Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի մամուլի ասուլիսը: Ամփոփելով բուսաբուծության ոլորտում գյուղատնտեսական տարվա արդյունքները`նախարարի տեղակալը հայտնեց, որ գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը՝ բացառությամբ պտղի, որը պայմանավորված է գարնանային ցրտահարությամբ։
Մասնավորապես 2014 թվականի օպերատիվ տվյալներով` հանրապետությունում արտադրվել է 591 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն` 2013 թվականի 548,7 հազար տոննայի դիմաց, 340 հազար տոննա ցորեն` նախորդ տարվա 311,5 հազար տոննայի դիմաց և 245 հազար տոննա բոստանային մշակաբույսեր` 208 հազար տոննայի դիմաց, 947 հազար տոննա բանջարեղեն` նախորդ տարվա 876 հազար տոննայի դիմաց, 691 հազար տոննա կարտոֆիլ` 660,5 հազար տոննայի դիմաց, 296 հազար տոննա պտուղ և հատապտուղ` 2013 թվականի 338,1 հազար տոննայի դիմաց և 258 հազար տոննա խաղող` նախորդ տարվա 240,8 հազար տոննայի դիմաց:
«Գարնանային ցրտահարությունից տուժած հատկապես ծիրանենու այգիներին պատճառված վնասները մեղմելու նպատակով այդ մարզերի գյուղացիական տնտեսություններին ՀՀ կառավարության որոշմամբ անհատույց հատկացվել է 85 մլն դրամի բանջար-բոստանային մշակաբույսերի սերմացուներ, 100%-ով զիջվել է հողի հարկը (շուրջ 161 մլն դրամով), 50%-ով` ջրի վարձը (366 մլն դրամով), իսկ բանկերից վարկեր վերցրած տնտեսությունների նկատմամբ ցուցաբերվել է անհատական մոտեցում», – իր խոսքում նշեց Սամվել Գալստյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Շիրակի մարզի 37 և Լոռու մարզի 15 համայնքներում կարկտահարության հետևանքով պատճառած վնասները մեղմելու նպատակով այդ համայքների հողօգտագործողներին 2013 թվականին հատկացված աշնանացան ցորենի սերմացուների գումարների վերադարձը կքննարկվի 2015թ․ հուլիսին։
Կարդացեք նաև
Գյուղատնտեսության նախարարի տեղակալի ներկայացրած տվյալների համաձայն` 2011-2014թթ․շուրջ 49,1 հազ․ հեկտարով ավելացել են մշակվող ցանքատարածությունները, 2010 թվականին դրանք կազմել են 283,6հազ․ հեկտար, 2014 թվականին` 332,7 հազ․ հեկտար, որը 2013 թվականից ավել է 14,6 հազ․ հեկտարով։
Այս տարի ՀՀ մարզերի հողօգտագործոներին նախատեսվել է հատկացնել 33822 տոննա ազոտական պարարտանյութ, որից 1000 տոննա` ԼՂՀ-ին և 2645 ֆոսֆորական (500 տոննա` ԼՂՀ-ին) և 1619 տոննա կալիումական պարարտանյութեր։
«Ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը այս տարի ներկրվում են առաջին անգամ, որով հնարավոր կլինի կանխել մինչ այդ կատարվող հողերի միակողմանի պարարտացումը», – հավելեց Սամվել Գալստյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա գարնանը ՀՀ մարզերից ստացված պահանջարկի համաձայն ներկրվել և տեղական սերմարտադրողներից գնվել է գարնանացան մշակաբույսերի, մասնավորապես՝ գարու՝ 2056 տոննա, եգիպտացորենի 23,4 տոննա, առվույտի 168,4 տոննա և կորնգանի 178 տոննա սերմացու, որի մի մասը գարնանը չի իրացվել վճարունակ պահանջարկ չլինելու պատճառով, այն կառավարության որոշմամբ անհատույց հատկացվել է պահանջարկ ներկայացրած մարզերին՝ 2015թ․ գարնանը ցանք կատարելու նպատակով։
2014թ․ աշնանացանի համար ՀՀ մարզերի հողօգտագործողներին՝ ըստ գոտիների, հատկացվել է 4213 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին