Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերժում եմ շքանշանների անբարո քաղաքականությունը». համարժեք պատասխան Սփյուռքից

Նոյեմբեր 18,2014 14:11

Մասնագիտությամբ պատմաբան, Գերմանիայի Բոխումի համալսարանի պատմության ֆակուլտետի դոկտորանտ Ազատ Օրդուխանյանը 1993 թ.-ից բնակվում է Գերմանիայում: 16 տարի՝ 1998 թվականից, Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդում է (ԳԿԽ) և 4 տարի նախագահել է այդ կառույցը: Ներկայումս ղեկավարում է Գերմանիայի Հայ ակադեմիականների միությունը (ՀԱՄ):

Նախախորհրդարանի հետ սույն հարցազրույցում Ա. Օրդուխանյանն արտահայտվում է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից իրեն շնորհված շքանշանից հրաժարվելու պատճառների, Գերմանիայի հայկական համայնքի և ԳԿԽ-ի ու ՀԱՄ-ի գործունեության, Սփյուռքի նորովի կազմակերպման անհրաժեշտության ու դրա ձևերի, ինչպես նաև այլ հարցերի մասին:

Հարց. Պարոն Օրդուխանյան, Ձեզ շնորհվել էր ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» շքանշանը, որը տրվում է հայապահպանության ոլորտում ներդրում ունենալու,մայրենի լեզվի պահպանման ու զարգացման գործում նվիրաբերած ջանքերի, սփյուռքահայ երիտասարդների հայեցի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ավանդի,ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գիտակրթական գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու համար: Սակայն ստանալուց անմիջապես հետո Դուք հրաժարվեցիք այդ շքանշանից: Ո՞րն էր պատճառը:

Ազատ Օրդուխանյան. Նախ կցանկանայի պահպանել հարցի մարդկային կողմը և ասել շնորհակալություն նախարարության այն աշխատակիցներին, ովքեր սույն շքանշանի համար առաջարկել էին իմ թեկնածությունը: Շքանշանի ետ հանձնման պատճառները շատ խորն են ու բազմակի, քաղաքական են և բարոյական, որոնցից կթվարկեմ ընդամենը մի քանիսը: Հարգելով ՀՀ իշխանությունների միջին և ներքին օղակներում աշխատող բազմաթիվ ազնիվ պաշտոնյաների անձն ու գործը, այս քայլով, սակայն, ցանկանում եմ իմ անհամաձայնությունը հայտնել մեր հանրապետության իշխանության ներքին և արտաքին քաղաքականության ներկա կուրսին: Կխոսեմ ոչ տեսական, այլ պարզ և կոնկրետ մարդկանց և դեպքերի օրինակներով, կփաստարկեմ, կհիմնավորեմ քայլս: Նախ ՀՀ իշխանություններն այսօր հալածում և անազատության մեջ են պահում մեծարված Վարդան Պետրոսյանին, Վալոդյա Ավետիսյանին և մի քանի այլ մտավորականների, ովքեր համարձակություն ունեցան մեր սիրելի հայրենիքի առաջընթացի համար այլ ուղի առաջարկել, անձամբ այլ ուղիով գնալ, քան իշխանականն է: Այսօր իշխանությունները նույնիսկ ձեռք են բարձրացնում մեր ներկա սրբություններից մեկի վրա, ձեռնաշղթաներ են հագցնում Ալեք Ենիգոմշյանին ու դիտավորյալ թողնում բանուկ ճանապարհի մեջտեղում: Սփյուռքի և հայրենիքի հազարավոր հայերին այդ լուրը շնչահեղձ արեց: Մերօրյա լեգենդին, ընդամենը մեկ անգամ իր կյանքում, 34 տարի առաջ ձեռնաշղթաներ էին հագցրել Շվեյցարիայի ոստիկանները, երբ ԱՍԱԼԱ-ի մարտիկը Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության այսօրվա բարիկադներն էր կառուցում Եվրոպայում: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին մեր բարոյականության և հայրենասիրության խորհրդանիշներից մեկին մայրաքաղաքի կենտրոնում ձեռնաշղթա է հագցնում Երևանի ոստիկանը, և այն էլ միմիայն այն պատճառով, որ նա իշխանական կուրսը չի ընդունում և առաջարկում է այլ պետական-քաղաքական ռազմավարություն: Ես այսօր ցանկացա կանգնել մեր այս մտավորականների կողքին ու ցուցադրել իմ համերաշխությունը նրանց մտքին ու գործին:

Այսօր մեր իշխանությունների ապաշնորհ քաղաքականության պատճառով մեր հանրապետության բնակչության կեսից ավելին պանդուխտ է դարձել, ինքս էլ ներառյալ, հայրենի տնտեսությունը արյունաքամ է արված, մշակույթի, կրթության, գիտության իրական նվիրյալների, բնակչության մեծ մասի վիճակը ծայրահեղ անմխիթար է: Վերցնելով այդ շքանշանը՝ ես կդավաճանեի իմ հազարավոր հայրենակիցներին:

Գերմանահայ համայնքի տեսանկյունից դիտված, որտեղ ապրում և գործում եմ, դա իմ պարագայում ուղղակի անհնարին էր: Նախ ընդամենը մի քանի ամիս առաջ Գերմանիայում ՀՀ իշխանությունների ուղիղ ներկայացուցիչը` նախկին դեսպան Արմեն Մարտիրոսյանը, հենց շքանշանների ու պատվոգրերի անբարո քաղաքականության միջոցով, որը մենք այսօր մեդալների կոռուպցիա ենք անվանում,  աննախադեպ հետապնդում էր սկսել իմ դեմ, քանի որ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի (ԳԿԽ) նախագահ լինելու ժամանակ ընդդիմացել էի իրեն և ձախողել էի Արցախում 290 հազար եվրո արժողությամբ մանկապարտեզ կառուցելու կեղծ ծրագրի համար գերմանահայ համայնքներում սկսած դրամահավաքը և առհասարակ դիմադրել` հայաստանյան մաֆիոզ գործելաոճի մեթոդները գերմանահայ համայնք մտցնելու նրա ջանքերին: Ընդհանրապես կարծում եմ, որ շքանշանների հանձնումը գեղեցիկ, օրինակելի և ոգևորող երևույթ է, սակայն ես մերժում եմ անբարո´ ձևով տարվող այս քաղաքականությունը: Ավելացնեմ նաև, որ իմ դիտարկմամբ՝ այս հարցում ՀՀ իշխանություններն այսօր չեն պահպանում իրական չափանիշները: Խորին հարգանք տածելով մեր համայնքի այն բազմաթիվ մտավորականների և միութենական գործիչների նկատմամբ, ովքեր ստացել են պետական շքանշաններ, ցանկանում եմ, սակայն, այլ երևույթի մասին նույնպես խոսել` նպաստելու համար ՀՀ իշխանական շքանշանների գահավիժող ինֆլացիան կանգնեցնելու գործին:

Բերեմ մեկ օրինակ: 2001թ. ԳԿԽ-ն, որի վարչական անդամն էի այն ժամանակ, որոշեց մեր համայնքի առաջընթացի համար մնայուն հիմնադրամ ստեղծել: Հիմնադրամի ստեղծման մշակութային և դրամահավաքի երեկոյին, որպես մեկը մյուս կազմակերպիչ միությունների կողքին, Հայ Ակադեմիականների Միության (ՀԱՄ) վարչական անդամներով փորձեցինք պատին ամրացնել հայկական եռագույնը: Մեզ մոտեցավ ծրագրի կազմակերպչական կոմիտեի մեջ աշխատող պրոֆ. Միհրան Դաբաղը և սպառնաց (կրկնում եմ նրա խոսքերը բառացի)` «…եթե այդ լաթի կտորը կախեք այստեղ, պաժառ կտամ: Ինչ եք թուրքերի նման ամեն անգամ ձեր դրոշը բերում կոխում աչքներս: Սա սփյուռքի հիմնադրամ է և ձեր կոռուպտ պետության հետ կապ չունի: Շնորհակալ եղեք, որ ձեր դեսպանին գոնե թողել ենք դահլիճում նստի… (այն ժամանակ Գերմանիայում ՀՀ դեսպանը տիկին Կարինե Ղազինյանն էր)»: Առհասարակ քաջությունը չունենալով ՀՀ իշխանությունների մասին իր այդ տեսակետները գոնե մեկ անգամ մի թերթում հրապարակելու` նա մեզ 20 տարուց ավելի ամեն առիթով հանդիմանում էր, որ մենք` հայաստանցիներս,  «Հայաստանի կոռուպտ իշխանությունների սիմվոլներն ենք սփյուռքում», չնայած որ մեկ ցենտի կաշառք չենք տեսել մեր կյանքում և ոչ թե այդ իշխանությունների սիմվոլներն ենք այստեղ, այլ նրանց զոհերը: Իսկ երբ մոտ երկու տարի առաջ ՀՀ իշխանությունները պրոֆ. Մ. Դաբաղին առաջարկեցին պետական շքանշան, նա հենց իր անպատված եռագույնի տակ սիրով ընդունեց այդ շքանշանը և հիմա մեր համայնքում նույն այդ իշխանությունների գուսանն է դարձել: Նման շատ օրինակներ կարող եմ բերել: Մարդ կա մեր համայնքում, ով նախկին դեսպանի կողմից շքանշան է ստացել Գերմանիայում հայկական դպրոցաշինության համար, չնայած այստեղ հայկական դպրոց չկա (կան միայն շաբաթօրյա, կիրակնօրյա կամ շաբաթական 2 օր իրականացվող դասաժամեր) և ապագա տասնամյակում հայկական դպրոց կառուցելն անհնարին է: Բայց շքանշանը դրա համար (կամ մի գուցե այլ ծառայության համար, բայց այդ անվան տակ) արդեն տրված է:

Տարիներ առաջ, Երևանում, նախարարություններից մեկում, մի փոխնախարարի հանդիմանեցի, որ «սփյուռքյան մեր հայրենակիցները շատ հարցերում խիստ քննադատում են ՀՀ իշխանությունների քաղաքականությունը, ինչու նրանք հաշվի չեն նստում սփյուռքյան այդ ձայների ու տեսակետների հետ», նա բառացիորեն պատասխանեց «…ցույց տուր սփյուռքից մեզ ամենասուր քննադատողին և բավական է մենք ցույց տանք ՀՀ իշխանության որևէ մեդալի ընդամենը ժապավենի ծայրը և նա համեստ հարսի պես կգա ու կուրծքը դեմ կտա, կդառնա մեր ամենամեծ երկրպագուն սփյուռքում…»: Այսինքն` փոխնախարարի համոզմամբ, սփյուռքահայ քննադատողի սկզբունքայնությունն ու գաղափարական կայունությունը հասնում է մինչև ՀՀ իշխանական մեդալի ժապավենի ծայրին: Եթե նույնիսկ որևէ այլ հիմք չլիներ, արժեր միայն ՀՀ իշխանական շրջանակներում լայնորեն տարածված այս կարծիքը հերքելու համար, հրաժարվել այդ շքանշանից: Հրաժարվելով «Մայրենիի դեսպան» շքանշանից, հրաժարվեցի նաև միևնույն բարոյական հարթության վրա կանգնել Միհրան Դաբաղերի հետ:

Հարց. Այժմ ղեկավարում եք Գերմանիայի Հայ ակադեմիականների միությունը, որը հարուստ ավանդույթներ և պատմություն ունեցող կառույց է: Կներկայացնե՞ք դրա գործունեությունը, մասնավորապես՝ այսօր ի՞նչ դեր ունի այս կառույցը հայ համայնքի կյանքում:

