Երևանի քաղաքապետարանում տեղի են ունեցել հանրային բաց լսումներ` Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի նախագծի և Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ», «Տաթևիկ», «Փրկություն», «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ների ներկայացուցիչներ, Երևանի պատվավոր քաղաքացիներ Կարինե Դանիելյանն ու Մուրադ Մուրադյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: Նախագծերի համառոտ ներկայացումից հետո քննարկվել են գրավոր առաջարկությունները և բանավոր հարցերը:
Հանրային բաց լսումները վարող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը պատասխանել է նաև ՀԿ-ների ներկայացուցիչներին հուզող այլ հարցերի: Հանրային լսումները համարվել են կայացած: Լսումներին ներկա գտնվելու, ինչպես նաև կարծիքներ, առաջարկություններ ու դիտողություններ ներկայացնելու հնարավորություն են ունեցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Նոյեմբերի 4-ից 18-ը կազմակերպված հանրային բաց լսումների վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է եղել Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքում: Երևանի ավագանու Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի մասին և Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի հաստատման մասին որոշման նախագծերը կներկայացվեն Երևանի ավագանու քննարկմանը:
Երևանի քաղաքապետարան