Երբ ինչ որ բան շատ ես ցանկանում, Աստված արձագանքում է, և երազանքդ իրականություն է դառնում: Անկեղծ ցանկությունը կբացի ամեն մի դուռ՝ մեծ, թե փոքր:
16-ամյա Հովհաննես Բաղդասարյանը, չնայած ֆիզիկական խնդիրներին ու դժվարություններին, լավատես, կենսախինդ ու խելացի պատանի է: Տղան մանկուց վերջույթների խնդիր ունի, սակայն 2 տարի առաջ իրականացրած սխալ վիրահատությունը նրան գամեց սայլակին: Այնուամենայնիվ, դա չի հուսահատեցրել Հովհաննեսին. նա փորձում է կյանքի կոչել վաղեմի երազանքը՝ դառնալ բանիմաց ու լավ լրագրող: Այսօր արդեն ընկերների հետ հիմնել է օնլայն ռադիո, համացանցի միջոցով պատրաստում ու տարածում է բովանդակալից ու հետաքրքիր նյութեր շոու-բիզնեսի աշխարհի մասին:
Վերջերս Qahana.am կայքը նամակ ստացավ Հովհաննեսից՝ իրականացնել սպասված երազանքը: Այս անգամ նրա երազանքն այլ էր. հանդիպում իր սիրելի երգիչ Միհրան Ծառուկյանի հետ: Հանդիպումն իրականացավ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Qahana.am կայքի նախաձեռնությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը: Սրբազան հայրն իր հայրական օրհնությունը տվեց պատանուն, արժանապատիվ քահանան զրուցեց ու ոգևորեց նրան:
Հուզիչ էր Միհրանի և Հովիկի շփումը: Թեև վերջինս տեղեկացված էր երգչի կյանքի ամեն մի դրվագից, սակայն անսպառ էին նաև հարցերը: Երկկողմ հարց ու պատասխան, զրույց, ջերմություն ու ուրախություն. մթնոլորտն այնքան տաք էր ու հաճելի, որ կողքից կարելի էր մտածել՝ հանդիպողները վաղեմի ծանոթներ են: Ի դեպ, երգիչը դատարկաձեռն չէր եկել: Հավատարիմ երկրպագուին իր իսկ ստորագրությամբ նվիրեց ձայնասկավառակ և իր նկարով պոստեր:
Կարդացեք նաև
Վերջում խոստումներ տալու հերթը Հովհաննեսինն էր. խոստացավ, որ իր և Միհրան Ծառուկյանի հաջորդ հանդիպմանը կգա ոչ թե անվասայլակով, այլ սեփական ոտքերով…
Qahana.am