Ազատ Օրդուխանյան. Հայ ակադեմիականների միությունը հիմնվել է 1860թ. Լայպցիգում (ըստ այլ ուսումնասիրողների`1885-ին): Միության հետ սերտորեն կապված են Աբգար Հովհաննիսյանի, Գրիգոր և Անդրեաս Արծրունի եղբայրների, Լևոն Շանթի, Կոմիտասի, Գարեգին Հովսեփյանց և Գևորգ Չորեքչյան կաթողիկոսների, Հակոբ Մանանդյանի, Երվանդ Տեր-Մինասյանի, Արտաշես Աբեղյանի, Մանուկ Աբեղյանի, Բեռլինում Հայաստանի առաջին Հանրապետության դեսպան Ջեյմս Գրինֆիլդի (1919-1920), Գարեգին Նժդեհի և մեր պատմության ու մշակույթի բազմաթիվ այլ հայտնի զավակների կենսագրությունները: Այսօր մենք ակտիվորեն շարունակում ենք մեր մշակութասեր նախնիների գործը: ՀԱՄ-ը Եվրոպայում ներկայումս միակ համայնքային կառույցն է, որը հրատարակում է իր մատենաշարը (1886-1888թթ. Աբգար Հովհաննիսյանն ու Արտուր Լայստը հրատարակել են 9 հատոր, 2002թ-ից մեր վերաբացած մատենաշարով հրատարակվել է 6 անուն գիրք, ներկայումս տպագրության ենք պատրաստում 5 նոր գրքեր): 2004-ին Դորթմունդ քաղաքում հիմնեցինք «Արամ Խաչատրյան երաժշտական ինստիտուտը», 2005-ին միությունը ստեղծեց ամբողջությամբ հայ երգիչ-երաժիշտներից բաղկացած «Արմենիա» կամերային նվագախումբը, որը, սակայն, դրամական սղության պատճառով կարճ կյանք ունեցավ, բայց առաջին դրական փորձն էր Եվրոպայում, կազմակերպվել են բազմաթիվ համերգային, քաղաքական, մշակութային երեկոներ, գրքերի շնորհանդեսներ, գիտական դասախոսություններ, թուրքական հյուպատոսությունների առաջ բողոքի ցույցեր, տարբեր քաղաքներում հայ մանուկների համար բացվել են հայերենի և հարակից առարկաների մեկօրյա դասաժամեր, տասնյակ ուսանողներ միության օգնությամբ իրենց ուսումն են շարունակել Գերմանիայում և այլն:

Միությունը բազմակողմանի գործունեություն է ծավալում, վերջին գրանցումը եղել է Բոխումի դատարանում, անդամագրությունը` համագերմանական է: ՀԱՄ-ի 2001թ-ի վերաբացումից հետո, նրա գործունեության մասին և այդ ճանապարհով հայկական մշակույթի, գիտության և պատմության թեմաներով 100-ավոր հոդվածներ են տպագրվել գերմանական մամուլում…Այժմ` 2014-ի օգոստոսի 15-ից մինչև նոյեմբերի 30-ը ընթանում է «Հայկական մշակութային աշուն – 2014» ծրագիրը, որը կազմակերպվել է Բոխում համալսարանական քաղաքի մշակույթի և գիտության կարևորագույն օջախների հետ համագործակցաբար:

Հարց. Դուք երկար տարիներ նախագահել եք Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը: Վերջին տասը տարիների ընթացքում ի՞նչ դրական և բացասական երևույթներ կնշեք, որ ակնառու են եղել Գերմանիայի հայ համայնքում (որքան էլ բազմազան լինի համայնքը, թերևս հնարավոր է խոսել դրականի և բացասականի մասին՝ ընդհանուր ուրվագծերով): Եվ ի՞նչ եք կարծում, Հայաստանում կատարվող գործընթացները ի՞նչ ձևովեն անդրադառնում Սփյուռքի համայնքների վրա:

Ազատ Օրդուխանյան. Վերջին 10-15 տարիներին Գերմանիայի հայկական կյանքում տեղի են ունեցել հետաքրքիր մեծ փոփոխություններ, որոնք, նույնիսկ, մի քանի երևույթներ ներկայացնելով, կարելի է տեսանելի դարձնել:

1.         Նախկին տասնամյակի համեմատ վերջին 15 տարիներին Գերմանիայում կտրուկ աճել է հայ ուսանողների և երիտասարդ գիտնականների թիվը, որոնց մեջ ներկայանալի թիվ են կազմում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

