Այսօր ԱԺ նիստում քննարկվում է ժամանակավոր անաշխատությունակության նպաստի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության բերած օրինագիծը:
Քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը խոսքի մեջ անդրադարձել էր Կուտակային կենսաթոշակային համակարգին՝ ասելով, որ դա միակ ճիշտ ուղին էր:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ իր ելույթում Հակոբ Հակոբյանին ասաց. «Նորից դուք հիշեցիք այդ չարաբաստիկ կուտակայինը: Խնդրում եմ ձեզ, մի հիշեք դրա մասին: Այդ կուտակայինի պատճառով անցյալ տարի տեմպն իջավ 2.5 տոկոս, այս տարի՝ 3 տոկոս: Անցյալ տարի 20 մլրդ դուրս գնաց, այս տարի՝ 13 մլրդ: Եթե մի հրաշքով պարզվի, որ դուք իրավացի եք, դուք ձեր իրավացիությունը կարող եք ապացուցել 45 տարի հետո: Ես իմ իրավացիությունն արդեն ապացուցում եմ 1 տարի հետո, երբ ասում եմ՝ տեսա՞ք ինչ եղավ, այդպես չէր կարելի անել: Խնդրում եմ, դուք այդ թեմային ընդհանրապես մի անդրադարձեք, որովհետեւ այդ թեման, կարճ միացում է տալիս այդ կուտակայինը: Ես չեմ ուզում դրա մասին խոսել, արդեն նյարդեր չկան դրա մասին խոսելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