Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավեճ՝ ԱԺ-ում. մարտունեցին վիրավորանք չէ (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2014 15:19

Այսօր ԱԺ-ում Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը բարկացավ իր գործընկերուհու՝ Կարինե Աճեմյանի հարցադրումներից, որ կենաց եք ասում մայրերի մասին, իբր մեծարում եք, բայց հղիները ստիպված ԱԺ դարպասների մոտ բողոքում են՝ օրինագծի պատճառով: Հակոբ Հակոբյանը վրդովվեց, թե ձեր հարցերից այնպիսի տպավորություն եք ստեղծում, ոնց որ մի հղիի գումարը վերցնում ենք. «Այնպիսի հարցադրումներ եղան, թե մայրերի փողերը կտրում եք, սեղաններին խմում եք: Խնդրում եմ, թող մեկը վեր կենա ելույթով ասի, թե հղի եւ ծննդաբերող ում փողն է կտրվում»:

Հակոբ Հակոբյանի ելույթին արձագանքեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը. «Տպավորությունն այն է, որ մեր դիմաց կանգնած է Լյուդովիկոս 14-րդը, որն ասում էր՝ պետությունը ես եմ: Ամբողջ սոցիալական ոլորտի հերն անիծեցիք: Պատգամավորները հարց են տալիս լրիվ այլ թեմայով, դուք լրիվ այլ բան եք ասում: Ըստ ձեզ՝ այս փոփոխությունները կբարելավե՞ն ժողովրդագրությունը: Արդյոք կարողացե՞լ եք համոզել հանրությանը, որ առաջընթացի տեսանկյունից ձեր բերած փոփոխությունները արդարացված են»: Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ սա հակաժողովրդագրական ու հակասոցիալական օրինագիծ է:

Հակոբ Հակոբյանը հեգնեց, թե ինչքան գիրք որ կարդացել է, հիմնվել է Արծվիկ Մինասյանի սկզբունքների վրա՝ որպես «սոցիալական արդարության դոկտրինայի հայր»: Նրա խոսքերով՝ «Դուք եւ ձեզ նման մի քանի ցուցակային պատգամավոր, որոնք գալիս են ամբիոնի մոտ ու խոսում համամասնական ընտրակարգից, դուք ինձ կարող եք մեղադրել որպես իշխանության պատգամավոր, բայց այս հարցում ինձ մեղադրելն անհասկանալի է»:

Արծվիկ Մինասյանը զարմացավ, թե ինչ կապ ունեին այստեղ համամասնական ցուցակները. «Ընդամենը բացատրություն տվեք, թե ինչ եք ներկայացնում: Ձեզ մեղադրում եմ ոչ թե որպես մեծամասնական պատգամավոր, այլ որպես մարտունեցի, որն ինքն էլ դեմ է այս նախագծին: Դուք էլ ու ձեր կառավարությունն էլ կուտակային համակարգի հայրն եք»:

Հակոբ Հակոբյանը վիրավորվեց, բայց ոչ թե մարտունեցի ասելու համար, այլ՝ կուտակային կենսաթոշակային համակարգին բան ասելու համար: Ըստ նրա՝ դա միակ ճիշտ ուղին էր. «Ինչ վերաբերում է կապված իմ ծննդավայրի հետ, դա այնքան ակնհայտ է, էլ չասած: Ես երբեք չեմ տխրել, երբեք չեմ վիրավորվել իմ ծննդավայրով: Հակառակը, շատ էլ ուրախ եմ: Ով որ չունի, թող նա մտածի, ես շատ էլ ուրախ եմ: Մեր խնդիրը կապված օրենսդրական նախաձեռնության հետ, ակնհայտ է: Մենք առաջարկում ենք 30 հազար չաշխատող կնոջն օգնել, դա կլինի խթան՝ ծննդաբերությունը խթանելու համար»:

Այս բանավեճին արձագանքեց նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Ժողովրդի մասին կարելի է մտածել, բայց ժողովրդին շահարկման առարկա չի կարելի դարձնել: Իբրեւ թե անձնազոհների դահլիճ ունենք, եւ պատերազմ է գնում, թե այս ժողովրդին ով է շատ սիրում: Ժողովրդին սիրում են հոգեպես, արյամբ, ներքին զգացումներով: Պարոն Մինասյան, դուք եք այստեղ շատ օգտագործում հակաժողովրդական բառը: Այստեղ մեկս մյուսին սիրենք-չսիրենք՝ հակաժողովրդական մարդ չկա»:

 


Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930