ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր, նախագահող Արշակ Խաչատրյանը քիչ առաջ հետաձգեց դատապարտյալ Հայկ Վարդանյանի գործով բողոքի քննությունը: Բողոք բերած դատախազ Ա. Փանոսյանը դատարան չէր ներկայացել եւ հայտնի չէր, թե ինչ պատճառով: Դատապարտյալ Հայկ Վարդանյանը առանց մեղադրողի չցանկացավ, որ քննությունը շարունակվի:
Տեղեկացնենք, որ քննության էր առնվելու նրա նկատմամբ համաներում կիրառելու հարցը:
Այս տարվա ապրիլի 9-ի վճռով նա դատապարտվել է ազատազրկման 5,5 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման եւ առաջին ատյանի դատարանը քննարկելով պատիժ նշանակելու հարցը` հանգել էր այն եզրակացության, որ Հայկ Վարդանյանը իրեն մեղսագրվող յուրաքանչյուր դիտավորյալ հանցագործությունը կատարել է նախկինում 3 անգամ դատապարտված լինելով, միջին ծանրության դիտավորյալ հանցագործությունների եւ ծանր հանցագործությունների համար, իսկ «առանձնապես ծանր հանցագործության համար չի դատապարտվել»: Դատավճիռը չի բողոքարկվել եւ օրինական ուժի մեջ էր մտել: 6 ամիս հետո դատավճռի դեմ բողոք էր բերել մեղադրողը:
Կարդացեք նաև
Հայկ Վարդանյանի պաշտպան Արտավազդ Փարսադանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ վերաքննիչ բողոքը բերվել է օրենքի խախտմամբ, այն է՝ բողոքը պետք է բերվեր առաջին ատյանի դատարանի՝ գործը, ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում:
Ի դեպ, քանի որ համաներումը տարածվում էր Հայկ Վարդանյանի վրա, սակայն նրան բաց չեն թողնում, «Վարդաշեն» ՔԿՀ պետը այս տարվա մայիսի 30-ին դիմել էր Կենտրոնի դատարան՝ դատավճիռը պարզաբանելու միջնորդությամբ, ինչը մերժվել էր: Այսինքն, դատարանը վերահաստատել էր, որ ամբաստանյալի նկատմամբ պատիժը կիրառելիս հաշվի է առնվել, որ նա ծանր հանցագործություն չի կատարել եւ ըստ էության «Վարդաշեն» ՔԿՀ-ի կողմից կատարվել է դատավճռի պահանջը սեպտեմբերի 11-ին եւ որոշվել է անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը կատարել: Սակայն կալանավորը, որը նախկինում կուրացել էր ազատազրկման վայրում, գտնվում է անազատության մեջ:
Հայկ Վարդանյանի պաշտպանը Aravot.am –ին տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի ամբողջությամբ մերժվի դատախազի բողոքը, առաջին ատյանի դատարանի վճիռը մնա ուժի մեջ:
Ի դեպ, երբ մենք ամիսներ առաջ անդրադարձանք Հայկ Վարդանյանի խնդրին, որ ՔԿՀ-ն չի կատարում դատարանի դատավճիռը, հրապարակմանը արձագանքեցին ինչպես դատական դեպարտամենտից, այնպես էլ անձամբ արդարադատության նախարարը, որը իր իսկ որոշմամբ պարտավորեցրել էր ՔԿՀ-ին դատական ակտը կատարել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