2.         Երիտասարդ հայուհիների թիվը գնալով մեծանում է Գերմանիայի գիտության, մշակույթի, արվեստի, հասարակական կյանքի ամենատարբեր բնագավառներում, ինչպես նաև հայկական համայնքային կյանքում:

3.         Հայ մարզիկների և արվեստագետների կողմից գերմանական և եվրոպական ամենահեղինակավոր զանազան բեմերի նվաճումը վերջին տասնամյակում աննախադեպ բարձրացրեց հայկականի ճանաչողության և հեղինակության աստիճանն այստեղ, որն էլ նկատելիորեն դրական ազդեցություն է ունենում հայկական համայնքային կյանքի կազմակերպման գործում գերմանական հասարակության հետ հարաբերություններ մշակելիս:

4.         Հատուկ աշխատանքի արդյունքում վերջին 10-15 տարիներին հայկական համայնքների և անհատ գործիչների մասին ավելի շատ հոդվածներ հրատարակվեցին գերմանական մամուլում, քան նախորդ մի քանի տասնամյակներում միասին վերցրած: Սա նշանակում է, որ հայ իրականությունը Գերմանիայում սկսում է իր մշտական տեղը գրավել գերմանական հասարակության ընկալումներում:

5.         Գերմանիայում հայկական համայնքային քարտեզի վրա նշված ժամանակաշրջանում երևացին նոր` ուսանողական («Հայկ գերմանա-հայկական ուսանողական ակումբ»), երիտասարդական («Կիլիկիա» երիտասարդական միություն, «HayFM e.V.- Հայկական ռադիո»), բարեգործական (ՀՕՄ-ի մասնաճյուղ, «Նաիրի» բարեգործական միություն) միություններ, հայկական համայնքներ հիմնվեցին Արևելյան Գերմանիայի նահանգներում` Հալլե և Լայպցիգ քաղաքներում և այլն:

Որպես բացասական երևույթ կառանձնացնեմ այն, որ համայնքային գործընթացներում առավել աչքի է ընկնում պահպանողական գաղափարախոսությունը և դրանից բխող կառույցային իրականությունը: Այս մտածողության ու գործելաոճի կրողը առավելաբար դասական սփյուռքի ավագ սերնդի ներկայացուցիչներն են: Համայնքների ռազմավարության և մարտավարության ընտրության դաշտում կա ներքին լուրջ տարակարծություն երիտասարդ սերնդի և վերոհիշյալի միջև, որն առաջին հերթին բացատրվում է երկու տարբեր սերունդների արևելյան և եվրոպական փորձառություններով: Գերմանահայ համայնքում չափազանց դանդաղ են ընթանում արդի ձևաչափերով ու բնույթով կառույցների ստեղծման գործընթացները, ցայսօր չունենք որևէ ֆիլմի կամ հեռուստատեսության ստուդիա, կամերային նվագախումբ, կենտրոնական գրադարան-արխիվ, որևէ համալսարանում հայագիտական ֆակուլտետ, առևտրա-արդյունաբերական կամ բանկային կառույց և այլն:

Որպես խիստ բացասական երևույթ պետք է դիտել այն հանգամանքը, որ մեր համայնքային կառույցները իրենց օրակարգում մինչ այսօր չունեն Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին մասնակից լինելու անհրաժեշտ հարցը: Միայն նվիրատվությամբ ու զբոսաշրջիկության կազմակերպմամբ զբաղվելը մեր օրերում չափազանց սխալ և խիստ անբավարար գործ է: Հայկական համայնքները պետք է ակտիվորեն մասնակցեն մեր հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական և գիտամշակութային կյանքի կերտման գործընթացներին, ինչը, օրինակ, հստակ նկատում ենք վիետնամցիների, խորվաթների և այլ ազգերի սփյուռքների պարագայում: Որպես օրակարգ չունենալով «Հայաստանի Հանրապետությունը», մեր համայնքային ղեկավարները հազարավոր երիտասարդների զրկում են հայրենիքի հետ զգացական և գործնական անհրաժեշտ կապվածությունից, մեր հանրապետության իրականությանը նրանց մաս դառնալու կենսական անհրաժեշտությունից, որի արդյունքում ավելի արագացնում են երիտասարդ սերնդի ձուլման ընթացքը: Ցավոք սրտի բոլորիս նկատելի է, որ ՀՀ իշխանությունները ձգտում են ամեն գնով հեռու պահել սփյուռքյան մեր երիտասարդությանը հանրապետության հատկապես ներքաղաքական, բայց նաև սոցիալ-տնտեսական և գիտամշակութային զարգացման գործընթացներից: Սա լուրջ ազգային խնդիր է և անհետաձգելի հանգամանք ունի:

