Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կին պատգամավորների էմոցիոնալ բողոքները՝ ԱԺ-ում. «Կենացներ եք ասում մայրերի մասին, իբր մեծարում եք»

Նոյեմբեր 18,2014 14:16

Այսօր «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ի տարբերություն տղամարդ պատգամավորների, կին պատգամավորները աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցեր ուղղեցին բարոյահոգեբանական մթնոլորտից, որ հղիներին հանկարծ չնեղացնեք:

Կոշտ էր հատկապես ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցադրումը: Նրա խոսքերով՝ «Մենք Հայաստանում ենք ապրում, կենացներ ենք ասում մայրերի մասին, իբրեւ թե մեծարում ենք, բայց հղի կանայք եկան ԱԺ դարպասների մոտ, կառավարության մոտ եւ բողոքեցին: Շատ երկրներում ռեալ աճ է գրանցվում օրենքի կարգավորումների արդյունքում: Օրինակ,  Ուկրաինան, Ղազախստանը: Արդյո՞ք համարում եք, որ այս օրենքով բոլոր պայմանները ստեղծեցինք, որ կանայք չդժգոհեն: Դուք ասացիք, որ 12 մլրդ մենք կորուստ ունեցանք: Եթե այդ 12 մլրդ-ից 6 մլրդ-ը հասներ հասցեատիրոջը, ծնելիությունը 3 անգամ կբարձրանար: Արդյո՞ք մենք հղի կանանց համար իրականում ստեղծում ենք պայմաններ: Մենք հիմա խոսում ենք 2016-ից, 2017-ից ստեղծենք պայմաններ: Մենք բյուջեից վերացական թեմաների համար կլոր սեղաններ ենք անում, գալիս ուտում-խմում, գնում են: Սա փաստ է, որի առաջ չենք կարող աչք փակել: Մեզ համար ամոթալի էր այս մեկ ամսվա քննարկումը: Դուք կառավարության անդամ եք, շատ դեպքերում ասում եք, որ դա ձեր իրավասությունը չէ, բայց դուք կարող եք այդ հարցերը կարգավորել: Մենք շատ թերացել ենք, ես կարծում եմ, նաեւ այս օրենքով մենք չենք լուծում խնդիրները»:

Արտեմ Ասատրյանն ասաց, որ օրենքի նախագիծը բնական է, պետք է քննարկվեր. «Ոչ ոք չի ասել, որ նախագծի դրույթները վերջնական են եւ փոփոխման ենթակա չեն: Մենք բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունն ենք ապահովել: Մեր մտածելակերպի, մեր մարդկային հարաբերությունները կառուցելու համար շատ անհրաժեշտ էր այս քննարկումը, որպեսզի յուրաքանչյուրը, ով այս գործընթացներին առանց ետին մտքի մասնակից է եղել, նաեւ ինքը մտածի, որ այդ պարագայում մենք հասցեականությունն ենք կորցրել: 2014-ի համար ունեցել ենք 12 մլրդ-ի ծախս, մեծ սիրով կկրկնապատկեինք այդ գումարը, եթե դրանք բացառապես ծնելիության աճով պայմանավորված լինեն: Չի կարող դա լիարժեք եւ անմիջական ազդեցություն ունենալ այդ խնդիրների վրա»: Զուտ ծնելիության խթանման հետ կապված նախարարը նշեց, որ ներկայումս ազգային ծրագիր է մշակվում՝ ժողովրդագրական վիճակի բարելավման համար:

Կարինե Աճեմյանի խոսքերով՝ այս օրերին էլ կան հղի կանայք, որոնք 2 շաբաթ հետո պատրաստվում են մայրանալ, իրենց հրավիրում են հարցաքննությունների՝ նպաստների հետ կապված. «Խոսքը չնչին գումարի մասին է, որոնցով կինը նույնիսկ փամփերսի հարցը չի կարող հոգալ: Իհարկե, մեր գիտակցության մեջ պիտի փոխվի, որ եթե մարդը հարուստ է, կարիք չունի, բայց իր 1 դեկրետի գումարով կարող է տուն գնել, մենք այդ հարցին պետք է անպայման հետեւողական լինենք: Բայց կինը եթե ուզում է մայրանալ, պետք է պետության հոգածությունը զգա, եթե չի զգում, երկրորդ անգամ չի ուզենա մայրանալ»:

ՀՀ-ական մեկ այլ պատգամավոր՝ Կարինե Պողոսյանն էլ հարցրեց, թե 3-րդ, 4-րդ երեխայի համար 1 մլն դրամ նպաստից կինը կարող է ստանալ այդ գումարի կեսը՝ 500 հազար դրամը, ինչպե՞ս կարող են անապահովները այդ գումարներն ամբողջությամբ ստանալ:

Նախարարը պատասխանեց, որ դա հստակ քաղաքականություն է, այդ գումարները պետբյուջեից, միեւնույն է, վճարվում է. «500 հազարը վճարվում է միանվագ՝ կանխիկ ձեւով, մյուս 500 հազարի համար նախատեսվում է դրա ծախսման ուղղությունները, որը թույլ է տալիս սոցիալական հասցեականությունն ավելի ճշգրիտ դարձնել: Եթե միանվագ 1 մլն-ը տանք, հնարավորություն չկա ստուգելու, թե որ ուղղությամբ ծախսվեց այդ գումարը»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը դժգոհեց, որ օրենքում մայրության նպաստ ձեւակերպելը սխալ է: Պետք  է լիներ անաշխատունակության փոխհատուցում:

Արտեմ Ասատրյանը չհամաձայնեց՝ ասելով, որ օրենքը ներառում է աշխատող եւ չաշխատող կանանց:

Լյուդմիլա Սարգսյանը նաեւ հետաքրքրվեց. «Օրենքի նախագծով, փաստորեն 1 մլն եւ ավելի  աշխատավարձի գումար ստացող կանանց դեպքում 80 տոկոսը վճարում է պետությունը, 20 տոկոսը՝ գործատուն: Ինչ-որ կերպ դա կարելի՞ է ամրագրել օրենքով, որ գործատուն պարտավոր է վճարել 20 տոկոս փոխհատուցումը, ինչո՞ւ թողնել դա օդում եւ հույս ունենալ, որ գործատուի հետ որեւէ խնդիր չի առաջանա»:

Նախարարը վստահեցրեց, որ որեւէ խնդիր չի առաջանա: Նա ասաց, որ չեն կարող պարտադրել գործատուին, բայց դա անհատական պայմանագրով պետք  է ապահովի: Լյուդմիլա Սարգսյանը պատասխանից գոհ չմնաց. «Ըստ էության, ամեն ինչ թողնում եք գործատուի խղճին: Ամեն դեպքում, աշխատող կինը, հատկապես 1 մլն եւ ավելի ստացողն այնքան մեծ հարկեր է մուծում բյուջեին, որ այս դեպքում էլ պետք է կամ պահպանվեր իր 100 տոկոսը բյուջեով կամ այնպես երաշխավորվեր օրենքով, որ գործատուն միանշանակ փոխհատուցեր իր գումարը»:

Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, որ անհատական պայմանագրով այդ խնդիրը լուծվելու է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930