ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 18-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է «Պետական կառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից մշակած կամ նրանց առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի դրույթները:
Քննարկմանը մասնակցել են «Իրավունքի գերակայություն» ՀԿ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Արևհատ Գրիգորյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներ Շուշան Դոյդոյանն ու Գևորգ Հայրապետյանը:
Նախարարի տեղակալը ներկայացրել է օրակարգային հարցերը և նշել, որ Արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպությունների առաջարկով տեղեկանք է ուղարկել Կառավարություն, այն մասին, որ պետական կառավարման ոչ բոլոր մարմիններում են նշված տեղեկատվության տրամադրման պատասխանատու անձինք: «Այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր են արվել. Մասնավորապես` նախարարությունները նշանակել են տեղեկատվության տրամադրման պատասխանատու անձանց, ում տվյալները տեղադրվելու են գերատեսչությունների կայքերում: Այս կարգավորումով ստեղծվելու է նաև դիմումատու-պատասխանող կապի իրականացման արդյունավետ մեխանիզմներ, բարձրանալու է տեղեկատվություն ստանալու արդյունավետությունը»,- ասել է Սուրեն Քրմոյանը: Նա հավաստել է՝ Կառավարությունը հետևողական է այս հարցում, և մշակվող կարգով պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով նշանակվելու է պատասխանատու պաշտոնատար անձ և լրացուցիչ պատասխանատու պաշտոնատար անձինք՝ ըստ առանձնացված ստորաբաժանումների:
Քննարկման մասնակիցները կարևորել են հետագայում պատասխանատու պաշտոնատար անձանց համար կրթական ծրագրեր մշակելու և վերապատրաստումներ իրականցնելու անհրաժեշտությունը:
Ըստ ներկաների՝ անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություններ կատարել օրենսդրական ոլորտում, քանի որ 11 տարի առաջ ընդունված տեղեկատվության ոլորտը կարգավորող օրենսդրությունն արդեն բարեփոխման կարիք ունի: Նախարարի տեղակալը նշել է, որ այդ ուղղությամբ էլ Արդարադատության նախարարությունը պատրաստ է քննարկումներ ծավալել, լսել առաջարկություններ:
Անդրադարձել են նաև էլեկտրոնային հարցումների իրականացման ընթացակարգին և հարցումների համար գանձվող պետական տուրքի սահմանված չափին, հարցումներին տրվող թերի, ոչ լիարժեք պատասխաններին առնչվող հարցերին:
Սուրեն Քրմոյանը ՀԿ-ների ներկայացուցիչներին առաջարկել է բարձրացվող խնդիրների վերաբերյալ ներկայացնել հստակ առաջարկություններ և նշել, որ բարեփոխումների ողջ գաղափարախոսությունը քաղաքացու համար առավել ընդունելի և մատչելի ծառայությունների մատուցումն է:
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը ներկաներին խնդրել է տասնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել նախագծի վերաբերյալ՝ մինչև դրա վերջնական տեսքի բերելը և հավելել, որ մյուս հանդիպումն ուղղված կլինի տեղեկատվությունը կարգավորող օրենսդրական դաշտի քննարկմանը:
ՀՀ արդարադատության նախարարություն