Լրահոս
Օրվա լրահոսը

Հատվել են պաշտպանական նշանակության անտառի ծառերը (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2014 15:46

Տավուշի մարզի Լաստիվերի անտառում 200 ծառ է հատվել. բնապահպանները վստահեցնում են, որ այդ հատումներն ապօրինի են. նրանք արդեն տեսանյութ են տարածել, որտեղ հատ-հատ ներկայացվում են հատված ծառերը:

Այսօր «Էկոլուր» ակումբում Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լեւոն Գալստյանն ասաց, ընդհանրապես, անտառահատումների 90%-ն ապօրինի է կատարվում:Իսկ ինչ վերաբերում է Լաստիվերի 200 հատված ծառերին, Լեւոն Գալստյանը նկատեց, որ դրանք 90%-ն էլ ապօրինի են, եթե անգամ այդ հատումների համար թույլտվություն կա, ապա թույլ տվողը օրենք է խախտել. «Անտառային օրենսգրքում գրված է, որ ունենք պաշտպանական նշանակության անտառներ, որոնք իրավունք չունեն հատել`դա բարձր թեքության`30 աստիճան թեքության անտառներն են: Մեր հայտնաբերածը 40-45 աստիճան լանջեր են: Նույնիսկ անտառտնտեսության քարտեզում նշված են` պաշտպանական նշանակության անտառներ, իսկ Լաստիվերում 50 մետր բարձրանում ես, լանջի բոլոր ծառերը հատված են, այսինքն`խախտված է օրենսգիրքը»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ բնապահպան Գոռ Հովհաննիսյանը, որը եւս մասնակցել է Լաստիվերի անտառահատման բացահայտմանն, ասաց, որ եթե անգամ անտառահատումները պատճառաբանում են, թե գազի թանկացման հետեւանքով մարդիկ փայտի վառարաններին են անցել ու իրենց երեխաներին, ընտանիքին տաքացնելու համար են հատումներ անում, ապա այս տեմպերով կատարվող անտառահատումների դեպքում 15-20 տարի հետո դրա հնարավորությունն էլ չի լինի, անտառ չի մնա:

Լեւոն Գալստյանը նաեւ ասաց, որ ամենաշատ հատումները լինում են Լոռու եւ Տավուշի մարզի անտառներում, եւ իրենք շարունակելու են բացահայտումները, ընդ որում մեծ խմբով են գնում, քանի որ միայնակ գնալը վտանգավոր է` սպառնում են. «Կարող է ծեծեն, կարող է սպանեն: Մենք 7 հոգով գնացել էինք, էլի սպառնում էին»:

Ասուլիսի մասնակից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւան անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Արթուր Գաբրիելյանն էլ փորձեց հակադարձել բնապահպաններին, ասելով, որ ոչ թե 200, այլ ապօրինի ընդամենը 12 ծառ է հատվել. «Դուք ավելի շատ պայքարում եք անտառի աշխատողի դեմ, քան ապօրինի հատումների»:

«Հայանտառի» ներկայացուցիչն էլ վստահեցրեց, որ ոլորտում խնդիր կա: Գոռ Հովհաննիսյանն էլ փաստեր ներկայացրեց, թե իրականում անտառի այդ հատվածում ինչ է կատարվել ու կատարվում «Խաչաղբյուր» ՀԷԿ-ի շահագործողների կողմից:

Այս մասին մանրամասն`  տեսանյութում

Բնապահպան Լեւոն Գալստյանն էլ նկատեց, որ խնդիրը համակարգային է, անտառի կառավարման խնդիր կա.«Գյուղատնտեսության նախարարությունը, կառավարում է անտառների մեծ մասը, պետք է հասկանամ որ անտառը միայն ծառ չէ ու այն միայն անտառահատման համար չէ: Անտառը էկոհամակարգ է եւ հսկայական նշանակություն ունի մարդու գոյության, էկոհամակարգի պահպանության համար: Անտառն ունի հողապաշտպան, կլիմայի փոփոխության վրա ազդելու նշանակություն, խմելու ջրի համար մեծ նշանակություն, իսկ եթե թեքալանջերում են հատումներ լինում, սողանքներն են ակտիվանում: Ցավոք նախարարությունում չեն հասկանում, կամ հասկանում են, բայց չունեն հնարավորություն պահպանելու: Այդ հատվածը, որը հատուկ պահպանվող տարածքներ են, Իջեւանի արգելավայրն է, երբ ահազանգում ենք նախարարություն «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, չեն ուզում հաստատեն, որ արգելավայր է»:

Բնապահպաններն անտառպահպանման եւ ապօրինությունների դեմ առաջարկություն արեցին. «Պետք չէ յուրաքանչյուր ծառի տակ պահակ ու անտառապահ կանգնեցնել, բոլորը լավ գիտեն անտառ տանող հատուկ ճանապարհները, այդ հատվածներում հսկողություն արեք` մեզ հետ միասին, մի ամիս հսկողություն անեն` ոչ ոք ռիսկ չի անի մտնի: Հասկանալի է, որ գյուղացներին ցախ է պետք, ուրեմն ՊՈԱԿ-ում պետք է անտառտնկող տարածքներ ստեղծել, արագ աճող ծառեր տնկվեն ու դրանք էլ հատվեն ու որպես վառելափայտ տան գյուղացուն, ոչ թե բնական աճող անտառը կտրեն»:

Բնապահպանն ասաց, որ այսօր պաշտոնական տվյալներով մեր անտառները 11.1%- են, սակայն այս թիվը Լեւոն Գալստյանը կասկածի տակ առավ, վստահեցնելով, որ ընդամենը 8-9% անտառ կա Հայաստանի տարածքում, իրականում պետք է մեր երկրի տարածքի 20-25%-ը բնական աճող անտառներ լինեն:

Բանավեճի ընթացքում նաեւ անդրադարձ եղավ անտառապահների աշխատավարձերին, այն, ըստ «Հայանտառի» ներկայացուցչի, մոտ 70 հազար դրամ է, ցածր աշխատավարձն էլ, ըստ բնապահպանների, կարող է կոռուպցիոն ռիսկ ունենա:

«Հայանտառի» ներկայացուցիչ Արթուր Գաբրիելյանը փորձում էր ներկայացնել, որ իրենք ապօրինի հատումների դեմ համապատասխան միջոցառումներ են անում, սակայն Լեւոն Գալստյանը հիշեցեց, որ 2 տարի առաջ համապատասխան մարմիններին լայնածավալ անտառահատման փաստեր են ներկայացրել, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել:

Բանավեճի ընթացքում այդպես էլ չպարզվեց, թե հիմնականում ի՞նչ նպատակով են հատվում այդ ծառերը` որպես վառելափա՞յտ, շինանյութ կամ կահույքագործությա՞ն համար: Բանախոսներն ասացին, որ այն ծառատեսակները, որոնք հատվում են, նշված նպատակներով կարելի է օգտագործել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930