«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ, Երեւանի քաղաքապետարանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը, ով նոյեմբերի 17-ին հացադուլ սկսել ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի առջեւ` ի նշան բողոքի հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման եւ հայ օդաչուների դիերի վերադարձման:
-Դավիթ, հացադուլը պայքարի ծայրահեղ միջոց է, ինչո՞ւ հացադուլ եւ ինչո՞ւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ:
-Երկար եմ մտածել, հասկացել եմ, որ մյուս միջոցների վրա, կոպիտ ասած` թքած ունեն: Նախկինում բազմաթիվ անգամներ փորձել ենք թե Հայաստանի անկախության, թե այլ հարցերով ակցիաներ իրականացնել, ես տեսել եմ, որ այդ հասունությունը չկա, որ լուրջ մասսա հավաքվի եւ միջոցառում իրականացնի: Հացադուլն իմ անձնական որոշումն է, փորձում եմ այսկերպ իմ ահազանգը հնչեցնել: Իսկ ինչու այստեղ, որովհետեւ ԵԱՀԿ-ն ունի խաղաղության ու անվտանգության ապահովման մանդատը, եթե Մինսկի Խմբի գրասենյակ լիներ, ակցիան կլիներ այդ գրասենյակի առջեւ:
-Ի՞նչ ես կարծում Հայաստանն ու ԼՂՀ-ն ի՞նչ կարող էին անել, որ չարեցին: Հայկական զինուժի խոցված ուղղաթիռի զոհված սպայերի դիակները դեռ հակառակորդի մոտ են:
Կարդացեք նաև
-Նախ եւ առաջ ես կարծում եմ, որ ուղղաթիռն այդքան մոտ չպետք է թռչեր: Մենք բազմիսց ենք ականատես եղել, որ Ադրբեջանը ցանկացած առիթ օգտագործում է ներքաղաքական պոպուլիզմի համար: Մենք պետք է չափից ավելի զգոն լինենք, քանի որ մարդկանց կյանքերի հետ գործ ունենք: Երկրորդ, սա կարծում եմ, երկար տարիների ձախողված դիվանագիտության հետեւանք է, եւ երրորդ, Հայաստանը քաղաքական հենարան չունի, հետեւաբար, միջազգային հանրությունը լուրջ չի ընդունում նրա մոտեցումները: Միջազգային հանրությունը տարիներ շարունակ մնացել է անադեկվատ, դատապարտել են, հայտարարություններ արել, որին կրկին հետեւել են Ադրբեջանի գործողությունները: Կարծում եմ, միջազգային հանրությունն ավելի սթափ պետք է լինի, հասկանա, որ իր հայտարարություններով հասնելու է մի իրավիճակի, երբ պատերազմը կարող է վերսկսվել: Ես կարծում եմ, որ այստեղ ժամերը, վայրկյանները կարեւոր նշանակություն ունեն, եթե մի փոքր ուշացնեն, հնարավոր է հայկական կողմն ուժով փորձի տղաներին դուրս բերել այնտեղից, ինչը նշանակում է նոր սրում , նոր կորուստներ, որից չենք վախենում, բայց եւ չենք ուզում, որ տեղի ունենա:
-Դավիթ, հացադուլն ի՞նչ ժամկետներով եք հայտարարել, ե՞րբ կդադարեցնեք:
-Անժամկետ:Ես կմնամ հացադուլի մեջ այնքան, քանի դեռ այդ հարցն օդի մեջ կախված է, այնքան, մինչեւ տղաներին դուրս բերեն:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում