է»

Նոյեմբեր 18,2014 20:43
navasardyan

«Սեպտեմբերի 3-ից հետո ամեն ինչը կտրվեց. այս փուլում նույնքան անորոշ վիճակում, ինչ ԵՄ-ն է գտնվում, նաև ՀՀ քաղհասարակությունն է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցության ներկայիս փուլին` այսպիսի կարծիք հայտնեց Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը:

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 20-21-ին Բաթումիում տեղի կունենա Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի վեցերորդ տարեկան համաժողովը, որին կմասնակցի ՀՀ-ից պատվիրակություն: Այս տարի ֆորումն անդրադառնալու է նաև այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել Արևելյան գործընկերության համատեքստում` կապված Վիլնյուսի գագաթաժողովի, դրան հաջորդող իրադարձությունների հետ: Բորիս Նավասարդյանի կարծիքով` համագործակցության համայնապատկերը փոխվել է և արդեն նախկին ընդհանուր օրակարգը չկա. « Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրներից մեկը չհայտարարված պատերազմի մեջ է գտնվում, և նույնիսկ մնացած երեքը, որոնք ասոցացման համաձայնագիր չեն ստորագրել, նրանց մեջ էլ տարբերություններ կան»:

Ֆորումը քննարկելու է նաև գործունեության հետագա արդյունավետության բարձրացման, կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր, անվտանգության խնդիրներ, քարոզչական պատերազմներ, մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ`հատկապես Ադրբեջանում բազում քաղաքական ակտիվիստների և լրագրողների ազատազրկում և այլն:  Բորիս Նավասարդյանի փոխանցմամբ` ֆորումի ժամանակ ազգային պատվիրակությունները կընտրեն նաև բոլոր երկրների ազգային համակարգողները: Յուրաքանչյուր ազգային համակարգող պաշտոնավարում է միայն մեկ տարի:

Մեր հարցին` ինչպիսի՞ն է եվրոպական գործընկերների վերաբերմունքը սեպտեմբերի 3-ի որոշումից հետո, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Մինչ սեպտեմբերի 3-ը բավականին գոհունակությամբ էին խոսում ՀՀ-ի մասին: ԵՄ կառույցներում ՀՀ-ն շատ կարճ ժամանակաշրջանում կարողացավ ավարտել բանակցությունները ասոցացման համաձայնագրի շուրջ, ինչի համար մյուս երկրներից բավականին երկար ժամանակ է պահանջվել: Սեպտեմբերի 3-ից հետո որոշ չափով զարմանք ու հիասթափություն կա: Գոնե մինչև անցյալ տարվա հուլիս կասկածի տակ չէր առնվում ՀՀ-ի` ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Այժմ  բավականին ըմբռնումով են մոտենում, քանի որ տեսան, թե ինչպիսի իրավիճակի սրում տեղի ունեցավ այլ երկրներում: Բացի Ուկրաինայից Վրաստանի և Մոլդովայի վերաբերյալ էլ որոշ մտահոգություններ կան: Եվրոպացիները պատրաստ են մեզ հետ համարյա ցանկացած այլ ձևաչափով խորացնել հարաբերությունները, ինչը հնարավոր է ՀՀ-ի համար»:

Մեր հարցին` այդ ձևաչափն իր համար ուրվագծվո՞ւմ է, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Ինձ համար էլ չի ուրվագծվում, կարող եմ տեսնել, որ մեր իշխանությունների` որոշումների կայացման ռեսուրսը զրոյական է. կամ հետևում են այն հրահանգներին, որ գալիս են Մոսկվայից, կամ սպասում են այդ հրահանգներին: Սպասելը ավելի վտանգավոր է, քան կոնկրետ հրահանգներ կատարելը»:Բորիս Նավասարդյանը մտահոգված է, որ իրենք էլ չգիտեն իրենց գործընկերների հետ ինչ խոսել, հետագա ինչ ծրագրեր պլանավորել: Ըստ Բորիս Նավասարդյանի` «Լճացած այս վիճակը, երբ հասկանում ես, որ ոչ մի բան չանելը բերում է նոր խնդիրներ, բայց չգիտես` ինչ անել, նման անորոշությունը, պետական քաղաքականության համար մահացու երևույթ է, մանավանդ մեր երկրի համար, որը չի կարող դանդաղեցնել կամ կանգնեցնել բարեփոխումները: Այս լճացումը զուտ մեթոդաբանության առումով շատ վտանգավոր է»: Պարոն Նավասարդյանը շեշտեց, թե մի կողմից ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե իրենք գնահատում են երկխոսությունը, բայց երբ կոնկրետ քայլերին են հասնում, ոչ մի բան չի ստացվում»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930