Լրահոս
Օրվա լրահոսը

«GIZ-ն ու մյուսները զբաղված են փող լվալով՝ ոչ քրեական իմաստով» (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2014 16:28

«Դուք չե՞ք նկատել, որ Հայաստանում ամեն ինչ փուչիկ է, տարբեր մասշտաբների` փոքր, մեծ, ավելի մեծ: Ամբողջ կառավարությունով նստած ենք տարբեր կազմակերպություններից ինչ-որ փողեր ճարելու վրա»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց բնապահպան Լեւոն Գալստյանն` անդրադառնալով գյուղատնտեսության նախարարության եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության`GIZ-ի համագործակցությանը:

Այսօր բնապահպանը կարծիք էր հայտնել, որ անտառկառավարման համակարգում լուրջ խնդիր կա:

Aravot.am-ը պարոն Գալստյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի կառավարության եւ GIZ-ի համագործակցության մասին. մասնավորապես գյուղնախարար Սերգո Կարապետյանի այն  հայտարարության, որն ուղղել է GIZ –ին. «Մեզ հաջողվել է բավական մեծ առաջընթաց գրանցել անտառային ոլորտում, մասնավորապես` անտառկառավարման ազգային տեղեկատվական համակարգի ներդրման, անտառային պետական մոնիտորինգի, կենտրոնին ցուցաբերած տեխնիկական աջակցության, անտառային ոլորտում հանրային իրազեկման պիլոտային ծրագրերի նախաձեռնության, ուսուցողական աշխատանքների կազմակերպման համար: Այդուհանդերձ, այս բնագավառում դեռեւս առկա են լուրջ խնդիրներ, որոնց լուծման հարցում մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը»:

Այս առնչությամբ Լեւոն Գալստյանն ասաց. «Այդ կազմակերպություններից ստացված գումարները ծախսվում են հիմնականում ինչ-որ խորհրդատվական, վերլուծական բաների համար: Հասկացանք, քանի՞ տարի պետք է սովորեցնեն, խորհուրդներ տան, որ այս ձեւով պետք է լինի, պետք է կոնկրետ գործողությունների պլան լինի, թե ոնց արվի, որ անտառ չհատվի, անտառը պահպանվի: Էդ սեմինարներն ու քննարկումները` տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, համոզված եմ 200 էջանոց զեկույցները կառավարությունում ոչ ոք չի կարդում: Ցավոք միջազգային կազմակերպություններն անիմաստ փողեր են ծախսում: Էդ նույն GIZ-ն, Համաշխարհային բանկն ու մյուսները, զբաղված են փող լվալով՝ ոչ քրեական իմաստով: Իրենց նպատակը Հայաստանի զարգացումը չէ, դրանց պետք է, որ մեր նման երկրներն ինչքան հնարավոր է երկար ժամանակ խեղճ ու կրակ մնան: Նրանք միասին կիսում են էդ փողերը, մի 10-20%-ը ծախսում են, մնացածն` իրար մեջ են անում: Մեր երկրի ամենամեծ գրանտակերը կառավարությունն է, նույն GIZ-ը պիտի հասկանա` ում հետ է աշխատում»:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Էբերհեռին եւ անդրադարձել «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրին: Ծրագրի ղեկավար Թոմաս Էբերհեռն իր հերթին տեղեկացրել է նախարարին, որ ԳՄՀԸ ծրագրերը Հայաստանում կլինեն շարունակական: Նա նաեւ առաջարկել է Ծաղկաձորում, դեկտեմբեր ամսին նախարարության հետ համատեղ անցկացնել միջոցառում՝ ոլորտային հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՆԵլլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930