Պետք է նաև նշել, որ մեր հանրապետությունում կատարվող գործընթացները լրջորեն ազդում են սփյուռքյան համայնքների վրա, որը մեկ այլ քննարկման թեմա է:

Հարց. Սփյուռքում, ցավոք, այնքան էլ մեծ թիվ չեն կազմում այն մարդիկ, որոնք այս կամայն կերպ արտահայտում են իրենց բողոքն ու վրդովմունքը Հայաստանում տեղի ունեցող արատավոր երեւույթների վերաբերյալ: Դուք այդ մարդկանցից մեկն եք: Ի՞նչ խոչընդոտների առաջ է կանգնեցնում Ձեզ հստակ և ակտիվ դիրքորոշում արտահայտելը և ինչպե՞ս եք հաղթահարում այդ խոչընդոտները:

Ազատ Օրդուխանյան. Հայաստանի Հանրապետության ներկա անմխիթար վիճակը մենք խիստ տագնապով ենք ընդունում և ամենուր հայտնում մեր անհամաձայնությունը դրա հետ, բայց նաև մեր պատրաստակամությունը` օգնելու մեր հայրենիքի պետականացված հատվածին: ԳԿԽ-ի նախագահ եղածս տարիներին փորձել եմ «Հայաստանի Հանրապետությունը», Հայոց ցեղասպանության ճանաչման, Արևմտյան Հայաստանի, երիտասարդական և մյուս ազգային և համայնքային հարցերի կողքին դարձնել համահավասար օրակարգային հարց:

Սա նշանակում էր, որ պետք է կոնկրետ գործողություններով լրջորեն պայքարեինք մեր հանրապետության արատավոր, կործանիչ երևույթների դեմ, ինչպես նաև լրջորեն ինտեգրեինք մեր երիտասարդությանը հանրապետության ներքաղաքական, գիտա-տեխնիկական, մշակութային, սոցիալական ու տնտեսական գործընթացներին: Քանի որ հանրապետությունում մեր ժամանակներում առավելաբար բացասական գործընթացներն են առկա, ստեղծվեց այնպիսի տպավորություն, և դա ոչ մեր մեղքով, կարծես մենք միայն բացասական երևույթների դեմ էինք պայքարի ելել: Մեր ակցիաներն ու հստակ դիրքորոշումները չափազանց անհանգստացրեցին ՀՀ իշխանություններին ու Բեռլինի հայ դեսպանին, որը աննախադեպ պատերազմ հայտարարեց մեր դեմ, ընդհուպ մինչև Բեռլինում ՀՀ դեսպանության շենք իմ մուտքի արգելքը: Այս հարցում դեսպանն, իհարկե, իր խոստումը պահելու կարողությունը չունեցավ և չէր էլ կարող ունենալ, բայց նա կարողացավ մեր համայնքում իրեն աջակիցներ ձեռք բերել, առաջին հերթին ի դեմս բարձրաստիճան հոգևորականների: Պետություն-եկեղեցի հարցում այստեղ նույն հարաբերությունն է, ինչ հանրապետությունում է, ինչպես Մայր Աթոռը պետական ապարատի հետ միասնական է և որևէ քննադատական դիրքորոշում չի ցուցաբերում ժողովրդի ցավերի հարցում, այնպես էլ Գերմանահայոց Առաջնորդարանը երբեք չընդունեց մեր բողոքի ցույցը Բեռլինի մեր դեսպանատան առջև Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ կամ հանրապետությունում իշխող կործանիչ կոռուպցիայի դեմ մեր հստակ հարցադրումները ՀՀ դեսպանին և այլն: Մենք լավ ենք հասկանում, որ պետությունների, համայնքների և առհասարակ բոլոր հավաքականությունների կործանումը սկսվում է բարոյականության անկումից, ուստի ինչքան էլ, ում կողմից էլ ճնշումներ լինեն, մեր երկրի և համայնքի ներկան և ապագան մեզ համար մնալու են անսակարկելի արժեքներ և մենք մեր գաղափարներից ու գործից երբևէ ետ չենք կանգնելու:

