«Երբեմն-երբեմն ասում են, թե նորից ասֆալտ են անում, այդ ասֆալտը չանենք, բաժանենք ժողովրդին՝ չմտածելով, որ մթնոլորտը պիտի գեղեցիկ լինի: Մարդը գեղեցիկ իրավիճակում եւ մթնոլորտում է կարողանում մտածել: Ինչու եմ այդ մասին խոսում՝ նորից ելույթներ կան, որպեսզի հասարակության մեջ չվիրավորեն մեր կանանց: Մեր կանայք այդ երկու կոպեկի համար չէ, որ ընտանիք են կազմում եւ երեխա են ունենում: Պարզապես մենք ընտանիքապաշտ, երեխապաշտ ժողովուրդ ենք: Մնացածը պետության խնդիրն է»,- այսօր ԱԺ-ում արտահերթ նիստում Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ այսպիսի դիտարկումներ արեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Գալուստ Սահակյանի խոսքերով՝ կինը փողի գերի չի. «Նրանք ընտանիքի կանայք են, այնպիսի կանայք չեն, որ փողով ծննդաբերի կամ ընտանիք կազմի: Ասում եք՝ եթե շատացնենք գումարները, ավելի շատ ծնունդ կլինի: Հեռուստատեսությամբ մեկ-մեկ նայում ենք, մարդիկ ապրում են տնակներում՝ 10-13 երեխա ունեն: Ոչ աշխատանք ունեն, ոչ որեւէ բան: Սա մարդու գենն է, որը եկել է եւ ուղղորդում է մեր ժողովրդին: Այլ բան է, որ մենք այնքան անճար ենք, որ չենք կարողանում այնպիսի բան մտածենք, որ այդ 12 երեխա ունեցողին կարողանանք օժանդակել: Մեր աչքի առաջ են, չէ,՞ նրանք: Միգուցե շատ են, կամ քիչ, բայց այդ խնդիրը կա: Երեխայի ծնունդը երբեք չի պայմանավորվում նրանով, թե պետբյուջեից ինչքան փող ենք հատկացնում այդ ընտանիքին: Պետությունը իր քաղաքականությունն է մշակել, ուզում է ինչ-որ ձեւով աջակից դառնալ: Կունենանք ավելի մեծ բյուջե՝ այդ աջակցությունը կավելանա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