Նոյեմբերի 18-ից փետրվարի 25-ը «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի, webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության աջակցությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հովանավորությամբ արդեն 4-րդ անգամ տեղի կունենա «WebԾիրան» համահայկական առցանց կինոփառատոնը։
Այսօր Սերգեյ Փարաջանովի թանգարանում փառատոնին նվիրված ասուլիսի ժամանակ «Ոսկե ծիրան» փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը ներկայացրեց, որ փառատոնին ներկայացրած ֆիլմերը ցուցադրվելու են միայն webtv.am հայկական մշակութային առցանց հեռուստատեսությամբ։
«Երիտասարդները, շատ դեպքերում չեն ունենում ֆինանսական եւ տեխնիկական միջոցներ, որպեսզի կարողանան ֆիլմեր նկարել: Մեր փառատոնին ներկայացվելու են ոչ միայն պրոֆեսիոնալ սարքերով նկարած ֆիլմեր, այլեւ հեռախոսներով, սիրողական նկարած ֆիլմերը»,- նշեց պրն Խաչատրյանը:
Ինչպես տեղեկացրեց պրն Խաչատրյանը՝ «Web Ծիրան» համահայկական առցանց կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչեւ 30 րոպե տեւողությամբ ֆիլմեր՝ առանց ժանրային սահմանափակումների:
Կարդացեք նաև
Փառատոնին հաղթողների համար սահմանված է լինելու մեկ գլխավոր եւ երկու խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգեւատրվի 400 հազար դրամով եւ հատուկ դիպլոմով, իսկ խրախուսական մրցանակ ստացողներին հնարավորություն կտրվի 10 օր անվճար օգտվել պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից: Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին: Փառատոնի արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ փառատոնի միջոցով փորձում են պատգամ հասցնել. «Առաջինը փորձում ենք օգտագործել տեխնոլոգիաները, որոնք սատարում են մշակույթը, այս դեպքում կինոարվեստին: Երկրորդը, ծրագրի միջոցով ցանկանում ենք վստահեցնել երիտասարդներին, որ մենք իրենց հավատում ենք եւ ցանկանում ենք իրենց համար հարթակ ստեղծած լինել, որ կարողանան իրենց շատ քիչ սահմանափակ միջոցներով ստեղծագործել»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