«Գոյություն չունի մանկական խզբզոց: Շատերն ինձ հարցնում են ինչո՞ւ եք լուրջ վերաբերվում մանկական խզբզոցին: Միանգամից ասեմ, որ կա արվեստ եւ կա երեւույթ, որը արվեստ չէ: Սրանք պարզապես խզբզոցներ չեն: Կարեւորը այն չի, թե քանի տարեկան է այս ստեղծագործողը: Այն ինչ այստեղ տեսնում եք՝ բարձր արվեստ է: Որեւէ երկիր աշխարհի երեսին այս արդյունքը չի կարող ունենալ:Այս երեխաներին նկարել չեն սովորեցնում:
Սովորեցնելու մեթոդը կապ չունի, գեները կապ ունեն: Մեր երեխան գենետիկորեն այդպես է ծնվում»,- «Մեկ դար և ավելի…» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական 5-րդ մրցույթ-փառատոնի բացման արարողության ժամանակ այսպես ներկայացրեց պատանի նկարիչների աշխատանքները Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը:
Կարդացեք նաև
«Մեկ դար և ավելի…» նկարչական մրցույթն այս անգամ անց է կացվում Հայոց Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ: Ցուցահանդեսին ներկայացված է 250 աշխատանք: Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց Կրթության եւ գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը՝ ցուցահանդեսին աշխատանքներ են ներկայացվել սփյուռքի 13 երկրներից, ինչպես նաեւ Հայաստանի, Արցախի դպրոցներից, նկարչական կենտրոններից. «Ընդհանուր առմամբ՝ մոտ 150 դպրոցների աշակերտների աշխատանքներն են ներկայացված: Սա արդեն բավականին տարածում ստացած մրցույթ է, որին սփյուռքը ակտիվորեն մասնակցում է»:
Թամարա Զալինյանի ներկայացմամբ՝ ցուցահանդեսի ավարտին տաս տեղ տրվելու է Հայաստանից հաղթողների համար եւ եւս տաս տեղ՝ սփյուռքից հաղթողների համար. «Սա իրականում մրցույթ չէ, որքան փառատոն եւ այն պետք է խրախուսական լինի երեխաների համար, ոչ թե մրցակցային պայմաններ ստեղծի: Կարող ենք տեսնել, որ տարիների ընթացքում այս ցուցահանդեսի ընբռնումը բավականին մեծ փոփոխության է ենթարկվել: Եթե սկզբից մասնակցում էին, ուղղակի մասնակցելու համար, ապա հիմա բավականին մեծ ջանք են գործադրում»:
Մեր զրուցակիցը առանձնացրեց հատկապես Իրանից ուղարկված աշխատանքները. «Երեխաների պատկերացումը դուրս է եկել զուտ նկարչական սահմաններից, յուրաքանչյուրը պատկերել է, օրինակ` ինքն իրեն, եւ թե ինչ ինքը կցանկանար դառնալ եւ mp3 նվագարկիչներով էլ ձայնագրել է իր խոսքը, իր երազանքը»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