Հարց. Սփյուռքը Հայաստանին օժանդակելու ի՞նչ ձևեր ու հնարավորություններ ունի:Որո՞նք են Ձեզ համար Հայաստանին օժանդակություն բերելու ամենաարդյունավետձևերը:

Ազատ Օրդուխանյան. Սփյուռքի ուժն ու հնարավորությունները երբևէ և որևէ ինստիտուտի կողմից հնարավոր չէ ամբողջությամբ հաշվարկել: Այն շատ մեծ է ու բազմաբնույթ: Ամբողջ հարցը մեխանիզմների մշակման ու գործող համակարգի ստեղծման մեջ է: Մեր հանրապետությանը օգնելու համար առաջին հերթին պետք է տեղում հաղթի արդարության և բարոյականության այն հեղափոխությունը, որը սկսել են մեր ըմբոստ երիտասարդներն ու մի փոքր, բայց վճռականություն ունեցող մտավորականներն ու ազատամարտի ազնիվ մնացած ներկայացուցիչները, որոնց պետք է գումարվեն սփյուռքյան թարմ ու լայնախոհ նոր ուժերը: Մեր փոքրիկ հանրապետությունում բարոյականության, սոցիալական արդարության, հայկական ու համամարդկային բարձր արժեքների համար սկսված ներկա հեղափոխության հաղթանակից հետո սփյուռքյան հսկայական զանգվածներ կմիանան նոր հանրապետության կերտման ու զարգացման գործին և կօժանդակեն բոլոր բնագավառներում, կներդնեն իրենց փորձառությունը, կապերն ու հնարավորությունները: Այդ հեղափոխության հաղթանակից հետո կփոխվի նաև հայկական սփյուռքի ներկա պատկերը, և այն թե´ ներհամայնքային, թե´ հանրապետությունում իրագործվող առաջընթացի գործում կկրկնապատկի իր հնարավորություններն ու մարդկային ռեսուրսները:

Հարց. Այսօր աշխարհի 10 երկրներում գործում են «Հայկական վերածնունդ» շարժման մասնաճյուղեր: Գիտեմ, որ ծանոթ եք այս շարժմանը: Ո՞րն է Ձեր կարծիքը դրագործունեության մասին և արդյոք համագործակցում ե՞ք շարժման ներկայացուցիչներիհետ:

Ազատ Օրդուխանյան. «Հայկական վերածնունդ» շարժման Գերմանիայի մասնաճյուղի բոլոր անդամներին լավ ճանաչում եմ, ճանաչում եմ նաև այլ երկրների մեր մյուս համայնքներում գործող «Հայկական վերածննդի» շատ անդամներին:  Բոլորն էլ սկզբունքային, ազնիվ ու շիտակ մարդիկ են: Վստահ եմ, որ այս կառույցի վերջնական կայացման գործընթացը արագ կավարտվի և այն իր արժանի ու կարևոր տեղը կգրավի մեր համայնքային և համահայկական ընդհանուր կյանքի բարենորոգման գործում: Նրանք մեր համայնքի քաղաքական կյանքի կազմակերպման գործում արդեն աչքի են ընկնում իրենց համարձակ մոտեցումներով, որոնք այս օրերին չափազանց անհրաժեշտ են բոլորիս:

