Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Կոշտ խաղը Մխիթարյանի համար սովորական բան է: Մերոնք էլ թող Ռոնալդուի դեմ այդպես խաղային»

Նոյեմբեր 18,2014 18:44

Այսօրվա մամուլի ասուլիսում Ռուբեն Հայրապետյանին հարցրին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի հավաքականի շանսերը Եվրո 2016-ի   խմբային մրցաշարում: «Ենթախմբում իրավիճակն այնպիսին է, որ շանսեր ունենք: Բայց եթե շարունակենք խաղալ այն ֆուտբոլը, որ խաղացել ենք Սերբիայի, Պորտուգալիայի հետ, բնականաբար, շանս չենք ունենա: Եթե մտածում ենք` մեզ շատ գոլ չխփեն, ի՞նչ շանսի մասին կարելի է խոսել: Բայց ժամանակ դեռ ունենք եւ հնարավոր է որոշ բաներ փոխել: Շալանդը փորձառու մարզիչ է: Կարծում եմ, հետեւություններ կանի եւ կփոխի խաղի ոճը», – պատասխանեց ՀՖՖ նախագահը:

Հարցին, թե Շալանդը դժգոհել էր Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպական աշխատանքներից: Մեր ֆեդերացիան ՈւԵՖԱ-ին բողոքե՞լ է, Ռուբեն Հայրապետյանը հակադարձեց. «Իհարկե` ոչ: Վատ պարողի պատմությունը գիտեք չէ՞: Շալանդը թող պրոբլեմներն ուրիշ տեղ փնտրի: Թող մենք խաղայինք, հաղթեինք, իրենք էլ շատ ավելի վատ կազմակերպեին: Մեր վատ ֆուտբոլ խաղալը բարդում ենք իրենց ֆեդերացիայի վրա՞», – պատասխանեց Ռուբեն Հայրապետյանը:

Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի դեմ պորտուգալացիների կոշտ խաղին եւ ամբողջ խաղի ընթացքում Յուրա Մովսիսյանի` խաղընկերներից մեկուսացված լինելուն վերաբերվող Aravot.am-ի հարցին, ՀՖՖ նախագահը պատասխանեց. «Լավ էին անում: Մերոնք էլ թող Ռոնալդուի դեմ այդպես խաղային: Կոշտ խաղը Մխիթարյանի համար սովորական բան է: «Բորուսիայում» էլ բոլոր հանդիպումներում նրա հետ այդպես են խաղում: Ֆուտբոլը պայքար է: Պայքարն էլ` կոշտ, իհարկե ոչ կանոնների շատ կոպիտ խախտումներով: Նրանք լավ էլ հասկացել էին, թե Մխիթարյանն ինչ խաղացող է եւ ինչ մարզավիճակում է: Տեսնում էին, որ չեն կարողանում պահել, դրա համար էլ այդպես էին խաղում: Հո չէի՞ն թողնելու, որ գնա ու գոլ խփի: Միայն պիտի ուրախանանք, որ մեր առաջատարն այդ կոշտ ֆուտբոլից վնասվածք չստացավ:

Յուրա Մովսիսյանի՞ մասին: Երբ խաղը տակտիկապես սխալ է կառուցված եւ նա կտրված է պաշտպանությունից, իսկ մենք պարտվելու դեպքում էլ յոթ պաշտպանով էինք խաղում, նա ի՞նչ կարող էր անել: Երբ Յուրան գնդակ է ստանում, կիսապաշտպանները պետք է մոտենան, որպեսզի արագ հակահարձակում սկսի: Նա միայնակ չորս պաշտպանի դեմ ի՞նչ կարող էր անել: Յուրան հո Ռեմբոն չի՞: Նա փայլուն, կռվող ու պայքարող ֆուտբոլիստ է ու արել է ինչ կարող է»:

Բարձրացվեց նաեւ հավաքականի նոր մարզիչ բերելու, կամ նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին վերադարձնելու հարցը: «Դուք կարծում եք` նոր մարզիչը այս կարճ ժամանակահատվածում շատ արագ կարգավորելու է մնացած հինգ խաղերի ելքը՞: Ես ֆեդերացիայի նախագահն եմ եւ պատասխանատու եմ հավաքականի խաղերի, գլխավոր մարզչի համար: Դուք ճի՞շտ եք գտնում, որ այս պահին մարզիչ հանեմ: Այո, ես մեծ հաճույքով Շալանդին կհանեի, եթե վստահ լինեի, որ կախարդական փայտիկով նոր մարզիչը շատ արագ բոլոր խնդիրները կկարգավորեր: Նրան էլ նոր ժամանակ է հարկավոր լինելու: Վարդան Մինասյանը հիմա պայմանագրով ուրիշ տեղ է աշխատում: Կարծիքները բազմազան են: Դուք գտնում եք, որ Վարդան Մինասյանը կարող է: Բայց հակառակ շատ կարծիքներ էլ կան: Մոռացել ե՞ք, թե Վարդան Մինասյանի գլխին ինչ արեցին: Ես բազմաթիվ ասուլիսներում բացատրում էի, որ մեզ պետք չէ արտասահմանցի մարզիչ: Բայց ինձ ճնշեցին: Բերեցինք: Ես չեմ ցանկացել, որ Վարդանը գնա, խնդրել, պահանջել եմ: Բայց ինքը չի ցանկացել: Վարդան Մինասյանը խորապես վիրավորված է եւ ֆուտբոլիստներից, եւ լրագրողներից, եւ երկրպագուներից: Գտնում եմ, որ հիմա շտապել պետք չի: Շալանդին պետք է շանս տալ: Թող ապացուցի: Մենք նրա հետ դեռ կզրուցենք, մեր կարծիքներն էլ կասենք: Եթե չընդունի, ես իմ որոշումը, բնականաբար, կկայացնեմ: Իսկ հիմա խնդրում եմ բոլորիդ ազգային հավաքականին զգույշ վերաբերվել: Հավաքականը մարդկանցով կառուցված մի օրգանիզմ է եւ մարզչին հաջողվել է ֆուտբոլիստների հետ որոշակի հարաբերություններ ստեղծել: Կարծում եմ, այս պահին մարզչին հանելը սխալ է: Ավելին ասեմ. դժգոհ լինելով բոլորս միասին պետք է փորձենք Շալանդին աջակցել: Ես պատրաստ եմ խորհուրդներով, կարծիքներով, իմ լծակներով օգնել մարզչին: Կխնդրեի, որ դուք էլ դա անեք: Կրկնում եմ` բոլորս նրա աշխատանքից դժգոհ լինելով: Նրան տանք եւս մի հնարավորություն` իրավիճակից ելք գտնելու: Ստացվե՞ց` լավ: Չստացվե՞ց` հանելը միշտ էլ կա», – պատասխանեց Ռուբեն Հայրապետյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930