ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի նախագահությամբ գումարվել է սույն թվականի սեպտեմբերի 2-ին նախարարի հրամանով ձևավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստը: Խորհրդի անդամներից բացի՝ նիստին մասնակցել են հասարակական կազմակերպությունների կողմից հրավիրված բնապահպան-փորձագետներ և նախարարության համապատասխան ոլորտների պատասխանատուներ:
Խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է օրակարգը, ինչը հաստատելուց հետո Խորհուրդը սկսել է քննարկել Արարատյան արտեզյան ջրավազանի ներկայիս իրավիճակի պատճառներին, բարելավման հնարավոր ուղիներին, ջրօգտագործման վճարների վերանայմանը, Արարատյան դաշտի արտեզյան ավազանի կառավարման պլանի մշակմանը վերաբերող հարցերը:
Շահագրգիռ քննարկում է ծավալվել նաև հանքարդյունաբերության հետևանքով առաջացած թափոնների համար վճարվելիք գումարների, Թեղուտում տեսչական ստուգումներ անցկացնելու, “Մեգո Գոլդ” ՍՊԸ-ի ներկայացրած Թուխմանուկի ոսկու հանքավայրի բնապահպանական փորձաքննական գործընթացի նախորդ և ընթացիկ փուլին առնչվող հարցերի շուրջ:
Քննարկվել է նաև վերամշակման այլընտրանքային տեխնոլոգիայի կիրառման միջոցով հանքերի պոչերի (թափոնների) կուտակումների վերացման միջոցով շրջակա միջավայրի մաքրության պահպանության խնդիրը:
Կարդացեք նաև
ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատուները մատուցել են վերոհիշյալ հարցի շուրջ հասարակության մոտ ծագած հարցերի պատասխանները, ներկայացրել ոլորտների ներկայիս վիճակը և խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող միջոցառումները:
Հասարակական խորհրդի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են խնդիրների լուծման սեփական առաջարկները և դիտարկումները:
Անդրադառնալով ՀՀ բնապահպանության նախարարության կողմից վարվող քաղաքականության հիմնական սկզբունքներին՝ նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ գերատեսչությունը հետևողականորեն շարժվում է խնդիրների լուծման ճանապարհով, այդ ընթացքում իրականացնելով օրենսդրական ու գործնական մի շարք քայլեր և այդ գործընթացում կարևորել է հասարակական կազմակերպությունների ակտիվ գործողությունները և պարբերաբար ներկայացվող առաջարկությունները:
Քանի որ ըստ Հասարակական խորհրդի աշխատակարգի նիստերում ընդունված որոշումներն ունեն խորհրդատվական ուժ, նիստի ընթացքում որոշում է ընդունվել ՀԿ ներկայացուցիչների կողմից հնչեցված առաջարկությունները նախարարությանը ներկայացնել գրավոր՝ դրանց համապատասխան իրավական ընթացք տալու համար:
Խորհրդի անդամները գոհունակություն են հայտնել արդյունավետ քննարկման համար և առաջարկել խորհրդի նիստերը հրավիրել հաճախ, քանի որ հասարակությանը հուզող բնապահպանական հարցերը շատ են:
ՀՀ բնապահպանության նախարարը կարևորել է հասարակական խորհրդի հարթակը ոչ միայն հասարակության լայն շերտերում առկա մտահոգությունները հնչեցնելու, այլև դրանց լուծման ուղղությամբ ՀԿ-ների կողմից կոնկրետ առաջարկություններ ներկայացնելու հնարավորության համար և իր շնորհակալությունն է հայտնել արդյունավետ ու օգտակար քննարկում ծավալելու համար:
ՀՀ բնապահպանության նախարարություն