Հարց. Ելնելով Ձեր ունեցած փորձառությունից՝ կնշե՞ք՝ որո՞նք են Սփյուռքում առկակարևորագույն հիմնախնդիրները այսօր:

Ազատ Օրդուխանյան. Կխոսեմ մեր համայնքի օրինակով: Մենք շարունակում ենք հիմնականում կառուցել այն համայնքային հաստատությունները, որոնք բերված են Արևելքի մեր գաղթօջախներից և փորձում ենք Եվրոպայի համար համարյա անհարիր այդ կառույցներով հայապահպանության ներկա դժվարին գործը քարոզել և իրականացնել: Նախ այսօր հայապահպանությունը բավարար չէ, դա եղածը պահպանել է նշանակում: Մեզ պետք է հայապահպանության կողքին հայազարգացմամբ և հայակերտմամբ զբաղվել, դուրս գալ ավանդական սփյուռքյան կարծրատիպերի դաշտից, որի համար անհրաժեշտ են հարյուր-հազարավոր, միլիոնավոր եվրոներ արժեցող համարյա կիսադատարկ եկեղեցիներ կառուցելու փոխարեն, դրամական միջոցներն ուղղել հայագիտական ամբիոններ, ֆակուլտետներ, գրադարան-արխիվներ, մշակույթի տներ, առնվազն գոնե մեկ կամերային նվագախումբ և մեկ լարային կամ փողային գործիքների քառյակ, հայ արվեստագետների մշտապես ցուցադրվող պատկերասրահներ, գոնե տարրական դասարաններով դպրոցներ, հայկական գիտահետազոտական ինստիտուտներ, տվյալ երկրի լեզվով, բայց հայկական կամ դրան մոտ թեմաներով հրատարակչական տներ, ֆիլմի ընկերություններ, տնտեսական ֆորումներ, ՀՀ արտադրության թեկուզ փոքր, բայց մշտական գործող ու նորացվող ցուցասրահներ, հայկական բանկ Եվրոպայում, իսկ զուտ համայնքների առումով` աստիճանաբար անցնել մասնագիտական սկզբունքով միությունների ստեղծմանը: Ես համոզված եմ, որ մեր համայնքներից շատերը Եվրոպայում ունեն այն անհրաժեշտ մարդկային և նյութական ներուժը, որը կկարողանա այստեղ անցնել վերոհիշյալ կենսական կառույցների ստեղծմանը և աստիճանաբար վերափոխել հայկական ներկա ոչ ցանկալի վիճակը: Դրա համար մեզ պետք է իրականացնել սփյուռքյան կոնցեպտների հեղափոխություն: Վերոհիշյալ հաստատությունների ստեղծումը և դրանցում մեր հայրենակիցների ընդգրկումը ինքստիքյան կբերի նոր մտածողություն և համայնքային ամբողջովին այլ առաջընթաց: Դա կնշանակի նաև իրական և լայնակի ինտեգրում գերմանական գիտա-մշակութային, սոցիալ-տնտեսական և քաղաքական իրականությանը: Այն և´ հայկական համայնքային և´ թե Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացման բնագավառում բացարձակ այլ որակ ու հզորություն կապահովի:

Հարց. «Հայկական վերածնունդը» համագործակցում է նաև «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության հետ, որն առաջ է քաշել Հայաստանում համակարգային փոփոխություններ իրականացնելու գաղափարը և ձեռնամուխ եղել այդ գործին: Ծանո՞թ եք Նախախորհրդարանի առաջարկած ծրագրին և արդյոք այս շարժման մեջ տեսնում ե՞ք այն ներուժը, որը կարող է բերել արմատական փոփոխություններ:

Ազատ Օրդուխանյան. Նախախորհրդարանի և Սարդարապատ շարժման ծրագրերին լավ ծանոթ եմ և համոզված ասում եմ, որ Նախախորհրդարանի և Սարդարապատի ծրագրերը առայժմ առաջարկվող ինձ ծանոթ բոլոր քաղաքական ծրագրերից ամենից համարձակը, ազնիվը, լրջորեն հիմնավորվածը և ամենակարևորը` հայկականն է:

 

Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930