Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Հայաստան-Ղրիմ օդային ուղիղ կապի անհրաժեշտություն դեռ չկա»

Նոյեմբեր 18,2014 19:39

«Եթե Հայաստանի և Ղրիմի միջև ուղիղ չվերթներ լինեն, դա միանշանակ բացասական է ընկալվելու միջազգային հանրության կողմից, որը ամեն կերպ փորձում է Ղրիմը դեռևս մեկուսացնել հնարավոր ճանապարհներով»,-Aravot.am-ի հարցին` Հայաստանի և Ղրիմի միջև օդային կապի վերականգնումը ի՞նչ քաղաքական հետևանքների կարող է հանգեցնել, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ըստ նրա` դա ավելի շատ ընկալումների խնդիր է հատկապես այն միջազգային հանրության համար, որը փորձում է Ղրիմը հնարավորինս հեռու պահել ճանաչումից և այն մեկուսացնել:

Հիշեցնենք, որ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո խոսնակ Ռուբեն Գրձելյանը հայտնել էր, որ «Գրոզնի ավիա» ընկերությանը թույլատրել են չվերթներ իրականացնել դեպի Ռուսաստանի Անապա և Կազան քաղաքներ, իսկ թե այնտեղից ընկերությունը որ ուղղությամբ թռիչք կիրականացնի՝ դա արդեն Հայաստանի խնդիրը չէ»:

Քաղաքագետը վստահեցնում է, որ «Հայաստանի և Ղրիմի միջև որևէ չվերթ այս պահին չկա,  բայց կան ինչ-որ շրջանցվող տարբերակներ, որոնք ՌԴ-ի միջոցով են»: Պարոն Մելիք-Շահնազարյանը նկատում է, որ այս հարցում Ռուսաստանը վախենալու խնդիր չունի, քանի որ «ինչ պատժամիջոցներ հնարավոր են, կիրառվել են նրա նկատմամբ»:

Բայց մտավախություն ունի, թե Հայաստանում կշարժվեն «բաց երկնքի» քաղաքականությանը համահունչ: Այս առումով մանրամասնեց. «Համոզված չեմ, որ ՀՀ-ն պետական մակարդակով նման որոշում կկայացնի: ՀՀ-ում գործում է «բաց երկնքի» քաղաքականությունը, և չեմ բացառում, որ հետագայում ինչ-որ ռուսական ավիաընկերություն նման թռիչքներ իրականացնի: Օրինականության տեսակետից խնդիր չկա, կա ընկալման խնդիր, որը հաղթահարելի է»:

Կասկածի տակ դնելով այն հարցը, թե արդյոք ՀՀ-ին ձեռնտու է ուղիղ կապի վերականգնումը, քաղաքագետը հիշեցրեց, թե «ՀՀ-ն ՌԴ-ի միջոցով  այլընտրանքային տարբերակներ ունի դեպի Ղրիմ, որոնք բավականին էժան են», և «Հայաստան-Ղրիմ օդային ուղիղ կապի անհրաժեշտություն դեռ չկա»:

Օդային ուղիղ կապի վերականգնման դեպքում հնարավո՞ր է արևմուտքն, ասենք, պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ, պարոն Մելիք-Շահնազարյանը հավանական չի համարում ու եզրափակում. «Չեմ կարծում, որ ավիաուղիների պատճառով ՀՀ-ի հանդեպ սանկցիաներ իրականացվեն: Ես այս ամենը դեռ բացառում եմ, խնդիրը ՌԴ-արևմուտք հարաբերություններն են, խնդիրը ՀՀ-ում չէ:  Չեմ կարծում, որ եթե թռիչքներ էլ լինեն, ՀՀ-ն դրանից կտուժի: Կարող է ինչ-որ մի տեղ ինչ-որ բան հիշեցնեն, բայց ՀՀ-ի հանդեպ պատժամիջոցներ չեն իրականացնի»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930